Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է մեկուսացման մեջ․ Ալեք Ենիգոմշյան

Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է մեկուսացման մեջ․ Ալեք Ենիգոմշյան

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Սասնա ծռեր» ջոկատի անդամ Արեգ Կյուրեղյանի հայր Արմենակ Կյուրեղյանը հայտարարեց, որ երեկ ոչ մի գրոհ տեղի չի ունեցել, Պավել Մանուկյանը խնդրել է իրեն տրամադրել բժիշկ, սակայն գնդացրից նրա վրա կրակ է բացվել, Պավլիկի որդին տեսել է, փորձել հասնել օգնության, նրան էլ են վիրավորել։ Նա տեղեկացրեց, որ այդ տղաները չեն հանձնվել։



Իշխանությունները, ըստ Արմենակ Կյուրեղյանի, փորձում են անարյուն լուծել այդ հարցը։ Նա նկատեց, որ այդ գործողությունները միտումնավոր սրում են իրավիճակը, եւ քարոզչական պատերազմ է սկսվել սեփական ժողովրդի դեմ։



«Արդյոք ես գտնվում եմ Հայաստանու՞մ»,- հարցրեց Արմենակ Կյուրեղյանը։ Նա ասաց, որ, երբ ինքը իմացել է կրակոցների մասին, գնացել է Սարի թաղ, «Սասնա ծռերի» տղաները օգնություն են խնդրել տղաների համար։ Նրա դիտարկմամբ, սակայն, քարոզչությամբ փորձ է արվում խաթարել տղաների բարոյական կերպարը, մինչդեռ նրանք ասպետաբար ազատ են արձակել պատանդներին։



«Ինչպե՞ս պետք է մենք պատասխան տանք մեր սերունդներին»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը։



Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ նույնիսկ պատերազմի ժամանակ ադրբեջանցիները չեն դիմել նման գործողությունների։ Նա ասաց, որ տղաներն աներեր են։ Նա ասաց, որ սխալ է այն տեղեկատվությունը, թե տղաները պատանդ են վերցրել բժշկին, եւ որ չկա նման բան, դրանք հերյուրանքներ են։ Տղաներն, ըստ նրա, պահանջում են, որ ԱԺ պատգամավորները պահանջեն ոստիկանությունից, որպեսզի հանդիպեն տղաներին։ Բանակցություններն, ըստ նրա, կրել են իմիտացիոն բնույթ, վարչախմբի ներկայացուցիչները իրական բանակցություններ չեն վարել, խաբեությունը եւ ստոր գործելաոճը շարունակվում են այսօր։ Նա ասաց, որ երբ նկատել են սադրանքը, ցանկացել են ստուգել վարչախմբի մտադրությունները։ Ըստ նրա՝ վարչախումբը փորձել է սադրանքներ ստեղծել։
Այս պահին, ըստ նրա, Խորենացի փողոցում կա բժշկական հերթափոխ։ Արդեն չորրորդ օրն է, ինչ, ըստ նրա, չունեն սնունդ, կապ չկա, եւ այդ ամենը ստեղծվել է իշխանությունների կամայականության պատճառով։



Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ անցնում են երկրորդ փուլ․ առաջին փուլում լեգիտիմացվել է «Սասնա ծռեր» ջոկատի լեգիտիմացման փուլը, որի հետ է ժողովուրդը։
«Այսօր չկա մեկը, բացի ռեժիմից եւ իր մունետիկներից, որ չաջակցեն «Սասնա ծռեր»-ին»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։ Նա ասաց նաեւ, որ վարչախմբի դավադիր մոտեցումները ստիպում են փոխել նաեւ իրենց մարտավարությունը։ Նա կարծիք հայտնեց, որ եկել է ինքնադրսեւորման պահը, եւ բոլոր գործողությունները պետք է լինեն ներդաշնակ եւ համակարգված։



Ինչ վերաբերում է Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Հակոբյանի ճակատագրերին, ապա նա ասաց, որ չեն թողնելու վարչախմբի հույսին։



Բերման էր ենթարկվել նաեւ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն



Բարսեղյանը, որն այս պահին անհասանելի է։
Ալեք Ենիգոմշյանն ասաց նաեւ, որ երեկ տուն գնալու պահին ոստիկանները կալանավորել են եւ ատրճանակ են գցել Արմեն Միքայելյանի գրպանը։ Նա բացառեց, որ Արմեն Միքայելյանը կարող է զենք ունենալ, քանի որ անցած օրերին եղել է նրա հետ եւ նման բան չի տեսել նրա մոտ։



Նա հիշեցրեց, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին իրենց ոտքերին ստացել են գնդացրային կրակոցների վերքեր։



Այս ամենից հետո, ըստ նրա, «Սասնա ծռերը» տրամադրված չեն բանակցությունների։
«Հուլիսի 17-ից սկսած Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ չպետք է այ ամենն ավարտվի արյունահոսությամբ։ Նա առաջարկել է հանդիպել տղաների հետ, հետո առաջարկել է հանդիպել նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ, նստել քաղաքական բանակցությունների, որպեսզի այս իրավիճակից Հայաստանը դուրս գա դրական փոփոխություններով։ Մինչեւ երեկ իր փաստաբանի միջոցով Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է այս դիրքորոշումը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։ Նա հիշեցրեց, թե ինչպես են խախտվել բոլոր պայմանավորվածությունները մամուլի կետ ստեղծելու մասին, ինչպես է իշխանությունը դիմել ստոր դավադրությունների։ Հետագա քայլերը նա պատկերացնում է ժողովրդի մոբիլիզացիայով եւ քաղաքացիական անհնազանդությամբ։



Վիտալի Բալասանյանի՝ բանակցություններ վարելու փորձը, ըստ նրա, ձախողվեց Վիտալի Բալասանյանի պահվածքի պատճառով։ Նա չկարողացավ ասել, թե ով է համաձայնություն տվել, որ Վիտալի Բալասանյանից հետո բանագնացը լինի Աշոտ Մինասյանը։
Նա հերքեց այն տեղեկությունը, որ ջոկատի տղաներին սնունդ տրամադրած անձը եղել է ոստիկանության ներկայացուցիչը։



Ալեք Ենիգոմշյանը նկատեց, որ քաղաքական դաշտը Հայաստանում անդամալուծված է, եւ դա նորություն չէ։ Ըստ նրա՝ կան միայն հազվագյուտ ԱԺ պատգամավորներ, որոնք իրենց անունը չեն սեւացրել։



Ի՞նչ են անելու իրենք Սերժ Սարգսյանի հնարավոր հեռացման դեպքում։ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ պետք է ձեւավորվի վստահության կառավարություն։ Թե որն ոէ այս պահին Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը՝ Ալեք Ենիգոմշյանը դժվարացավ ասել, քանի որ նա գտնվում է մեկուսացման մեջ։