Փաստաբանը ՄԻՊ գրասենյակի աշխատանք չի տեսել, որ գնահատական տա

Փաստաբանը ՄԻՊ գրասենյակի աշխատանք չի տեսել, որ գնահատական տա

Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ Փաստաբանների պալատը, որպես առանձին միավոր, պետք է հստակ դիրքորոշում հայտնի Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, «քանի որ փաստաբանական գործունեությունն ինքնին իրավապաշտպան գործունեության տեսակ է»։



«Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր փաստաբան պարտավոր է այսօր հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորիկյանը։



Մեր հարցին` իսկ Մարդու վիրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքն այս օրերին ինչպե՞ս է գնահատում, պարոն Նորիկյանն ասաց. «Կներեք, ամպագոռգոռ թող չթվա, բայց ես պետք է աշխատանք տեսած լինեմ, որ կարողանամ գնահատական տալ»։



Ըստ նրա՝ այնքան աննշան է այդ գործունեությունը, որ հնարավորություն չի տալիս կենտրոնանալ գնահատականի վրա։



Դիտարկմանը, թե ասում են՝ ծանրաբեռնված և արտակարգ ռեժիմով են աշխատում, հայտարարություններ են տարածում, ահազանգեր են ստանում, Ն. Նորիկյանն ասաց. «Հայտարարություններ տարածելն ընդամենը իրավիճակին օպերատիվ արձագանքելու ամենամեղմ տարբերակն է։ Ես կարծում եմ, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանն առնվազն պետք է հանդիպած լիներ ՀՀ ոստիկանապետի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, գլխավոր դատախազի հետ, Քննչական կոմիտեի ղեկավարի հետ, այսինքն՝ ամբողջ դատաիրավական համակարգի բարձրագույն ներկայացուցիչների հետ՝ հստակ դնելով հետևյալ խնդիրը. Հայաստանը չունի այնպիսի ռեսուրս, որը հնարավորություն կտա տոտալ կերպով խախտել մարդու իրավունքները։ Հետևաբար ՄԻՊ առաքելությունը պետք է լիներ այն, որ ինքը պետք է անձամբ այդ սուբյեկտների առջև խնդիր դներ հնարավոր բոլոր գործողություններն իրականացնելու ՀՀ օրենսդրության շրջանակներոմ, որը հնարավորություն կտար ձեռնպահ մնալ ոչ իրավապահ գործողություններից»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ