Հայաստանը կունենա նոր «Սասնա ծռեր»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանը կունենա նոր «Սասնա ծռեր»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Տեւական լռությունից հետո այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։



«Այն ժամանակահատվածում, երբ մեր երկիրը գտնվում է ծայրահեղ ճգնաժամում, եւ դա վերաբերում է թե՛ իշխանական համակարգին, թե՛ պետության հեռանկարին։ Այն վիճակը, որ ստեղծվել է, աննախադեպ է։ Ունենք իշխանություն, որը կրում է երկնագույն փողկապներ, խոսում է խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունը նշանակում է հանցագործ կլան, որը ջարդում է լրագրողներին, խաղաղ ցուցարարներին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա հիշեցրեց, որ ճաղերի հետեւում են հայտնվել «Ժառանգություն« կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը։



Նա Հայաստանից մինչեւ Սփյուռք առաջարկում է բոլոր հայերին համերաշխություն ու զորակցություն ցուցաբերել բոլոր կալանավորված անձանց, որոնք դարձել են անկախ Հայաստանի նորագույն քաղբանտարկյալները՝ ՀՀԿ-ի փողկապավոր անդամների հրահանգով։ Նա ասաց, որ կանգնելու են քաղբանտարկյալների կողքին եւ առաջարկելու են իրենց լուծումները։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտնել են իրենց մտահոգությունը, ինքը նամակ է ուղարկել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, սեպտեմբերին էլ պատրաստվում է հանդիպել նրանց հետ։



Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատության մի չափաբաժին էլ ուղղեց Սփյուռքին, որը պետք է հանգիստ չնայի այս իրավիճակին։



Նա կրկնեց, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ՀՀ ոստիկանապետը պետք է ազատ արձակվի իր աշխատանքից, պետք է հասնել ՀՀ նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրությունների (Րաֆֆի Հովհաննիսյանը մոռացել է, ըստ երեւույթին, որ նոր սահմանադրությամբ ՀՀ նախագահի ընտրություններ չեն սպասվում)։ Նա հիշեցրեց, որ հիմա նժարի վրա է մեր պետականությունը։ Նա զգուշացրեց, որ եթե նորմալ քաղաքական գործընթացներով հնարավոր չէ հասնել փոփոխությունների, ապա կծնվեն նոր «Սասնա ծռեր»։ Նա ցավ հայտնեց, որ կորցրել ենք երկու ոստիկանի։ Րաֆֆի Հովհաննիսյանը գուժեց, որ եթե փոփոխություններ չլինեն, ապա մեր կորուստները չեն սահմանափակվի Թալիշով եւ 100 որդեկորույս մայրերով։