Ստուգումների արդյունքում բյուջեից փողեր են մսխվում, արդյունքը՝ զրո

Ստուգումների արդյունքում բյուջեից փողեր են մսխվում, արդյունքը՝ զրո

Գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը երեկ, ի պատասխան մեր հարցին, թե ինչ են տալիս այդքան հաճախացած ստուգումներն անտառին, դժգոհեց շարունակական ստուգումներից։ Նա կարծում է, որ դիսբալանս կա «Հայանտառի» պատասխանատվության եւ իրավունքների միջեւ, գումարած դրան՝ օրենսդրության մեջ էլ իրար հակասող կետեր կան, որոնք խոչընդոտում են լիարժեք վերահսկողություն իրականացնելուն։ Օրենսդրությամբ, անտառապահը տեսչական գործառույթ իրականացնելու իրավունք չունի, խախտում հայտնաբերելու դեպքում արձանագրություն չի կարող կազմել։ Միայն կարող է փաստը ֆիքսել եւ տեղյակ պահել տեսչական մարմնին, որը բնապահպանության նախարարության կազմում է։ Նախատեսում են օրենքը փոխել եւ նման գործառույթ վերապահել անտառապահին։ Ըստ նրա՝ ապօրինի անտառահատումների լիարժեք կանխումը հնարավոր չէ աշխարհի որեւէ երկրում, խոսքը ծավալների կրճատման մասին է։



Իսկ ինչո՞վ են զբաղված ստուգող կազմակերպությունները։ Մաթեւոսյանի կարծիքով՝ ստուգող, վերստուգող, հսկող կազմակերպությունների առատությունը ոչ թե բերում է ապօրինությունների նվազման, այլ, ճիշտ հակառակը՝ կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը։ Թեեւ վերջին շրջանում բավականին նվազել են բնապահպանական տեսչության ստուգումները, փոխարենը՝ այլ կառույցներ են սկսել հաճախ ստուգումներ անցկացնել։ «Օրինակ՝ ոստիկանությունը, բնապահպանական տեսչությունը՝ իր տարածքային ստորաբաժանումներով, անտառի մոնիտորինգը, բնապահպանական ՀԿ-ները։ Եվ նրանց պետք է հյուրասիրեն անտառտնտեսությունները, պահեն, ճամփու դնեն... Այսինքն՝ ստուգումների առատությունը, ստուգող կազմակերպությունների շատությունը չի բերում ապօրինությունների նվազման»։



Ստացվում է, որ բնապահպանական տեսուչներն ու մյուս ստուգողները գնում՝ մի քանի օր մտնում են այս կամ այն անտառտնտեսության վարչական տարածք, «Հայանտառի» միջոցների հաշվին կամ անձամբ հենց անտառապետերի հաշվին ապրում, ուտում-խմում, վերջում էլ, Աստված գիտի՝ ինչ խախտումներ են «հայտնաբերում»։ Արդյունքում՝ բյուջեից փողեր են ծախսվում ոչինչ չտվող աշխատանքի համար։



Օրինակ՝ որքանով մենք տեղեկացանք, բնապահպանական տեսչության ստուգումների ժամանակ մինչեւ տասը հոգանոց տեսչական խումբ է գործուղվում որեւէ մարզ, որտեղ պետք է մնան, ենթադրենք, տասը օր։ Ամեն օրվա համար խմբի յուրաքանչյուր անդամին բնապահպանության նախարարությունից տրամադրվում է 20 հազար դրամ՝ կեցության համար, եւ 8 հազար դրամ՝ սննդի։ Գումարած դրան՝ յուրաքանչյուր աշխատակից վերջում նաեւ արձակուրդային է ստանում, որը եւս զգալի գումար է կազմում։ Իսկ ի՞նչ են անում տեսուչները։ Նրանք իրենց օրվա սննդի եւ գիշերակացի համար հատկացված գումարը չեն ծախսում, քանի որ «Հայանտառը» հաճախ հայավարի, հաճախ՝ գուցե պարտադրանքով կամ այլ պատճառներով, իր վրա է վերցնում մայրաքաղաքից եկած հյուրերի մնալու եւ ուտելու ծախսերը։ Արդյունքում՝ տեսչական այդ խումբն իր գրպանն է դնում պետբյուջեից հատկացված գումարը, որը նախատեսված էր գործուղման ծախսերի համար։ Դրանից զատ, իրենք նաեւ արձակուրդային են ստանում, որը, սովորաբար, վարչապետի հակակոռուպցիոն ռազմավարության տրամաբանությանը խիստ հակառակ, բաժանվում է մի քանի մասի։ Այսինքն՝ տեսչական ստուգումները փող լվանալու մի հիանալի մեխանիզմ են ապահովում մեր մանր ու միջին չինովնիկների համար։ Ստացվում է, որ պետբյուջեից կրկնակի գումար է մսխվում ինչ-որ անիմաստ եւ ոչ մի օգուտ չտվող մի բանի՝ տեսչական ստուգումների վրա։ Այսինքն՝ թե՛ գյուղնախարարության ենթակա ՊՈԱԿ-ի միջոցներն են վատնվում, թե՛ բնապահպանության նախարարության։ Սրա հիմնական արդյունքը լինում է այն, որ շահում են բոլորը, տուժում են անտառն ու պետությունը։ Եվ զարմանալի է, որ անգամ «Հայանտառի» տնօրենն է այս մասին խոստովանում, որ տեսչական եւ վերահսկողական տարատեսակ ստուգումներն անիմաստ են։ Առհասարակ, այս ամենից եզրակացությունն այն է, որ պետական գերատեսչություններն իրենց վերապահված գործառույթներով եւ օրենսդրությամբ ոչ թե փոխլրացնում, այլ խանգարում եւ վնասում են միմյանց՝ ծախսելով պետական միջոցներ եւ հարկատուներիս վճարած գումարները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ