Ժամկետի առումով խնդիր ունեն, հազիվ թե հասցնեն

Ժամկետի առումով խնդիր ունեն, հազիվ թե հասցնեն

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե իր՝ բանտից դուրս գալուց հետո, հնարավո՞ր է «Ժառանգությունն» ամեն դեպքում մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին։



«Դե, ժամկետի խնդիր կա, համ էլ մինչև հիմա դեռ չենք հասցրել քննարկել, Հովսեփին երեկ չէ առաջին օրն են ազատ արձակել, երբ որ քննարկենք, արդեն լրիվ վերջնական պարզ կլինի։ Բայց այստեղ ժամկետի խնդիր է առաջանում այն պարզ տրամաբանությամբ, որ նախապատրաստական-կազմակերպչական լիքը գործ պիտի արվեր, որը չի արվել»,-ասաց նա։



-Այսինքն՝ այն պատճառաբանությունը, որ Դուք և «Ժառանգության» այլ ակտիվ անդամներ կալանավորված են, դրա համար չեք մասնակցի ընտրություններին, պահպանվու՞մ է, և դա՞ է հիմնական խնդիրը։



-Դա ոչ միայն ուղղակի պատճառաբանություն են բերել, այլ էդ բանակցություններ և այլն դեռ մի քանի ամիս առաջ ես եմ սկսել տանել։ Այսինքն՝ էն բոլոր պայմանավորվածությունները, որ նախնական եղել են, այն հիմնական աշխատանքները, որ կային ու պետք է շարունակվեին, ըստ էության՝ ինձ բռնելով կանգնեցվել են։



-Հիմա վերսկվելու հավանականությունը որքա՞ն է, որ գոնե հոկտեմբերի 2-ի ընտրություններին մասնակցեք։



-Ժամկետի առումով արդեն, ոնց որ թե, չի լինի։



-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին «Ժառանգությունից» որևէ ձևաչափով մասնակցություն չի լինի։



-Վերջնական որևէ բան չասեմ, էս պահի դրությամբ՝ ամենահավանականն է։



-Իսկ Հանձնաժողովի անդամների տեղերը պահպանվու՞մ են, թե՞ կարող է այլ կուսակցությունների տրամադրեք։



-Չէ, պահպանվում են, որևէ մեկին չենք տրամադրելու։ Ինչի մեր հանձնաժողովականները կարո՞ղ է իրենց հանձնաժողովականներից վատ են աշխատում։



-Պարզապես գուցե համագործակցեք որևէ ուժի հետ, կամ խնդրեն ձեզ՝ աջակցել այդ հարցով իրենց։



-Դե, եթե ինչ-որ բան ուզենան, խնդիր չունենք, մենք միշտ համագործակցող ենք։



-Ուղղակի խոսակցություն կար, որ կարող է «Ժառանգությունը» ծախի իր հանձնաժողովականների տեղերը։



-Դա ընդհանրապես ասում են այն մարդիկ, ովքեր էդ ծախվելուն շատ հեշտ սովոր են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ