Թուրքիան վերջնագիր է ներկայացրել սիրիացի քրդերին

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել սիրիացի քրդերին

Սիրիացի քրդերի ուժերը կդառնան թուրքական զինուժի գործողության թիրախ, եթե չնահանջեն Եփրատից դեպի արևելք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:



Անկարայում տեղի ունեցած մամլո աուլիսում նա ընդգծել է, որ Ջարաբլուսի ուղղությամբ գործողության գլխավոր նպատակը տարածաշրջանը «Իսլամական պետոււթյուն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մաքրելն է:



«ԻՊ-ին հաղթել օդային հարձակումներով հնարավոր չէ: Մենք դա կարող ենք անել ցամաքային գործողությունների շնորհիվ: Մեզ աջակցում է տեղի բնակչությունը: Այդ հողերի վրա պետք է ապրեն նրանք, ովքեր նախկինում են ապրել: Բայց սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի նպատակն այլ է, նրանք տեղի բնակչությանը ստիպում են լքել իրենց տները, զբաղված են էթնիկական զտումներով»,- հայտարարել է Չավուշօղլուն:



Ավելի վաղ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քաղաքական թևը, որի հիմքն են կազմում քրդերը, հայտարարել էր թուրքական օդուժի վերջին ռմբակոծությունների արդյունքում Ջարաբլուս քաղաքից հարավ15 խաղաղ բնակչի զոհվելու մասին: Անկարան հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ Թուրքիան բավականին զգայուն վերաբերմունք է դրսևորում այդ հարցում և անում է ամեն ինչ՝ քաղաքացիական բնակչության ապահովության համար: