«Առավոտ». Բողոքելն ու նվնվալը՝ մշակույթի անբաժան մաս

«Առավոտ». Բողոքելն ու նվնվալը՝ մշակույթի անբաժան մաս

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Իմ ողջ լրագրողական գործունեության ընթացքում ես Հայաստանում գրեթե չեմ տեսել որևէ մարդու, որն ինձ հանդիպելիս ասի, որ նա գոհ է իր վիճակից, ուրախ է, որ իր կյանքը հենց այդպես է դասավորվել, որ ունի հետաքրքիր աշխատանք, դրանից բավականություն է ստանում, և դրա դիմաց իրեն տրվում է բավարար աշխատավարձ։ (Ես, օրինակ, դա կարող եմ պնդել, բայց այս հարցում նույնպես չնչին փոքրամասնության մեջ եմ)։ 25 տարի շարունակ խոսակցության գլխավոր թեման է սեփական խղճուկ նյութական վիճակը (այդ թվում՝ մարդկանց, որոնց «ռեսուրսները» էապես գերազանցում են իմ հնարավորություններին), որից սահուն անցում է կատարվում իշխանությունների ապօրինի հարստությանը, իսկ այնուհետև՝ «էս երկրի» ու «էս ազգի» հասցեին բավականին տհաճ բնութագրերին։ Իշխանությունները փոխվում են, իսկ մենախոսությունների թեման մնում է նույնը։ Վստահ եմ, որ կես տարուց էլ այս առումով ոչ մի բան չի փոխվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին լինելու։

Բացի օբյեկտիվ հիմքերից՝ դա, կարծում եմ, նաև մշակույթի մի մասն է, որը ձևավորվել է Հայաստանում դեռևս բրեժնևյան ժամանակներից։ Այդ շրջանում էլ, թեև լրագրող չէի, աջից և ձախից լսում էի գրեթե նույն զրույցները՝ այսինչ ցեխավիկը, պահեստապետը կամ դատախազը «այսքան փող է առնում», այնինչը՝ այնքան»,–գրում է թերթի խմբագիրը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։