Ով կհաջորդի Քարիմովին, արդյոք սկսվել են գահակալական պայքարն ու ինտրիգները Ուզբեկստանում

Ով կհաջորդի Քարիմովին, արդյոք սկսվել են գահակալական պայքարն ու ինտրիգները Ուզբեկստանում

Հակասական տեղեկությունները Ուզբեկստանի նախագահի ողջ կամ մեռած լինելու հետ կապված մի կողմից, եւ պաշտոնական տեղեկատվության սակավությունը մյուս կողմից բավական լուրջ հիմքեր են տալիս, որ միջինասիական այս երկրում լիովին հնարավոր է սկսվեն ներքին գահակալական կռիվներ եւ ինտրիգներ:



Հիշեցնենք, որ Ուզբեկստանի առաջին եւ միակ նախագահը դեռ օգոստոսի 27-ին, ըստ ունեցած տեղեկությունների՝ ուղեղի կաթված էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Ապա արդեն Քարիմովի դուստրը` Լոլան հայտարարեց պաշտոնապես որ հոր մոտ առկա է ուղեղի արյունազեղում:



Օգոստոսի 29-ին «Ֆերգանա» լրատվական գործակալության հաղորդումից հայտնի դարձավ, որ տեղական ժամանակով կեսօորից անց ժամը երեքին Քարիմովը մահացել է: Պաշտոնական Տաշքենդը հերքեց մահվան լուրը: «Ֆերգանա» գործակալությունը պահանջեց ցուցադրել Քարիմովին կամ հրապարակել վերջինիս բժշկական եզրակացությունը: REGNUM-ն էլ հայտնեց, որ օգոստոսի 29-ին ձերբակալվել է երկրի փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը:



Մինչ այս, ռուսական РИА Новости-ն եւ «Ինտերֆաքսը» հանդես եկան Քարիմովի մահվան մասին լուրերի հերքմամբ՝ հայտարարելով, որ Քարիմովը չի մահացել, գտնվում է հիվանդանոցում, եւ վիճակը կայուն է, թեեւ՝ ծանր:



Ազիմովը երկրի փոխվարչապետն է 2000 թվականից եւ ղեկավարում է կառավարության տնտեսական բլոկը: Ըստ տեղեկությունների՝ նրան տնային կալանքի տակ են առել: Այս ձերբակալությունը քաղաքագետներին հիմք է տվել մտածելու, որ Տաշքենդում սկսվել են գահակալական կռիվները, քանի որ Ազիմովը համարվում էր Քարիմովի գահաժառանգներից մեկը:



78-ամյա Քարմովը հետխորհրդային տարածքի ամենից երկարակյաց ղեկավարներից է: Վերջինիս իրավահաջորդի կամ գահաժառանգի մասին խոսակցությունները, սակայն վաղուց էին շրջանառվում՝ կապված Քարիմովի առողջական վիճակի վատացման հետ, թեեւ պաշտոնապես չէր հաստատվում, որ զառամյալ նախագահն ունի առողջական խնդիրներ: Կարելի է ասել՝ Քարիմովի հոսպիտալացման լուրը նույնիսկ անակնկալ էր Տաշքենդի համար:



Քարիմովն ունի երեք զավակ` մեկ որդի առաջին ամուսնությունից եւ երկու դուստր ներկայիս կնոջից: Ավագ դուստրը` Գյուլնարան սկսած 2008-ից համարվում էր հոր գահաժառանգը: 2010-2012 թթ վերջինս ներկայացնում էր Ուզբեկստանը Իսպանիայում, սակայն 2013-ին սկսվում են նրա խնդիրները հոր հետ եւ նա հեռացվում է քաղաքականությունից, եւ, ըստ լուրերի, պահվում տնային կալանքի տակ: Այն ժամանակ լուրեր պտտվեցին, թե Գյուլանարան հեղաշրջում էր կազմակերպել, որը բացահայտվել էր:



Գյուլնարայի գահավիժումից հետո որպես գահաժառանգ սկսեց ընկալվել կրտսեր դուստրը` Լոլան: Վերջինս եւս իր քաղաքական կարիերան սկսեց դիվանագիտությամբ: Լոլան հանդիսանում է Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչը ՅՈՒՆԷՍԿՕ-ում: 2013-ին հարցազրույց տալով ВВС-ին` վերջինս հայտարարեց, որ արդեն տասներկու տարի կապ չունի քրոջ` Գյուլանարայի հետ: Հենց Լոլան հայտնեց հոր առողջական վիճակի վատացման եւ հիվանդության մասին:



Հնարավոր գահաժառանգների ցանկը, սակայն, չի սահմանափակվում միայն Քարիմովներով: Որպես հնարավոր իրավահաջորդ նկատվում են նաեւ երկրի ներկայիս վարչապետ Շավկատ Միրզյաեւը եւ Ուզբեկստանի ԱԱԾ ղեկավար Ռուստամ Ինոյատովը: Քաղաքագետները խաղադրույքը կատարում Միրզյաեւի վրա, քանի որ Ինոյատովն արդեն ծեր է` 72 տարեկան եւ ունի առողջական խնդիրներ, մինչդեռ վարչապետն ունի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները իշխանությունը վերցնելու: Ուբեկստանում խոսում են, որ Միրզյաեւն ու Ինոյատովն իրականում գաղտնի դաշնակիցներ են եւ կարող են սկզբի համար իրար մեջ բաժանել Ուզբեկստանի հարստությունները:



Թե ով կկարողանա վերցնել իշխանությունը, ասելը այս պահին բարդ է, սակայն պարզ է, որ պայքարն հանուն իշխանության, կսրվի անպայման:



REGNUM գործակալություն
Թարգմանությունը` Արման Գրիգորյանի