Սուրբ Աթոռն ու Մոսկվայի պատրիարքությունը խորացնում են հարաբերությունները

Սուրբ Աթոռն ու Մոսկվայի պատրիարքությունը խորացնում են հարաբերությունները

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի` Հավանայի պատմական հանդիպումից հետո երկու եկեղեցական կենտրոնների միջեւ հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են: Արդեն այս ամառվանից Մոսկվայում սկսել է գործել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Ամռային դպրոցը կաթոլիկ եկեղեցականների եւ աշխարհականների համար, ովքեր լինելով Պապական համալսարանների ուսանողներ եւ ժամանելով Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից եւ Ռումինիայից մասնակցելու են ամառային դասընթացների մինչ սեպտեմբերի չորսը որոնք անցկացվում են Մոսկվայի Պատրիարքությանը կից Համա-Եկեղեցական ասպիրանտուրայի հետ համատեղ գլխավորությամբ ասպիրանտուրայի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւի: Ամառային այս դպրոցն հետաքրքրական է երկու Եկեղեցիների հարաբերություններում նկատվող ջերմացման ֆոնին:



Միջեկեղեցական հարաբերությունների տեսանկյունից Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժերը հնարավոր են միայն ուղղահայց հանդիպումների, այսինքն եկեղեցապետների անձնական հանդիպումների արդյունքում, քանի որ ուղղափառ մտածողության համար, հատկապես, եթե վերջինիս պահպանողական մասին ենք անդրադառնում, մեղմ ասած անհասկանալի են, եթե չասենք անընդունելի եւ ըմբոստացման առիթ նման շփումներն ու միջեկեղեցական հարաբերություններն ու երկխոսությունն առհասարակ: Ուշագրավն այն է, որ ծրագրի ամենից կարեւոր բաղադրիչներից մեկը Ավետարանի քարոզչության նորացումն է, եւ քարոզչական մոտեցումների փոխհամաձայնեցումը: Այսինքն թե Ամառային դպրոցը քրիստոնյաներին Ավետարանի նորովի քարոզչություն իրականացնելու հմտություններ է փոխանցում մասնակիցներին: Այս մասին բավական ընդարձակ կերպով խոսվել է նաեւ Սալոնիկի Միջքրիստոնեական սիմպոզիումի ժամանակ, որը նախաձեռնվել էր Ֆրանցիսկյան միաբանության կողմից` Պապական Անտոնյան համալսարանի հովանու ներքո: Ավետարանի նորովի քարոզչությունը կարեւորել է նաեւ Սրբազան Քահանայապետը, ով հատուկ ուղերձով դիմել է Սալոնիկի սիմպոզիումին, որտեղ մասնավորապես ասել է` “շատերն ապրում են այնպես, կարծես Աստված գոյություն չունի եւ չեն գիտակցում հավատքի ստացման շնորհը, չեն զգում այն մխիթարությունը, որ պարգեւում է քրիստոնեական լիակատար եւ լիարժեք համայնական կյանքը, որոնց համար էլ հենց պետք է կրկին քրիստոնեություն քարոզել Եվրոպայում”:
Հենց այս խնդիրն է դրված նաեւ Մոսկվայի Ամառային դպրոցի ուսուցման հիմքում որը երկու ավանդական քրիստոնեական Եկեղեցիները համարում են իրենց առաքելության առաջնահերթությունը: