Իրապատումներ

Իրապատումներ

Բո՛ւմ, բո՛ւմ…



Մի առիթով նախարար Գեւորգ Հայրյանը կինոռեժիսոր Յուրի Երզնկյանին հարցրեց.



- Յուրա՛, ինչպե՞ս են ընթանում նոր ֆիլմիդ նկարահանման աշխատանքները…
Երզնկյանը, որ նկարահանում էր պատերազմական թեմայով, միանգամից ոգեւորվեց ու սկսեց ձեռքերի շարժումներով հերթական տեսարանը ներկայացնել:



- Գեւորգ Արմենակովիչ, տանկերը գալիս են ու՝ բո՛ւմ, բո՛ւմ… Հետո թնդանոթներով՝ բո՛ւմ, բո՛ւմ…



Ու երկու ձեռքերն սկսեց ավելի մոտեցնել իրար՝ կրակակետային տպավորություն թողնելու համար:



Մեկ էլ Հայրյանն իրեն հատուկ հումորով վրա բերեց.
-



Յուրա՛, էդ բումբումների հետ շատ հույսեր մի՛ կապիր…



Կամրջի այդ մասը մերը չէ…



1968 թվականն է… Աշխատում եմ երիտասարդական «Ավանգարդ» թերթի խմբագրության «Բուհական կյանք» բաժնում…



Հեռախոսազանգ, կանացի ողբալի մի ձայն դիմում է ինձ.



- Աղջի՜կս… Աղջի՜կս մի քանի ժամ առաջ իրեն Կիեւյան կամրջից գցել է… 26 կոմիսարների շրջանի միլբաժինն ասում է, թե կամրջի այդ հատվածը մերը չէ, այլ Շահումյանի շրջանինը, Շահումյանի շրջանն էլ, թե՝ մեր տարածքը չէ, այլ 26-ինն է…



- Ի՜նչ, ի՜նչ,- գոռում եմ ես…



Հեռախոսը վայր եմ գցում… Լսվում է՝ տու…տու…



Ժենյան, ամենահաս Ժենյան, որ կողքի սենյակից լսում է խոսակցությունը, անմիջապես ինձ մոտ է հայտնվում:



- Ի՞նչ, ի՞նչ է պատահել…



Ասում եմ, որ նման հեռախոսազանգ եղավ։
Ժենյան անմիջապես զանգահարում է 26-ի շրջանի միլպետին՝ փոխգնդապետ Սամվել Ցուցուլյանին, եւ հուզված ներկայացնում փաստը…
Մի քանի րոպեից խմբագրություն է զանգում Ցուցուլյանը եւ զեկուցում, որ նման դեպք Երեւանում չի գրանցվել։



Պարզվում է, որ կնոջ ձայնով խմբագրության դիմացի կրպակի հեռախոսախցիկից զանգողը (այս ամենին հանգիստ հետեւող) նամակների բաժնի վարիչ Ռադիկ Խալաթյանն է։



Մարդ կա՝ երկիրն է քանդում, մարդ էլ կա…



1994 թվականի խստաշունչ, ցուրտ ու մղձավանջային ձմեռն է…
Հայաստանի մշակույթի նախարարության շենքի 5-րդ եւ 6-րդ հարկում 2 սենյակ զբաղեցնող «Գեղարվեստի» խմբագրատան գլխին նույնպես սեւ ամպեր են կուտակվում…
ՀՀՇ-ի կողմից նորանշանակ փոխնախարարը, ազգանունը չեմ ուզում հիշել՝ սեւ մորուքով մի երիտասարդ, ինձ հանգամանալից բացատրում է, թե՝ «Գիտենք ձեր վաստակը մեր մշակութային կյանքում: Ես գիտեմ, որ դուք եք հիմնադրել թե՛ «Ֆիլմ» եւ թե՛ «Գեղարվեստ» թերթերը, բայց… Ժամանակները փոխվել են, այդ սենյակները մեզ պետք են… Եթե ուզում եք «Գեղարվեստը» հրատարակել, ձեր տանն էլ կարող եք հրատարակել: Միեւնույն է, ձեզ փող չենք տալու` նախագահի հրահանգն է: Չհանձնելու վարիանտ չկա, վերեւից են ասում…»:



Իմիջիայլոց ասեմ, որ մի որոշ ժամանակ անց այդ տարածքը վարձով տրվեց։
Հավաքելով անձնական իրերս եւ թերթերից մեկական համար՝ գալիս եմ տուն… Մտքերիս հետ եմ… Տալիս-առնում եմ, ճիշտն ու սխալը չեմ հասկանում, բայց մեխանիկորեն անձնական արխիվս հավաքում եմ… Կարճ ասած՝ իրերս կապկպում եմ, որ Հայաստանից գնամ…



Հեռախոսազանգ: Արամայիս Սահակյանն է: Ոզնիական տոնով ինձնից խնդրում է, որ Մհեր Մկրտչյանից մի լուսանկար տամ։
Ասում եմ՝ Արամայիս ջան, արխիվս հավաքել եմ, չեմ ուզում քանդել: Ասում է.



- Այ Ռոբերտ, մարդ կա՝ երկիրն է քանդում, դու արխիվդ չես ուզում քանդել։



Օճառը դեռ չի մաքրվել



Հայաստանի Հանրապետության անկախության 2-րդ տարեդարձն է: Ատոմակայան ունեցող հանրապետությունը մթությամբ է ողողված…



Մհեր Մկրտչյանը, եղբայրը՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ ես Մհերի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ գտնվող մեկսենյականոց բնակարանում մոմի լույսի տակ թեթեւ ըմպում ու զրուցում ենք դեսից-դենից։ Մի գորշ ու աննկարագրելի տագնապ կա բոլորիս մեջ։ Մեկը մյուսի հետեւից քանդվում են արվեստի օջախները, մարդիկ հեռանում են Հայաստանից եւ այլն, եւ այլն: Մեկ էլ, ով հրաշք, էլեկտրալամպը վառվում է: Մհերը գոռալով՝ «վերակենդանանում է» ու մոտենում տաք ջրի ծորակին: Իսկապես, մի քանի րոպե հետո տաք ջուրը գալիս է:



- Է՜հ, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար,- ասում է Մհերը:- Տղե՛րք, մի քանի րոպե համբերեք, ես մտա լոգարան։
Մեկ էլ հոմերական ձայնով գոռում է.



- Ա՛յ, շա՜տ ապրես, Խաչիկ Ստամբոլցյան, ապրե՛ս, Խաչի՜կ Ստամբոլցյան:
Խաչիկը կարծես ՀՀՇ-ի սիմվոլն էր: Չանցած մի քանի րոպե՝ լույսերը հանգչում են, ու տաք ջուրը կտրվում: Մհերի օրհնանքը վայրկենապես փոխվում է աշխարհիս երեսին եղած տնական հայհոյանքների… Հո չի՜ գոռում, հո չի՜ գոռում։



- Խաչիկ Ստամբոլցյա՛ն, ես քո՛… Խաչիկ Ստամբոլցյա՛ն, ես քո՛…



Ալբերտն ու ես օգնում ենք, որ մարմինն ու երեսն օճառած Մհերը դուրս գա… Ալբերտն արագ-արագ սրբում է, իսկ ես զանգում եմ Թամար Հովհաննիսյանին, որը ոչ հեռու էր ապրում: Թամարն ասում է, որ իրենք դեռ հոսանք ունեն, երեխային լողացնելու համար ջուր է տաքացրել։ Գնում եմ բերելու: Երկու դույլ տաք ջուր ենք բերում: Թամարի օգնությամբ Մհերի վրայից օճառը մաքրվում է:



Նստում ենք ու մեր կախյալ անկախության կենացն ենք խմում, մտաբերում Խաչիկին ու մյուսներին։



Մինչեւ հիմա ինձ թվում է, թե օճառը դեռ չի մաքրվել։



Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ