Երանի նրանց, որ էս կյանքից դուրս գալով էս կյանքի մեջ են նորովի մտնում

Երանի նրանց, որ էս կյանքից դուրս գալով էս կյանքի մեջ են նորովի մտնում

Այսօր բանաստեղծ, գիտնական, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգստին ներկա էր քաղաքական, մշակութային էլիտան։ Նրանցից միայն քչերը, սակայն, համաձայնեցին իրենց խոսքը ասել Հրաչի մասին. ընկերոջ, բարեկամի, մտերիմ մարդու անժամանակ կորուստը կարծես խեղդում էր ասելիքը։



Գրականագետ, բանաստեղծ, ԵՊՀ դասախոս Հենրիկ Էդոյանն ասաց. «Կորցրեցինք բացառիկ մի մարդու, օժտված, տաղանդավոր բոլոր տեսակետներից՝ իբրեւ գիտնական, բանաստեղծ, խորապես դաստիարակված, աշխարհընկալում ունեցող մշակութային անձնավորության։ Այդպիսի մարդ էր Հրաչյա Թամրազյանը։ Ես նրան հիշում եմ երիտասարդ տարիներից, իմ առաջին ուսանողներից էր, միշտ զարմանում էի նրա համեստության վրա։ Երբ նա խոսում էր, խոսում էր կաշկանդվելով, այնքան մեծ էր ներքին պատասխանատվությունը։ Իրեն այդքան պատասխանատու էր զգում, մեծ իմացության տեր էր։ Նրա տեղը բաց կմնա մինչեւ վերջ։ Այդպիսի անձնավորություն լինելը դժվար է, երբեմն մենք դժվարանում ենք մարդուն ասել՝ մենք սիրում ենք քեզ։ Մի կողմից նրա սքանչելի գործերը, հրաշալի բանաստեղծությունները, ստանդարտից դուրս գտնվող աշխատանքները, բայց ինքը չկա։ Ես ցավում եմ այն բանի համար, որ ինքը չկա»։
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը թեեւ շատ չի շփվել Հրաչյա Թամրազյանի հետ, սակայն կարծում է, որ քիչ հանդիպումներն էլ նրա հետ տպավորիչ էին։



«Բարի, առինքնող, հանդարտ մարդ էր, տեսակ, որը չկա։ Ես երբ պատկերացնում էի արքայական, իշխանական տոհմերի ներկայացուցիչներին, միշտ իր տեսքով եմ պատկերացրել»,- ասաց գրականագետը։



Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը նշում է. «Մեր կյանքում տեսակները վերանում են։ Իսկ Հրաչյա Թամրազյանն իսկապես տեսակ էր՝ իր նիստուկացով, վարքուբարքով, կենցաղով, իր մտածողությամբ, գրականության նկատմամբ իր վերաբերմունքով։ Նա առանձնահատուկ բարձր տեսակ էր։ Իր կեպարը բազմաթիվ դրսեւորումներ ունի, առաջին հերթին ինձ համար ամենաանուրանալին, անփոխարինելին, արժեքավորն, իհարկե, բանաստեղծի իր կերպարն է։ Մեր ժամանակներում չափանիշները շատ խառնիխուռն են, խախտված են։ Մենք կարծես թե խարխլել ենք գնահատելու մայրուղային մեր պատկերացումները։ Հետո կհասկանանք, թե ով ինչ է արել, ինչ կերպ է արել։ Ես այդ իմաստով Հրաչյա Թամրազյանի դերը բարձր եմ գնահատում երկու իմաստով՝ ինքը շատ գրագետ մարդ էր էն իմաստով, որ իր արվեստի անցյալի բոլոր դրսեւորումները գիտեր, տեղյակ էր բանաստեղծությանը։ Բայց բանաստեղծությանը տեղյակ կարող են լինել շատ պրոֆեսորներ, դոկտորներ։ Հրաչյա Թամրազյանի մյուս առավելությունն այն էր, որ ինքը համաշխարհային գրականությանը տեղյակ էր որպես հայոց լեզվի, հայարենի ծառա։ Ինքն իր ողջ իմացությունը ներկրում էր հայերենի մեջ՝ արտամղում էր դրա մեջ, մի խոսքով՝ լեզվով էր անում, լեզվի համար էր անում։ Բանաստեղծն ավելի բարձր բանի չի կարող հասնել, քան լեզուն։ Ես կարծում եմ, որ ժամանակակից հայ բանաստեղծության մեջ Հրաչյա Թամրազյանի հայերենը առանձին հայերեն է, առանձին բանաստեղծություն է, առանձին լեզու է։ Ինչ վերաբերում է իր գիտական կամ հասարակական գործունեությանը, ապա դրանք բոլորը մարդու արտազեղումներն են, արտաճառագայթումները։ Եթե մարդը մարդ է, ինչ իմաստ որ մենք դնում ենք այդ բառի մեջ, ապա ինձ համար միեւնույնն է, նա բանաստեղծություն կգրի, թե կոշկակարություն կանի։ Այս իմաստով վերջին տարիներին Մատենադարանն ուղղակի ծաղկեց, բարգավաճեց, լցվեց գրագետ մարդկանցով, մեր հին գրականությունը, մատենագրությունը դրվեցին ժամանակակից գիտության նոր ասպեկտների մեջ։ Սա իր նախաձեռնությունն էր, իր էնտուզիազմի արդյունքը։ Վերջին տարիներին մենք շատ ընկերներ կորցրեցինք, ես մահվանը թեթեւ եմ նայում, բոլորս էլ մահկանացու ենք, բայց երանի նրանց, որ էս կյանքից դուրս գալով էս կյանքի մեջ են նորովի մտնում»։



Մատենադարանից Արծրունի Սահակյանը հիշում է, որ Հրաչյա Թամրազյանը որպես գիտնական, բանաստեղծ, թարգմանիչ արդեն մեծ վաստակի տեր էր, բայց բոլորի համար հայտնություն էր, որ նա դարձավ գիտության գործի կազմակերպիչը. «Բազմաշնորհ լինելով՝ նա կարողացավ Մատենադարանին նոր շունչ, նոր կյանք հաղորդել, բազմաթիվ երիտասարդ մասնագետների հրավիրեց, ներգրավեց հետազոտական աշխատանքների մեջ։ Նա մեծ ծավալի աշխատանքների հիմքը դրեց Մատենադարանում, եւ այդ աշխատանքները մեծ հեռանկարում խոստանում էին նշանավոր արդյունքներ, որոնց մի զգալի մասին ինքը հասավ։ Իր օրոք մենք ունեցանք այդ արդյունքները։ Երբեք Մատենադարանն այդքան բազմաթիվ կոլեկտիվ չի եղել։ Մատենադարանը լիարժեք ձեւով ամենաաշխույժ կոլեկտիվներից մեկն էր Հրաչյա Թամրազյանի շնորհիվ։ Նա կարճ կառավարեց, բայց երկար, ընդմիշտ ձուլվեց Մատենադարանի պատմությանը, ընդմիշտ միացավ Մատենադարանի անմահ երախտավորներին եւ ճիշտ կլինի ասելը՝ քանի կա Մատենադարանը, այնքան կմնա Հրաչյա Թամրազյանը։ Քանի կա հայ ժողովուրդը, այնքան կմնա Մատենադարանը։ Հետեւաբար Հրաչյա Թամարզյանը միացավ Մատենադարանի, հայ ժողովրդի լինելիության հարատեւ ընթացքին»։



Թագուհի Հակոբյան