Բարև, հարգելի ԳԱԻ

Բարև, հարգելի ԳԱԻ

Դիմում եմ ԳԱԻ-ին, որովհետև չգիտեմ, թե ԳԱԻ-ից անձամբ ում խելքին է փչել Աճառյան-Ծարավ Աղբյուրի փողոցների հատման վայրում Սևանից եկող հոսքի համար տեղադրված շրջադարձի նշանը հանել և տվել միայն ուղիղ: Գոնե գիտե՞ն ինչ են արել մեր գայիշնիկները: 5-6 շենքի բնակիչների, թիվ 104 դպրոցի աշակերտներին դպրոց բերող ծնողներին արգելել են մտնել բակ, եթե նրանք գալիս են Աղի հանքից կամ Ավանից՝ Բաբաջանյան փողոցով:



Հանուն ճշմարտության ասեմ, որ նախկինում էլ այդտեղ շրջադարձ չի եղել: Բայց այն ժամանակ հնարավոր էր մտնել աջ՝ Ծարավ Աղբյուր, շրջադարձ կատարել և Աճառյան փողոցում արդեն երթևեկել դեպի ձախ: Բայց հիմա Ծարավ Աղբյուրում կրկնակի հոծ գիծ է գծված, հազար տեղ՝ թաքնված տեսախցիկ տեղադրված: Դե արի ու գլուխ հանիր այս ռեբուսից:



Որպեսզի առանց խախտումի մտնես Աճառյան 18,20,22, շենքերի և 104 դպրոցի բակ, պետք է կամ՝ գնաս Նորքի զանգվածի կամուրջների վրա շրջադարձ կատարես, կամ էլ՝ Ծարավ Աղբյուրով հասնես Ալմաստի գործարան ու հետ գաս: Ինչպես տեսնում եք՝ շատ խելացի է:



Հ.Գ. Հետո էլ ասում են՝ Վլադիմիր Գասպարյանը շատ թունդ մարդ է: Բա որ թունդ է, ինչպե՞ս է թողնում իր ենթականերին մարմնի բոլորովին այլ մասերով մտածել:



Ահավասիկ՝ ոստիկանության որոշումն այդ մասին. «2016 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հրաչյա Աճառյան փողոցով Մարշալ Բաբաջանյան փողոցի կողմից դեպի Ալեքսանդր Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձ կատարելը»:



Էդիկ Անդրեասյան