Վնասիր՝ ինչքան կարող ես, կամ՝ երբ բժիշկներն են «վիզ դնում»

Վնասիր՝ ինչքան կարող ես, կամ՝ երբ բժիշկներն են «վիզ դնում»

Արցախի անկախության 25-ամյակ ենք նշում: Հպարտանալու առիթ է, մեծ առիթ, մեծ տոն: Այս համախումբ ուրախության ու բերկրանքի մեջ, սակայն, ապրիլյան պատերազմից վառոդի հոտ կա ծանրացած, 100 տղու հիշատակ՝ 100 հերոսի, որ մեզ հետ պետք է նշեին այս հոբելյանը: Ավաղ…



Այս ուրախ օրերին մի վտիտ կին՝ Անժելա Ալթունյանը, վատառողջ որդու ճակատագրով մտահոգ, Երեւանում մի հիվանդանոցից մյուս հիվանդանոցն է վազում, մի լաբորատորիայից մյուս լաբորատորիան, մի բժշկի հետ վիճելուց հետո շտապում մյուսի հետ վիճելու, մի պաշտոնյայի ուղղված նամակի վերջակետը չդրած՝ մյուսին գրում… Եվ այսպես հասել է մինչեւ պաշտպանության նախարար… Եվ դեռ պետք է օրական 7 անգամ կերակրի ընդամենը 48 կգ կշռող 21-ամյա զինակոչիկ որդուն՝ Արամայիսին, որ նա ավելի չհյուծվի: Ամուսինը վախճանվել է 2009-ին: Անժելան այդ ամենը միայնակ է անում: Որդուց բացի, մի դուստր էլ ունի, այսինքն՝ էլի անելիք, հասցնելիք:



Այս պատմությանը «Հրապարակն» անդրադարձել էր սույն թվականի օգոստոսի 16-ի համարում (http://www.hraparak.am/?p=120524 ): Փառք Աստծո, որ մեր երկրում դեռ թերթ կարդացող կա: Ճիշտ է, մեզ տեղյակ չեն պահել, բայց, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ինստանցիայից կասեցրել էին բազմաթիվ հիվանդություններից տառապող Արամայիս Խաչատրյանին զինվոր տանելու գործը: Մուրացանի հոսպիտալում նրան վիճակահանությամբ Արցախն էր բաժին հասել, բայց վերջին պահին որոշել էին դեռ շարունակել հետազոտությունները: Կրկնում եմ՝ Արամայիս Խաչատրյանի զորակոչի միառժամանակ կասեցման ստույգ պատճառը չենք կարող ասել, բայց հուսով ենք, որ մեր տեսադաշտում հայտնված դեպքին «Հրապարակի» արձագանքն իզուր չի անցել: Մենք նշել էինք, որ ՊՆ-ում եւ զորակոչի հետ կապված ԲԿ-ներում մի քանի հաստագլուխներ կան, որոնք բացեիբաց վիզ են դրել երկրորդ կարգի հաշմանդամ, միակողմանի ծնողազուրկ այս երիտասարդին բանակ տանել: Արդյոք սա չէ՞ պատճառը, որ այս գործին խառնվել են մարդիկ ռազմական ոստիկանությունից, նաեւ քաղաքացիական քննիչներ: ՊՆ-ն իր պատվից ցա՞ծր է համարում «Հրապարակին» արաձագանքելը: ՊՆ-ին դրա համար քաջություն է պետք, եթե, իհարկե, այդ կառույցում դեռ կան մարդիկ, որոնք, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, ներքուստ ռեաբիլիտացվելու պահանջ են զգում, այսինքն՝ պատասխանատվության զգացում ունեն:



Անժելան իր բողոք-նամակում գրում է. «Մինչեւ վերջին շունչս պայքարելու եմ որդուս համար: Մայրն այդ իրավունքն ունի»: Ումի՞ց է փրկում նա իր որդուն… Կարդում ես ու փշաքաղվում՝ հայ մարդկանցից, հայ բժշկից, հայ զինվորականից, Հայոց բանակից: Գրում է՝ ինձ տարեք առաջին գիծ, ձեզնից լավ կպահեմ դիրքերը, ինչո՞ւ եք սպանում որդուս:
Նորից աչքի եմ անցկացնում զինակոչիկ Արամայիս Խաչատրյանի հիվանդությունների ցանկը: Անժելան ինձ երկու նոր թուղթ է բերել՝ երկու նոր խայտառակություն: Մի բժիշկն ասել է՝ մեզի մեջ «բելոկ» կա, մյուսը հերքել է «բելոկի» առկայությունն այն դեպքում, երբ անալիզներն արվել են նույն մեզից վերցված նմուշների վրա: Հոդվածն էի գրում, որ Անժելան զանգահարեց, թե մի 10 օրով էլ են հետաձգում, կարծես հիմա էլ շագանակագեղձի հետ կապված խնդիր են նկատել: Արտասվում էր՝ չգիտեմ, որդու նոր հիվանդության պատճառած ցավի՞ց, թե՞ հանկարծ արթնացած հույսից, որ գոնե հիմա վերջ կունենան իր անլուր չարչարանքները:



Իսկ Արամայիս Խաչատրյանին զորակոչել սկսել են 2014 թվականից: Որ նա դեռ մանկուց վատառողջ երեխա է եղել, եւ հետո հիվանդությունները միայն ավելացել են, պարզորոշ երեւում է նաեւ ՊՆ ենթակայության օղակներում այդ մասին գրագրություններից: Ահա դրանցից մեկը, որ գրված է ՀՀ Պնախարարի խորհրդական Գ. Հարությունյանի ձեռքով՝ ուղղված ՀՀ զինկոմ Հ. Մուրադյանին եւ Չարենցավանի զինկոմ Ա. Հովհաննիսյանին (26.07.2016): Կարդում եմ. «Ա. Խաչատրյանին 2014 եւ 2015 ամառային զորակոչերին սրտի եւ երիկամների խնդիրների պատճառով տրվել է տարկետում՝ 10 ամիս ժամանակով: Ընթացիկ զորակոչին հետազոտվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եւ «Արմենիա» ԲԿ-ներում, Մաշկաբանության եւ սեռավարակների ԳԲԿ-ում: Ախտորոշվել է «Նեֆրոպտոզ աջից: Իզոլացված միզային սինդրոմ (պրտեինուրիա)», «Միտրալ համակարգի զարգացման արատ, աջ երիկամի գոտկային դիստոպիա», «Գլխի մազածածկ հատվածի սեբորեային դերմատիտ, դեմոդիկոզ»: ԿԲՀ-ի որոշմամբ, ՊՆ 410 հրամանի 54 գ. հոդվածով ճանաչվել է զինծառայությանը պիտանի՝ սահմանափակումով: Հանձնաժողովը (զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի մասին է խոսքը՝ Էդ. Ա.) միջնորդում է՝ կատարել սրտաբանական հետազոտություն եւ փորձաքննություն, քանի որ 2014թ. ամառային զորակոչին տրվել է տարկետում՝ սրտի խնդիրների պատճառով, իսկ հետագա երկու զորակոչերին (2015-2016) սրտի առնչությամբ հետազոտություն եւ փորձաքննություն չի կատարվել»: Հիվանդությունների այն փունջը, որ իր նամակում ներկայացրել է ՀՀ Պնախարարի խորհրդականը, հաստատվել է տարիներ շարունակ կատարված հետազոտություններով, ամեն հետազոտությունից հետո էլ նորանոր խնդիրներ են ի հայտ եկել, որոնց համադրումն էլ ավելի պարզ է դարձնում, որ այդ երիտասարդը պարզապես պիտանի չէ զինծառայության: Դեռեւս 2014թ. ապրիլին կատարված մի հետազոտությամբ (չափումներ) պարզվել է, որ զինակոչիկի կրծքավանդակի վրա նկատվում է առաջնային պատի խելանման դեֆորմացիա, ստորին վերջույթների O-անման ծռվածություն (տարածությունը միջին կոճերի միջեւ՝ 11 սմ), կոնքի դեֆորմացիա, ձախ ստորին վերջույթի կարճացում 1,5 սմ՝ ֆունկցիայի խանգարումով:



Հետագա հետազոտություններով հայ բժիշկներն սկսել են տարբեր պարբերականությամբ հաստատել ու հերքել միմյանց ախտորոշումները: Մի ԲԿ-ում գրում են, որ սրտի աջ փորոքում խուլ աղմուկներ կան, մյուսում գրում են, որ ոչ մի աղմուկ էլ չկա, մի տեղ գրում են՝ մաշկը նորմալ գույնի է, մյուսում գրում են՝ մեջքին, բազուկներին եւ որովայնին առկա են թարախաբշտիկներ, հանգուցիկաթարախաբշտիկներ եւ արյունային կեղեւիկներ, ճակատի հատվածում առկա է մաշկից քիչ բարձր, հիպերեմիկ եւ թեփուկներով ծածկված օջախ, գլխի մազածածկ մասում նույնպես առկա են նմանատիպ օջախներ: Մի տեղ գրում են, որ երիկամն իջած է, մյուսում՝ խանգարում չկա: Մի բժիշկ էլ, կարդալով Արամայիսին տրված նախորդ ախտորոշումները եւ չիմանալով, որ երիտասարդի հայրը մահացած է, էշ-էշ հարց է տվել՝ տղա ջան, հերդ էս ինչքա՞ն փող է տվել, որ այսպիսի դիագնոզ եք առել: Ի՞նչ ասես նման մտածելակերպով բժիշկ կոչվող արարածներին, որոնք հաջողացնում են նույն պահին արված մեզի «բելոկը» չնկատել, երբ այն առկա է մեկ այլ լաբորատորիայի տված պատասխանում:



Մտահոգիչ է, որ ՀՀ ՊՆ-ն 3 տարի շարունակ չի կողմնորոշվում Արամայիս Խաչատրյանի զինակոչման անհնարինության հարցում: Ի՞նչն է պատճառը, որ համառորեն ուզում են բանակ տանել մի տղայի, որ ավելի շուտ քայլող ստվեր է, քան զինվորացու, որ կարողանում է քայլել իր մոր համառության ու սիրո հաշվին: Կան մարդիկ, որ պետք է պատասխանատվության կանչվեն, բժիշկներ, որոնց պետք է հանել սպիտակ խալաթի միջից: Ո՞նց թե՝ մեկից փող վերցնեն, ազատեն, իսկ մյուսի հիվանդ երեխային քշեն գնա՞: Շատ ներողություն, բա պաշտպանության նախարարն էլ ինչացո՞ւ է, որ իր բանակը հաշմանդամներով են համալրում: Հույսը վերջինն է մեռնում: Մենք հույս ունենք, որ այս պատմությունը կավարտվի եւ մեզ վարձատրված կզգանք հենց միայն այն զգացումից, որ Հայոց բանակի վրա մի նոր բեռ չավելացավ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ