Լրագրային շանսոն. Ավանակի սպիտակն է լավը

Լրագրային շանսոն. Ավանակի սպիտակն է լավը

Նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀ ԱԺ շատ նման էր Քրիստոսի հաղթական մուտքին՝ Երուսաղեմ: Այդ մասին ՀՀԿ խորհրդի Սուրբ գրքում արդեն ասվել էր. «Սպիտակ ավանակի վրա Քրիստոսի Երուսաղեմ հանդիսավոր մուտքը փառավոր էր արդեն նախօրոք Նրա կատարած գործերով: Ի ծնե կույրերը Փրկչի ձեռքով սկսել էին տեսնել, ի ծնե կաղերը` քայլել, դիվահարները` ազատագրվել դևերի կապանքներից։ Առհասարակ Նա բժշկում էր ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ախտերը: Իսկ Երուսաղեմ մուտքից քիչ օրեր առաջ, Քրիստոսը, գերեզմանից դուրս բերել տալով, կենդանացրեց չորս օրվա մեռելին` Ղազարոսին, և Տիրոջը թե՛ ընդունողները, թե՛ չընդունողները հավաքվում էին տեսնելու թե՛ կենդանացած մեռելին, թե՛ Կենդանացնողին»



ԱԺ-ում շփոթմունքն այնքան ակնհայտ էր, որ մոռացան Գալուստ Սահակյանի մակարդակով շնորհավորել Կարապետյանին:



***



Մեր տեղեկություննեով Սերժ Սարգսյանը հրահանգել է Սամվել Բալասանյանի անունը իջեցնել ցուցակի 5-րդ հորիզոնական: Նախագահականի աղբյուրը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը և հավելեց, որ նորույթը պայմանավորված է Բալասանյանի հայտնի գովազդային պաստառով:



Մեր հարցին՝ դա չի՞ ազդի Բալասանյանի տրամադրության վրա, և նա, արդյոք, չի՞ դադարի նույն էնտուզիազմով շարունակել ընտրապայքարը, Բաղրամյան 26-ից պատասխանեցին. «Չէ, չէ, մի...»:



***



Շարունակելով ՏԻՄ ընտրությունների թեման, անցնենք Վանաձոր: Խոսում են, որ հանրապետության երրորդ քաղաքում նոր տիպի ընտրակաշառք են հնարել, որը հանցանշաններ չի թողնում, ցնդում է: Քաղաքում հայտնի գործարարն իր գազալցակայանն է գործի դրել և էժան գազ է տալիս բոլոր ցանկացողներին, ովքեր պարտավորվում են ձայնը տալ քաղաքի թիվ 1 նոտարի գլխավորած ցուցակին: Իրավապահ մարմինները հայտնվել են անելանելի վիճակում՝ չգիտեն ինչպես գազը բռնեն կաշառք տալու պահին:



***



Մի քիչ կուսակցական անցուդարձ: «Հայկական վերածնունդ» կուսակցությունում որոշել են մեծացնել արագությունը: Շարքային «վերածնվածները» կուսակցության «բազմազգ» ղեկավարությունից պահանջել են փողոց դուրս գալ և, ՏԻՄ ընտրությունների առիթն օգտագործելով, հանրահավաքներ անել: Ի վերջո եկել են կոնսենսուսի, որ առայժմ մեկ հանրահավաք անեն, Գյումրիում: Ինչու հենց Գյումրիո՞ւմ... Հիմար-հիմար հարցեր մի տվեք: «ՀՎ»-ն ընդդիմադիր կուսակցություն է, իսկ ամենաշատ ընդդիմադիր ձայները Գյումրիում են:



***



Սեյրան Օհանյանին նշանակում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, ասում են, շատ վատ է ընդունել այդ նորությունը: Նա մտահոգություն է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բազմաթիվ ծրագրերում ընդգրկված Հայաստանը կսկսի թերանալ իր պարտավորությունների կատարման գործում: ՆԱՏՕ-ի գեներալները, սակայն, նրան հավատացրել են, որ սա ՀԱՊԿ-ի վերջն է:



Էդիկ Անդրեասյան