750 հազար դոլարը միջազգային փորձագետների աշխատավարձն է

750 հազար դոլարը միջազգային փորձագետների աշխատավարձն է

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը դժվարանում է ասել, թե ինչ փոփոխություն կկրի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը, որում նախարարներ կան ընդգրկված։



Ամեն դեպքում նշեց, որ ի պաշտոնե նոր նախարարներ կընդգրկվեն՝ փոխարինելով հներին, քանզի այդ կազմում որոշ նախարարներ հենց ի պաշտոնե են ընդգրկված։ Օրինակ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Եվ եթե Կարեն Կարապետյանը որոշի, որ նրանց հետ չի աշխատելու, այլ մարդիկ են գալու նրանց փոխարեն, ապա կոռուպցիայի դեմ պայքարի կազմում եւս այս մարդիկ կփոխարինվեն նոր նախարարներով։ «Այս պահին ի պաշտոնե նոր նախարարներ կլինեն, իսկ թե ինչպիսի զարգացումներ կլինեն, պարզ կլինի, երբ ձեւավորվի նոր կառավարությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։



- Պարոն Հարությունյան, USAID-ի կողմից ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով տրամադրված 750 հազար դոլարից այս պահի դրությամբ որքա՞ն մասն է իրացվել։



- Ոչինչ չի իրացվել։ Դրա բուն նպատակը հետեւյալն է՝ պետք է լինեն միջազգային եւ տեղական փորձագետներ։ Եվ միջազգային փորձագետները, որոնք այլ բնագավառում փորձ ունեն, պետք է իրենց գիտելիքները փոխանցեին հայ անկախ փորձագետներին, որպեսզի նրանք շարունակեին աշխատանքը։ Այդ գումարները դրա համար են։



- Փոխանցվե՞լ է արդեն այդ գումարը։



- Գումարն առկա է, այո։



- Ե՞րբ է նախատեսվում իրացնել այդ գումարը։



- Միջազգային փորձագետների մրցույթն արդեն անցկացվել է, ընտրությունը կատարված է, հիմա տեղական փորձագետների ընտրության փուլն է։



- Դրա արդյունավետությունը գնահատե՞լ եք, կարծեմ՝ դասընթացներ պետք է կազմակերպվեն այդ գումարով, նմանատիպ այլ բաներ։



- Արդյունավետությունը հենց այն է, որ եթե մարդիկ ունեցել են փորձ եւ կարողացել են լուրջ արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, իրենք պետք է իրենց մոտեցումներով իրենց աշխատանքի ոճը, իրենց գիտելիքները փոխանցեն մեզ։



- 750 հազար դոլարի՞։



- 750 հազար դոլարի չեն փոխանցում, դա միջազգային փորձագետների աշխատավարձն է, որով պետք է տեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն եւ ապրեն այստեղ։ Դա իրենց աշխատավարձն է, եւ աշխատավարձի իրենց չափերը որոշվում են միջազգային չափանիշներով եւ դոնորների կողմից։



- Այսինքն՝ իրենք պետք է գան եւ մեզ սովորեցնեն, թե ինչպես պայքարենք կոռուպցիայի դեմ։



- Չէ, էդպես չէի ձեւակերպի։ Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը բազմաշերտ է, եւ շերտերից մեկը վերհանելն է, ենթադրենք, ռիսկային կետերը, թե ինչ մեթոդաբանությամբ պետք է մոտենալ այդ հարցին եւ այլն։



- Ընդունված տեսակետ կա, որ եթե ուզում ես մի ծրագիր տապալել, պետք է հանձնաժողով ստեղծես, այս դեպքում՝ թող լինի խորհուրդ։ Սա տապալման գործընթաց չէ՞, քանզի ինչ-որ երկարաժամկետ ռազմավարական ծրագիր է, որի արդյունքը գործնականում դեռեւս չենք տեսնում։ Մինչեւ հիմա դեռ քննարկում են ինչ-որ քննարկման ենթակա հարցեր։



- Ես համաձայն չեմ Ձեզ հետ, որովհետեւ, եթե ուսումնասիրեք բազում որոշումներ, որոնք կառավարությունն ընդունել է, դրանք ունեն ակնհայտ հակակոռուպցիոն բնույթ։ Այո, միանգամից առաջին հայացքից կարող է դա չնկատվել։ Այնուամենայնիվ, դրանք ունեն շատ լուրջ հակակոռուպցիոն բնույթ, սկսած նրանից, որ օրենսդրությունը պարզեցվում է, բոլոր այն տեղերը, որտեղ կան հայեցողություններ, փորձում է հստակեցվել, վերջացրած բազմաթիվ ավելորդ թղթաբանությունից, ավելորդ պետական իշխանության մարմինների հետ շփումների նվազեցումից։ Սրանք բոլորը հակակոռուպցիոն բնույթ ունեն։



- Նոր վարչապետի օրոք հույս կա՞, որ կոռուպցիայի դեմ պայքարը կակտիվանա, նոր մեթոդներ, նոր մոտեցումներ կլինեն։



- Ես կարծում եմ՝ այդ հարցին կպատասխանի ինքը՝ վարչապետը, թե ինչպիսի մոտեցումներ ունի, բայց այս պահին կառավարությունը շարունակում է այն, ինչի մասին խոսել է նախկինում։ Եթե հիշում եք, մենք խոսում էինք մի շարք առանձին շատ կարեւոր օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք պատրաստում էինք կյանքի կոչել, նախագծերը շարունակում են մշակվել եւ շուտով կներկայացվեն կառավարության քննարկմանը։



ՀԳ. Կոռուպցիայի դեմ պայքարի թերեւս ամենազավեշտալի եւ ամենակոռուպցիոն կողմը հենց այդ 750 հազար դոլարի փաստն է, որը USAID-ն տրամադրել է անպտուղ եւ անիմաստ դասընթացների անվան տակ մսխելու համար։ Տարօրինակ է, որ Հայաստանում, այդ թվում՝ կառավարությունում, ի դեմս 12 տարեկանում համալսարան ընդունված «վունդերկինդ» Դավիթ Հարությունյանի, չունեն այդ տարրական գիտելիքները կոռուպցիայի եւ դրա դեմ պայքարի ձեւերի մասին, որ դրսից են մասնագետ կանչում։ Երեւի մեր կառավարությունում լավ տիրապետում են միայն կոռուպցիոն գործարքներին, բայց ոչ դրա դեմ պայքարի եղանակներին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ