«Կամովին» հեռացվածն ինքնակամ կվերադառնա՞

«Կամովին» հեռացվածն ինքնակամ կվերադառնա՞

ԲՀԿ-ում կարծես սկսել են նախապատրաստական աշխատանքներ տանել Գագիկ Ծառուկյանի վերադարձի ուղղությամբ։ Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը միամիտ «լեզվից թռցնելով», թե հատուկ լրագրողների համար «ուտեչկայի» տեսքով, հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից։ Ասաց ու կրակն ընկավ։ Անմիջապես լրագրողներն սկսեցին հարցախեղդ անել, թե՝ եթե ժամանակավոր է հեռացել, ուրեմն հնարավոր է վերադառնա՞, ե՞րբ, ինչպե՞ս։ 



«Դա իր որոշելիքն է։ Ժամանակավոր երբ որ ասում եմ, ընդհանրապես մենք ապրում ենք ժամանակի եւ տարածության մեջ, եւ էդ հարցը պետք է ուղղել իրեն։ Էս հարցը շատ է արծարծվել, հստակ ասեմ՝ այո, երբ որ մենք գնում ենք մարզեր, երբ որ մենք խոսում ենք մեր կուսակիցների հետ, էդպիսի հարցադրումներ շատ կան։ Ուզո՞ւմ եք անկեղծ ասեմ՝ մարզերի մեծ մասում մարդիկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել, եւ ԲՀԿ-ն իսկապես կապում են Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ Ես թաքցնելու բան չունեմ, երբ որ ես ասում եմ՝ ժամանակավոր, էս կյանքում ամեն ինչ ժամանակավոր է»,-ասաց նա՝ ըստ էության ակնարկելով, որ ժողովուրդը ցանկանում է, որ Ծառուկյանը վերադառնա։ Ի դեպ, արդեն իսկ խոսակցություն կա, որ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցը, նաեւ որոշ շրջանակներ են դրան միտված, եւ հիմա փորձում են հարմար հող նախապատրաստել դրա համար։



Մելքումյանին, սակայն, դուր չեկավ մեր հարցը, թե Ծառուկյանը, քաղաքականություն վերադառնալու համար կհարցնի՞ Սերժ Սարգսյանի թույլտվությունը։ ԲՀԿ-ական պատգամավորը մեր հարցը կոռեկտ չհամարեց ու չպատասխանեց։ Մենք էլ նշեցինք, որ կոռեկտ է այնքանով, որ Սերժ Սարգսյանն է մեկ տարի առաջ փետրվարի 12-ին իր հայտնի ելույթով Ծառուկյանին հեռացրել քաղաքականությունից, ուստի հիմա տարօրինակ կլինի, որ հարկադրանքով հեռացած մարդն ինքնակամ վերադառնա՝ առանց նրա «դաբրոյի»։



Ծառուկյանի՝ քաղաքականությունից ժամանակավոր հեռացման ու նրա հավանական վերադարձի մասին հարցրինք նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Վերջինս ասաց, որ ինքը չի կարծում, թե Ծառուկյանի մոտ ինչ-որ բան է փոխվել։ «Նա խոսքի մարդ է, ես հավատում եմ իր խոսքին, մնացածը թողնենք ապագային»,-ասաց Բաղդասարյանը։ Նրան եւս հարցրինք, որ եթե Ծառուկյանը որոշի, այնուամենայնիվ, վերադառնալ, դրա համար թույլտվություն կխնդրի՞ Սերժ Սարգսյանից։ Մեր այս հարցը ՀՀԿ խմբակցության ղեկավարին եւս դուր չեկավ։ «Ես խնդրում եմ՝ նման պրովոկացիոն հարցեր մի տվեք, Գագիկ Ծառուկյանն այն կայացած եւ ինքնուրույն անձնավորությունն է, որ չեմ կարծում, թե քաղաքական դաշտում պետք է թույլտվություն վերցնի։



Եթե պետք է թույլտվությամբ ինչ-որ մեկը գա քաղաքականություն, ավելի լավ է՝ չգա»,- ասաց նա՝ ավելացնելով. «Եթե Դուք այդպես եք գնահատում (որ նրան հեռացրել են քաղաքականությունից), ես հորդորում եմ մեր բոլոր քաղաքական ուժերին, որ չհեռանան»։ Շարունակելով ցավոտ թեմայով «պրովոկացիան»՝ ամեն դեպքում հիշեցրինք, որ 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին «քաղաքական չարիք» էր անվանում, ուստի հիմա իրենք ինչպե՞ս կընդունեն, եթե նա նորից որոշի վերադառնալ քաղաքականություն։ Իսկ գուցե ի՞նքը չի որոշում, այլ այդ որոշումը կայացվում է Բաղրամյան 26-ո՞ւմ։ Բաղդասարյանը փորձեց վերջնականապես փակել թեման. «Դուք խոսում եք մի բանի մասին, որը ես գրեթե անհնար եմ համարում։ Եթե մի բան իրականության մեջ չկա, ինչի՞ դրա վրա ժամանակ կորցնենք։ Երբ որ դա կլինի իրականություն, նոր դրան կանդրադառնանք»։ Իսկ ԲՀԿ կառույցների նամակ-դիմումներն ու ԲՀԿ ղեկավար կազմի խնդրանքներն այլ բանի մասին են վկայում, որ դա շատ մոտ է իրականություն դառնալուն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ