Շենգավիթի բնակիչները պատրաստվում են փակել Արշակունյաց պողոտան

Շենգավիթի բնակիչները պատրաստվում են փակել Արշակունյաց պողոտան

Երևանի Շենգավիթ համայնքում՝ «Վարդանանք» ռեստորանի դիմաց, արագ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, մի քանի մետր խորությամբ փոս է փորված: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին այդտեղի առանձնատների բնակիչները: Նրանց խոսքերով՝ բացի նրանից, որ քաղաքաշինական պահանջները կոպտորեն խախտվել են, նոր սեփականատերը, որի անունը կապվում է Շենգավիթի թաղապետարանի նախկին տեղակալներից մեկի հետ, կամայականորեն և ապօրինաբար փակել է ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետևանքով սանիտարահիգենիկ իրավիճակը սրվել է. «Սեփականատերը հայտարարել է, որ տարածքն ինքը գնել է և իր սեփական տարածքում իրավունք ունի իրականացնել ցանկացած շինարարական աշխատանք, և հայտարարել է, որ այո, փակել է կոյուղին: Շենգավիթի թաղապետարանից տեղեկացրին, որ շինարարության փաստաթղթային օրինականությունն ապահովված է, և սեփականատերն իրավունք ունի փակել ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետևանքով սանիտարահիգենիկ իրավիճակը սրվել է»: 



Բնակիներն նաև նշում են՝ անձամբ քաղաքապետի ուշադրությունն են հրավիրել խնդրի վրա, բայց դեռ խնդիրը լուծում չի ստացել. «Հիմա որ գաք տեսնեք, դիմացի կանգառում գարշահոտություն է, որովհետև կեղտաջրերը արդեն դուրս են գալիս, թաղապետարանի աշխատակցի հետ խոսում ենք, ասում է՝ ինքը բոլոր օրինական փաստաթղթերն ունի»:



Այսօր ժամը՝14:00-ին, բնակիչները իրականացնելու են բողոքի ակցիա՝ Վարդանանք ռեստորանի մոտ: Նրանք պատրաստվում են փակել Արշակունյաց պողոտան: