«Խաղաղություն ձեզ». հրապարակվել է Ֆրանցիսկոս Պապի Կովկասյան այցելության կարգախոսը եւ լոգոտիպը

«Խաղաղություն ձեզ». հրապարակվել է Ֆրանցիսկոս Պապի Կովկասյան այցելության կարգախոսը եւ լոգոտիպը

«Pax vobis» («Խաղաղություն ձեզ»). այսպիսին է լինելու Հռոմի Սրաբզան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` Կովկասյան Առաքելական այցելության կարգախոսը, որը կմեկնարկի արդեն վաղը եւ կավարտվի կիրակի` հոկտեմբերի երկուսին: Կովկասյան այցի ժամանակ, ինչպես հաղորդում է Radio Vaticana-ն, Նորին Սրբությունը կլինի Վրաստանում եւ Արդբեջանում:



Հիշեցնենք, որ Սրբազան Քահանայապետը Հայաստան այցելել էր հունիսին: Սուրբ Աթոռը տեղեկացնում է, որ Սրբազան Պապը Թբիլիսի կժամանի վաղը` օրվա երկրորդ կեսին, որտեղ բարիգալստյան արարողությունից հետո քաղաքավարական այցով կհանդիպի երկրի նախագահի հետ: Հայտնի է նաեւ, թե ինչպիսին կլինի Կովկասյան այցի լոգոտիպը: Այն ներկայացնում է կարգախոսը, արձանագրված երկու լեզուներով` լատիներեն եւ վրացերեն: Կարգախոսը վերցված է Հովհաննու Ավետարանի ХХ գլխից: Պապը ընտրել է խաղաղության թեման իր այցի պատգամի համար, որը նաեւ ընդգծում է Ողորմության Հոբելյանական տարվա հիմնական պատգամը, որպիսին ընթացիկ տարին հայտարարվել էր Հռոմի Կաթոլիկ եկեղեցում:



Հունիսի երեսունին իր ասուլիսի ժամանակ Սրբազան Քահանայապետը հայտարարել էր, որ ընդունել է հրավերն այդ երկու երկրներ այցելելու համար, որպեսզի ընդգծի այդ երկրներում առկա հին քրիստոնեական արմատները` այլ կրոնների եւ այլ մշակույթների հետ երկխոսության ոգով, փոխադարձ սիրո եւ հարգանքի մթոնոլորտում, բնականաբար, ինչպես նաեւ հույս եւ խաղաղություն տանելու Հարավային Կովկասի անհանգիստ տարածաշրջան: Ֆրանցիսկոս Քահանայապետը հատկապես կարեւորել է խաղաղության ուղիների հայտնաբերումն ու հույսը Կովկասի համար: Ուշագրավ է, որ լոգոտիպի վրա առկա ոճավորված խաչը հիշեցնում է Սուրբ Նունեի խաչը:



Նշենք, որ Սուրբ Նունեն Վրաստանի լուսավորչուհին է, ում շնորհիվ Վրաստանը դարձավ քրիստոնյա (Սուրբ Նունեն ի դեպ Հայոց Մեծ Դարձի գործում անուրանալի դերակատարություն ունեցած Հռիփսիմյանց կույսերից է, ով գալով Հայաստան նախ ճգնել է Վարագա լեռներում` Վանա լճի մոտ, ապա անցել է Վրաստան, որտեղ բուժել է Միհրան թագավորի որդուն եւ կնոջը` Նանա թագուհուն: Ի դեպ նույնիսկ վրացական աղբյուրներն են նշում, որ Սուրբ Նունեն խոսել է հայերեն եւ Վրաստան մուտք գործել Հայոց Ջավախք գավառով, որտեղ քարոզել է տասներկու օր: Սուրբ Նունեն տոնելի սուրբ է նաեւ Հայ Առաքելական եկեղեցում):



Վրաստանում Սրբազան Քահանայապետը Պատարգ կմատուցի, կհանդիպի նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հատուկ հանդիպում կունենա Համայն Վրաց պատրիարք-կաթողիկոս Իլյա երկրորդի հետ, կայցելի Սուրբ Սիմեոնի կաթոլիկ եկեղեցի կաթոլիկ հոգեւորականության հետ հանդիպում կունենա Տիրամոր Ննջման տաճարում: Ուշագրավ է, որ Թբիլիսիում Սրբազան Պապը կայցելի առանձնահատուկ կերպով Քամիլյան միաբանության Հայրերի խնամքի ներքո գտնվող հիվանդանոց, որտեղ կաղոթի հիվանդների համար: Արդեն հոկտեմբերի երկուսին Նորին Սրբությունը մկեկնի Արդբեջան, որտեղից էլ նույն օրը երեկոյան կվերադառնա Սուրբ Աթոռ: