Երբ նոր նախարարը քար է նետում նախորդի բոստանը

Երբ նոր նախարարը քար է նետում նախորդի բոստանը

Առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը յուրահատուկ անձնավորություն դուրս եկավ։ Նա նախ երեկ բովանդակային որեւէ պատասխան չտվեց մեր հարցերին՝ խոստանալով պատասխանել իր ծրագիրը ներկայացնելուց հետո։ Նշենք, որ նա «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ղեկավարն էր՝ մինչ նախարար նշանակվելը։ Բացի այդ, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընկերն է։ Երբ հետաքրքրվեցինք, թե իր ծրագիրն ինչով է տարբերվելու նախկին նախարարի ծրագրից, ինչ առանցքային կետեր կարող է մատնանշել, նորանշանակ նախարարը՝ կամա թե ակամա, «քար նետեց» նախկին նախարար Արմեն Մուրադյանի «բոստանը»։ Եվ դա անում էր հետաքրքիր «ապահովագրական» ժպիտով, կարճ պատասխաններով եւ շատ հանդարտ տոնով։ «Թափանցիկություն եւ արդյունավետություն»,-մեր հարցին ի պատասխան՝ իր ծրագրի երկու առանցքային կետ մատնանշեց նախարարը։ Իսկ ինչո՞վ թափանցիկ եւ արդյունավետ չէր նախկին նախարարի ծրագիրը։ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Այնքանով, որ դուք այսօր դժգոհ եք»,-ասաց նա։



Կարծում եք՝ հանրությունն այս տարիներին դժգո՞հ է եղել առողջապահության ոլորտից։ «Կարծում եմ՝ այո»,-եղավ պատասխանը։



- Այսինքն՝ դա՞ էր պատճառը, որ փոխվեց նախարարը։



- Պատճառների մասին ես տեղյակ չեմ։



- Պարոն Ալթունյան, Դուք «Վարդանանց» բուժկենտրոնն եք հիմնել, նաեւ, մինչեւ նախարար դառնալը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ղեկավարն եք եղել։ Մամուլում գրվեց, որ Դուք սեփական բիզնեսը խթանելու նպատակով «Ինգո Արմենիայի» ապահովագրական ծառայություններն ուղղորդում էիք Ձեզ պատկանող բուժկենտրոն։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։



- Այնպես, ինչպես Դուք ասացիք։



- Այսինքն՝ բիզնեսի՞ տեսակետից։



- Բիզնեսի տեսակետից մենք փորձել ենք ապահովագրական ծառայությունները, բացի խոստումներից, դարձնենք շոշափելի ինչ-որ մի բան։ Իսկ շոշափելին հենց բուժկենտրոնն է՝ իր ամբողջ հնարավորություններով։



- Նախարարի դիրքերում նո՞ւյնպես Ձեր բիզնեսը կընդլայնվի հենց այդ տարբերակով եւ ոչ միայն։



- Նախարարի դիրքերում ես ստիպված եմ իմ բաժնետոմսերը հանձնեմ հավատարմագրային կառավարման։ Ինչ վերաբերում է բուժկենտրոնին, ապա բուժկենտրոնը հասել է օրական իր այցելությունների լիմիտին։ Այս տեսակետից բուժկենտրոնը հնարավորություն չունի ավելացնելու իր ծավալները։ Իսկ «Ինգո Արմենիան» անսահմանափակ աճելու հնարավորություններ ունի, ես չեմ կարող պատասխանել նրանց համար եւ արհեստական չեմ խոչընդոտելու նրանց աճին։



- Իսկ կնպաստե՞ք ի պաշտոնե դրանց աճին։



- Ի պաշտոնե ես կնպաստեմ Հայաստանում գործող բոլոր ընկերություններին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ