Բոլոր եղածների մեջ ամենալավ քաղաքապետի թեկնածուն Ասլանյան Մամիկոնն էր. Սամվել Դարբինյան

Բոլոր եղածների մեջ ամենալավ քաղաքապետի թեկնածուն Ասլանյան Մամիկոնն էր. Սամվել Դարբինյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կարծիքով` Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ճշմարտությունը հաղթեց, այս պարագայում ժողովուրդը իր համար քաղաքապետ է ընտրում և ճիշտ է ընտրել. «Ամենակարևորն այն ա, որ մարդիկ ճիշտ իրենց քաղաքապետին ընտրեցին: Էդ կուսակցություններն էլ եկել էին Վանաձոր, ոչ թե կուսակցականներ էին ընտրել, այլ ձայներ ունեցող մարդիկ, էնպես որ այդ ձայն ունեցող մարդիկ կարող էին Հանրապետականի բարեկամն ու ընկերը լինեին: Ես չեմ հասկանում, ընտրությունն եղել ա, մարդն ընտրվել ա, մեզ մնում ա միայն շնորհավորել և կանգնել կողքին: Գիտեք, էդ ինտրիգների վերջը պետք ա տրվի, քաղաքապետ ա ընտրվել, եկեք կտեսնենք, եթե քաղաքին օգուտ բան է ասում, բոլորս կանգնենք նրա կողքին և էդ օգուտը քաղաքի համար կատարենք, եթե վնաս ա ասում, մենք հեռանանք էդ մտքերից, թե չէ անընդհատ, չգիտի ինչի, մենք ամենալավ բաների մեջ վատն ենք որոնում, վատի մեջ էլ ենք վատը որոնում: Հլը եկեք, վանաձորցիներով կանգնենք նորընտիր քաղաքապետի կողքին և փորձենք մեր քաղաքը շենացնել, ոչ թե ընտրված մարդուն անընդհատ վարկաբեկենք, ասենք սենց չի, նենց չի, իսկ ինչի՞ ճիշտ չի»:



-Պարոն Դարբինյան, վիզուալ երեկ ընդդիմությունը պետք է հաղթեր, քանի որ նրա մանդատների թիվը ավելի մեծ էր:



Երևանում կուսակցությունները որոշում են, որ իրանք պիտի միանան և դեմ գնան Մամիկոնին, ինչի՞: Ճիշտն ասած, ես սենց եմ գնահատում. բոլոր եղածների մեջ ամենալավ քաղաքապետի թեկնածուն Ասլանյան Մամիկոնն էր: Ուրեմն էդ 4 մարդիկ նրանք Վանաձորի քաղաքացիներն են և ճիշտ են ընտրել իրենց քաղաքապետին, ամենակարևորը դա ա, որ մարդիկ իրենց քաղաքապետին ընտրել են, մնացածն արդեն աբսուրդ է:



-Ձեզ արժանի փոխարինող նրան էիք տեսնո՞ւմ:



Այո… Եթե մենք անընդհատ փորձենք այդ մարդուն խանգարել, իհարկե չի կարող, իսկ եթե կանգնենք նրա կողքին, բոլորս օգտակար լինենք, ուրեմն կարող է: Դե բերենք, մեր ընտրյալի կողքին կանգնենք: Առաջին փուլում 15 հազար Ասլանյան Մամիկոնն ա հավաքել, 10 հազար ձայն՝ Լուսավորը: Դե բերեք ճիշտը խոսենք էլի, չի լինի ժողովրդի կողմից ընտրվածին չընտրենք, գնանք 10 հազար հոգու ընտրածին ընտրենք:



-Խոսվո՞ւմ է նախընտրական շրջանում ընտրախախտումների, ընտրակեղծիքների մասին:



Ուրեմն հաստատ իմացեք, որ Հանրապետականի կողմից նման բան չի արվել: Հավատացնում եմ՝ Հանրապետական կուսակցությունը որևէ ընտրախախտում չի արել, որովհետև նախ յուրաքանչյուր ընտրատեղամասում իրենց վստահված անձիք, կուսակցության մարդիկ կանգնած են եղել և հիմա եթե ուզում են ինչ-որ մեղադրանքներ դնեն Հանրապետականի վրա, դա էլ չի ստացվի: Ընտրությունները անցել են շատ որակով, շատ արդարացի և բարձր մակարդակով, եթե հանձնաժողովներում նույնիսկ խախտումներ չի արձանագրվել, նաև պարտությունը պետք է տղամարդավարի ընդունեն, ի՞նչ է նշանակում անընդհատ փորձեն ուրիշներին վարկաբեկեն:



-Ինչպիսի՞ «ժառանգություն» եք թողել Մամիկոն Ասլանյանին:



Քաղաքը աշխատող օրգանիզմ է և անընդհատ զարգացում է պահանջում, աշխարհում որևէ քաղաք չկա, որ ասի վերջնական կառուցված է, կառուցապատված է և այնտեղ այլևս անելիք չկա: Քաղաքը ամեն օր արթնանում ա, ինչպես ձեր ընտանիքն ա ամեն օր առավոտյան վեր է կենում, ձեր տունը մաքրում, ընտանիքի բոլոր անդամներին առավոտյան տալիս նախաճաշ, ճաշին տալիս եք ճաշ, երեկոյան՝ ընթրիք, քաղաքն էլ ա էդպես, քաղաքը առավոտյան պետք է մաքրվի, կեսօրին պետք է նայվի, որտեղ ինչ ա անելու, ճանապարհները անընդհատ վերանորոգվի, շենք-շինությունները վերանորոգվի, մշակույթը զարգացվի, որովհետև կյանքը ընթացքի մեջ է և ամեն ինչ պետք է արագ ընթանա, էնտեղ, որտեղ որևէ մեկը կանգնում է, դա նշանակում է, որ կյանքը կանգ առավ, իսկ կյանքը երբեք կանգ չի առնում, այն շարունակական է և մարդիկ պետք է անընդհատ կանգնեն իրենց քաղաքի, աշխատանքի կողքին, որ ամեն ինչ ճիշտ գնա:



-Այսուհետ ինչո՞վ եք զբաղվելու:



Առայժմ պատրասվում եմ մի քիչ հանգստանալ, հետո կորոշեմ` ինչ եմ անելու:



-Հայաստանո՞ւմ եք հանգստանալու, պարոն Դարբինյան:



Եվ Հայաստանում, և Հայաստանից դուրս: 17 տարի անընդմեջ աշխատել եմ, հիմա կուզեմ որ մի քիչ նորմալ հանգստանամ:



-Թեմայից դուրս ևս մեկ հարց. մենք ահազանգ ենք ստացել, որ «ԼՈՌՈՒ ՃԱՆՇԻՆ» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներից շատերը արդեն 9 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:



Նրանք տնօրեն ունեն, կարող եք տնօրենից հարցնել:



-Մեկ հեռախոսահամար կա, որը չի գործում:



Ես նրանց համարները հո անգիր չեմ հիշում: Ես հիմա քաղաքում չեմ:



-Բայց այդ ընկերությունը Ձեզ և Ձեր եղբորն է պատկանում:



Դարբինյանը վերջին հարցը լսելով՝ անջատեց հեռախոսազանգը: