Գերմանիայի դրվատելի ակտիվությունը

Գերմանիայի դրվատելի ակտիվությունը

Պարույր Սեւակի բառերը փոխելով, բայց իմաստը պահելով` «Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի», թվում է՝ դեսպանատների մասին էլ կարելի է նույնկերպ դատել: Հայաստանում չգիտեմ քանի տասնյակ դեսպանատուն կա, բայց դրանց մի մասին պիտի առանձնակի փնտրես, որ գոնե գտնվելու վայրը պարզես, ուրիշներն էլ, բարեբախտաբար, այնքան ակտիվ են հանրությանը տեսանելի դաշտում, որ իրենց առնչվող իրադարձություններն ու միջոցառումները կարող ես ամենօրյա ռեժիմով լուսաբանել: Օրինակ՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը:



Համերգ, շնորհանդես, ցուցահանդես…



Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Գերմանիայի խորհրդարանի պատվիրակություն էր այցելել Հայաստան, կարծեմ՝ նույնիսկ Լեռնային Ղարաբաղ մեկնեցին:



Սեպտեմբերի 13-14-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը, որը Գերմանիայի ազգային տոնն է` Միասնության օրը, «Գերմաներենի օրեր» կրթական-մշակութային միջոցառումների շարքն էր: Համարյա քսան միջոցառում էր ծրագրված Երեւանում, նաեւ՝ Գյումրիում, Կապանում, Ճամբարակում` ընթերցումներից, դասախոսություններից ու համերգներից մինչեւ սպորտային մրցույթներ, կարաոկե, ցուցահանդեսներ: Գերմանիայի փոխդեսպանի` Նադիա Լիխթենբերգերի բառով, դեսպանատանն «ուժասպառ» էին եղել, բայց գոհ էին, որովհետեւ ծրագիրը հաջողությամբ էր անցել:



Գերմաներենի օրերի եզրափակիչ միջոցառումը հոկտեմբերի 3-ին Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարների հովանու ներքո անցկացվող Յենայի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգն էր Երեւանում` նվիրված Հայաստանի անկախության եւ Գերմանիայի վերամիավորման քառորդդարյա հոբելյաններին: Հոկտեմբերի 4-ին Բունդեսթագից նոր պատվիրակություն էր Հայաստանում` իշխող CDU-CSU կոալիցիայի կաթոլիկ պատգամավորների խումբը, որոնք բոլորն էլ, պարզվեց, առաջին անգամ էին Հայաստանում:



Հոկտեմբերի 5-ին դեսպանատանը գրքի շնորհանդես էր: Գիրքը կոչվում է «Գերմանական միսիոներական գործունեությունն Օսմանյան կայսրությունում. Մարաշի կայանը (1986-1919թթ.)»: Համառոտ ծանուցմամբ` գիտական այդ ուսումնասիրությունը ներկայացնում է գերմանացի 40 միսիոներուհիների գործունեությունը, որ նրանք ծավալել են Օսմանյան կայսրությունում համիդյան ջարդերի օրերից մինչեւ Առաջին համաշխարհայինի ավարտը` օժանդակելով, երբեմն ուղղակի մահվանից փրկելով բազմաթիվ հայ երեխաների ու կանանց: Ուսումնասիրության հեղինակը մեր հայրենակիցն է` Հայկ Մարտիրոսյանը, որն ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ինստիտուտը, թեկնածուական ատենախոսությունը պաշտապանել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում:



Հայկը նաեւ գերմանական DAAD եւ KAAD կրթաթոշակային ծրագրերի մասնակից է, որոնց շրջանակում էլ Գերմանիայում նույնպես ուսումնասիրել է աղբյուրներ եւ ստեղծել այս մենագրությունը: Ի դեպ, նրան շնորհավորողների թվում, մասնավոր խոսակցությունների ժամանակ կատակող եղավ, թե կարելի էր ոչ թե գիրք գրել, այլ մենագրությունը որպես դոկտորական թեզ պաշտպանել: Հայկը հավատացրեց, թե այնքան փաստական նյութ է ուսումնասիրել ու հավաքել, որ դրանց հիման վրա մի քանի աշխատություն կամ թեզ կարող է գրել: Հավատանք, որ կգրի, որովհետեւ միսիոներների գործունեությունն ուշագրավ թեմա է հայ-գերմանական հարաբերություններում:



Պատգամավորական այցեր



Ինչպես ասվեց, անցյալ շաբաթ Բունդեսթագից դարձյալ պաշտոնական պատվիրակություն էր գտնվում Հայաստանում: Օգտվելով այդ հանգամանքից՝ կարճ զրույց ունեցա պատվիրակության անդամներից մեկի` պրն. Կարլ Շիվերլինգի հետ: Նրանից տեղեկացա, որ պատվիրակության կազմում Գերմանիայում իշխող CDU-CSU կոալիցիայի կաթոլիկ պատգամավորների խմբի անդամներն են, եւ խումբն անցյալում այցելել է Հռոմ եւ Երուսաղեմ: Դա ինքնաբերաբար նշանակում էր, որ նրանք գիտեն հայերի մեծագույն քրիստոնեական ժառանգության` Հին Երուսաղեմում հայոց իրավունքների եւ Հայկական թաղամասի մասին:



Եվ դա կապ ուներ ինձ հատկապես հետաքրքրող հարցի հետ: Այն է. Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հանդեպ գործադրվող հալածանքները որքանո՞վ են այսօր դեր կատարել Գերմանիայի Բունդեսթագում «1915-ին Օսմանյան կայսրությունում հայոց եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանության մասին» բանաձեւը միաձայն ընդունելիս: Պրն. Շիվերլինգը նախ մի տպավորիչ վիճակագրական տվյալ ասաց, որը երբեք չէի երեւակայի. ըստ միջազգային վիճակագրության, այսօր աշխարհում կրոնական համոզմունքների համար հալածվող անձանց թիվը կազմում է 100 միլիոն: Եվ այդ 100 միլիոնի 90 տոկոսը քրիստոնյաներն են:



Բնականաբար, հալածանքների քարտեզում առանձնակի մտահոգիչ է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների դրությունը, քանի որ նրանք ոչ միայն հալածվում են, այլեւ ֆիզիկապես են տեղահանվում այն վայրերից, որտեղ ծնունդ է առել եւ ձեւավորվել քրիստոնեությունը: Պարզվեց՝ պրն. Շիվերլինգն անձամբ զբաղվում է այդ խնդիրներով Բունդեսթագում, այցելել է Իրաքի հյուսիս, հանդիպել տեղահանված քրիստոնյաներին եւ պատմեց, որ նրանցից շատերն ապաստան են գտնում քրդերի մոտ, ինչն ինձ համար զարմանալի էր:



Գալով իմ հարցին, թե Մերձավոր Արեւելքի ներկա իրադրությունը եւ, մասնավորապես, քրիստոնեության վիճակն այնտեղ որքանով է դեր կատարել կամ արդիական դարձրել հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը, պրն. Շիվերլինգն ասաց. «Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագիծը Բունդեսթագում շրջանառվում էր արդեն մի քանի տարի: Մեծամասնություն չէր ձեւավորվում այն ընդունելու համար, բայց այն երկար քննարկումների, խոսակցությունների առարկա էր` թե պաշտոնական, թե մասնավոր: Բնականաբար, տարիների ընթացքում քննարկվել է նաեւ Թուրքիայի հակազդեցության հարցը` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունմանը: Ի վերջո որոշվեց, որ Թուրքիայի արձագանքն ինչպիսին էլ լինի, ամենաճիշտ ուղին ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելն է եւ այդ հանցագործության մեջ Գերմանիայի մեղքի բաժինն ընդունելը: Ինչը եւ արվեց»:



Այլ կերպ ասած՝ Թուրքիայի իշխանությունների հիստերիան Բունդեսթագի համար սպասելի է եղել: Իմ հարցին, թե արդյոք Թուրքիայի հիստերիան մարո՞ւմ է, պրն. Շիվերլինգն ասաց, թե կարծում է, որ այո, քանի որ Բունդեսթագի բանաձեւը քաղաքական փաստաթուղթ է, հայտարարություն է, դա օրենսդրական ակտ չէ, իրավական հետեւանքներ չի առաջացնում, եւ Թուրքիան պետք է դրանով բավարարվի: «Ինչ վերաբերում է Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը, կառավարությունը համամիտ է եւ պաշտպանում է Բունդեսթագի բանաձեւը»,- հավաստիացրեց գերմանացի պատգամավորը:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ