Նոր փաստավավերագրական ֆիլմ՝ «Արեւը ցեխով չես ծածկի»

Նոր փաստավավերագրական ֆիլմ՝ «Արեւը ցեխով չես ծածկի»

Այսօր, ժամը 16։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա լրագրող, տարածաշրջանային եւ միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանի «Արեւը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Ֆիլմն Արեւմտյան Հայաստանի ավելի քան 4.5 մլն. հայերին նվիրված «Վերադարձի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմաշարի 6-րդ մասն է: Նկարահանումները կատարվել են ՀՀ-ում, Թուրքիայի տարբեր շրջաններում, Արեւմտյան Հայաստանում եւ տեւել 4 տարի՝ 2012-2016թթ.: Առաջին ցուցադրությանը ներկա կլինեն նաեւ թուրք եւ քուրդ գործիչներ՝ Թուրքիայից, այդ թվում հայեր՝ Արեւմտյան Հայաստանից: Ֆիլմի շուրջ զրուցեցինք հեղինակ Նաիրի Հոխիկյանի հետ։ 



- Նաիրի, ինչո՞վ է պայմանավորված ֆիլմի նման անվանումը՝ «Արեւը ցեխով չես ծածկի»։



- Ֆիլմի այս վերնագիրը վերցված է թուրքական ասույթից: Թուրքերն այդպիսի խոսք ունեն՝ արեւը ցեխով չես ծածկի, որը նշանակում է՝ իրականությունից չես փախչի: Քանի որ իմ վավերագրական ֆիլմի հիմնական ասելիքը ցեղասպանության հետեւանքներն ու ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանում պահպանված հայերն են, ապա «Արեւը ցեխով չես ծածկի» վերնագրով ուզում եմ ասել, որ թուրքական ժխտողականությունը մեռելածին է: Չնայած թուրքական կրթական համակարգը, պետությունը, քաղաքականությունն ամեն ինչ անում են՝ բացառելու հայկական մշակութային, ազգային եւ հոգեւոր գոյությունն այդ երկրի արեւելյան շրջաններում, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս: Այնտեղ այսօր ավելի քան 4 մլն. մարդ հայկական ինքնության կրող է, մի մասը՝ թուրքի կամ քրդի անունով, մի մասը՝ մահմեդական, բայց ինքնությամբ՝ հայ, հայկական գեներով: Կարեւոր է, որ այդ մասին խոսում են ոչ միայն հայ կամ օտար գործիչներ, այլեւ հենց թուրքերն ու քրդերը, մարդիկ, որոնց նախնիները ցեղասպանության հեղինակներն են:



- Հե՞շտ էր գտնել թուրք եւ քուրդ գործիչների, որոնք տեսախցիկի առաջ ազատորեն կխոսեին Հայոց ցեղասպանությունից, ժխտողականությունից, հատուցումից։ Եղե՞լ են գործիչներ, որոնք նկարահանումներից առաջ նախապայմաններ են դրել։



- Գիտեք, այն, ինչ կապված է Թուրքիայի հետ, հեշտ ասելը ճիշտ չի լինի, բայց միաժամանակ չեմ ուզում իմ աշխատանքը ներկայացնել որպես սիզիֆյան աշխատանք: Համենայնդեպս, լուրջ խնդիրներ երբեւէ չեն եղել: Ի տարբերություն ֆիլմաշարի նախորդ մասերի, այս մասի հերոսների մեծ հատված նկարահանվել է Հայաստանում, քանի որ խնդիր էր դրված՝ թուրքերն ու քրդերը պետք է Ծիծեռնակաբերդ այցելեն ու այնտեղ ներողություն խնդրեն հայ ժողովրդից: Պետք է ասեմ, որ ֆիլմի քուրդ-թուրք հերոսների մեծ մասն իրոք բարոյական պահանջ են զգացել՝ զղջման խոսք ասելու, բայց եղել են նաեւ մարդիկ, որոնք Երեւանում ասել են մի բան, իսկ Թուրքիայում հրապարակավ հայտարարել են, թե ցեղասպանություն չի եղել, հայերը ստում են: Դա էլ է օրինաչափ: Եղել են մարդիկ, որոնց համար այդպիսի քայլը զուտ քարոզչություն էր։ Ի վերջո, այսօր թուրքական հանրության համար ցեղասպանության ճանաչումը հերոսության նման մի բան է: Այդ ամենը մենք հաշվի ենք առել, բայց այն, որ ցեղասպանության մասին խոսում են թուրք, քուրդ հեղինակավոր գործիչներ՝ քաղաքականության, մշակույթի, կրթության, երաժշտության, առողջապահության ոլորտներից, արդեն լուրջ քայլ է՝ փոխելու այդ հասարակության մտածողությունը:



- Այսօր շա՞տ են այն թուրք գործիչները, մտավորականները, որոնք հասկանում են, որ իրենք կեղծված պատմության սերունդն են։ Նրանք այսօրվա Թուրքիայում որքանո՞վ են եղանակ փոխում։



- Որպես նախորդ հարցի տրամաբանական շարունակություն՝ նշեմ, որ Թուրքիայում մտավորականության ճնշող մեծամասնությունը գիտի իր արյունոտ պատմության մասին: Ոմանք դեռեւս լռում են վախի պատճառով, բայց, ընդհանուր առմամբ, այս գործընթացն անկասելի է: Թուրքական իշխանությունն էլ է լավ հասկանում, որ ժխտողականությունը երկար կյանք չունի, որ սեփական հանրությունն է արդեն պայքարում ճանաչման եւ նույնիսկ հատուցման համար: Այն, ինչ դեռեւս հայերս չենք պահանջում, սկսել է պահանջել թուրք հանրությունը՝ ճանաչելուց հետո հատուցել հայ զոհերի կորուստների համար: Կան թուրք, քուրդ գործիչներ, որոնք խոսում են նույնիսկ տարածքային հատուցման անհրաժեշտության մասին:



- Ի՞նչ ես կարծում՝ Արեւմտյան Հայաստանում ապրող այսօրվա հայի ինքնության պահպանման խնդիրները նո՞ւյնն են, ինչ որ 100 տարի առաջ։



- Նույնը չեն: 100 տարի առաջ հայերն իրենց բնօրրանում ֆիզիկական գոյությունը պահպանելու խնդիր ունեին, այսօր այդ հայերի համար չկա այդպիսի խնդիր, այսօր ավելի կարեւոր է նրանց հայ մնալը: Մարդիկ կրում են թուրքական, քրդական անուն-ազգանուններ, մահմեդական են, մեծ մասամբ հայերեն չգիտեն: Հիմա մեզ համար օրախնդիր է նրանց վերադարձնել ազգային ինքնությանը մեկ հիմնական գործոնով՝ սովորեցնել հայերեն եւ հայոց պատմություն, իսկ թե երբ կորոշեն դառնալ նաեւ քրիստոնյա կամ, ընդհանրապես, այդպիսի ցանկություն կունենան, թե ոչ, ժամանակի հարց է:



- Ենթադրում եմ, որ ամենահուզիչ պահերը ծպտյալ հայերի հետ հանդիպումներն են եղել, որոնք կամ ընդհանրապես չեն խոսում հայերեն, կամ հատուկենտ բառեր են օգտագործում։ Այսօր ինչպե՞ս են ապրում նրանք, վախենո՞ւմ են, թաքցնո՞ւմ իրենց ինքնությունը, հասարակ մարդկանց հետ շփումներում ի՞նչ բացահայտումներ եւ օրինաչափություններ ես նկատել։



- Ծպտյալ կամ, ինչպես ես ավելի ճիշտ եմ համարում ասել՝ ազգային ինքնությունը պահպանած հայերը մեզ համար նոր աշխարհ են: 100 տարի մենք լսել ենք, որ Արեւմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվել է, այնտեղ էլ հայեր չեն մնացել, թուրքերն ու քրդերն ամենադաժան ձեւով են ոչնչացրել մեր հայրենակիցներին, մեր պապերին: Բայց հանկարծ մենք պարզում ենք, որ, չնայած այդպիսի դաժանություններին, մեր բնօրրանում, այնուամենայնիվ, կան հայեր: Ոչ միայն կան, այլեւ պահպանում են իրենց ազգային ինքնությունը, շատերը տեր են կանգնում հայկական պատմաճարտարապետական հուշարձաններին, պայքարում դրանց նորոգման ու վերականգնման համար: Չեք պատկերացնի, թե ինչ ոգեւորությամբ են հայերը Մուշում, Վանում, Դերսիմում, Ալաշկերտում եւ այլ վայրերում գալիս մեզ հետ շփվելու, հայերեն սովորելու: Դա մի իրականություն է, որը երբեմն մարդուն ստիպում է սարսռել. այսինքն՝ ուրիշ աշխա՞րհ էլ կա… այո, կա, եւ այդ աշխարհը մեր հայրենակիցների, մեզնից ոչնչով չտարբերվող հայերի աշխարհն է:



- Ֆիլմը ցուցադրվելո՞ւ է Թուրքիայում, եթե այո՝ որտե՞ղ։



- Ֆիլմի ցուցադրության հետ կապված վերջնական պայմանավորվածություններ, հասկանալի պատճառներով, դեռ չկան: Թուրքիան մի երկիր է, որտեղ քանի դեռ չկա իրողությունը, չես կարող ասել, որ այն կլինի: Ֆիլմի թուրքերեն տարբերակը կտեսնի թուրքական հանրությունը, բայց թե երբ եւ ինչպես, առայժմ կխուսափեմ ասել:



- «Արեւը ցեխով չես ծածկի» ֆիլմը «Վերադարձի ժամանակը» փաստավավերագրական ֆիլմաշարի 6-րդ ֆիլմն է, ո՞րն է լինելու հաջորդ ֆիլմը, եւ ինչի՞ մասին է այն պատմելու։



- Ֆիլմաշարի նախորդ 5 մասերի հերոսները բացառապես Արեւմտյան Հայաստանի հայերն են: 6-րդ մասը փոքր-ինչ տարբերվեց ասելիքի եւ հերոսների առումով: Բնականաբար, շարունակելու եմ աշխատել Արեւմտյան Հայաստանում եւ նկարահանել նոր ֆիլմեր: Դրանք եւս հետեւողականորեն ներկայացնելու են մեր հայրենակիցների վերահայանալու գործընթացը. սա նաեւ քաղաքական գործընթաց է: Կարեւոր է, որ այս ֆիլմաշարում ես երբեւէ ատելության խոսք չեմ ասել եւ չեմ ասելու թուրք կամ քուրդ հանրությունների հասցեին: Այստեղ խոսվում է իրականության մասին, ինչից փախչել երբեք եւ ոչ ոք չի կարող: Ֆիլմաշարի վերնագիրն էլ հենց այդ է նշանակում՝ իրականությանը վերադարձի ժամանակը: Միայն հասարակությունների հաշտեցման ճանապարհով է հնարավոր հաշտեցնել պետություններին, իսկ որ Հայաստանն ու Թուրքիան պետք է հաշտվեն, կասկածից վեր է, այլ կերպ՝ թշնամությունը կլինի հավերժական: Ես կարծում եմ, որ թշնամությունը ոչ մեզ, ոչ թուրքերին պետք չէ, կարեւոր է արդարության հենքի վրա կառուցել հաշտություն եւ խաղաղ հարեւանություն, ինչը երկարատեւ աշխատանքի արդյունք է լինելու:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ