Ռուբեն Հովսեփյանն այս սերնդի վերջին մոհիկաններից էր․ հիշում են գրչընկերները

Ռուբեն Հովսեփյանն այս սերնդի վերջին մոհիկաններից էր․ հիշում են գրչընկերները

«Ռուբեն Հովսեփյանի մահը ցավալի կորուստ է։ Նա գրականության մարդ էր, ով իր անկյունը ստեղծեց գրականության մեջ»,-ասում է գրող, գրականագետ Դավիթ Գասպարյանը ու հիշում, որ Ռուբեն Հովսեփյանի հետ շփվելու առիթներ շատ է ունեցել․ «Ժամանակին առիթ ունեցել եմ նրա մի քանի վիպակների մասին գրելու, մոտիկից գիտեմ, կարդացել եմ նրան։ Գրական ընտանիքի լիարժեք անդամներից մեկն էր, ում բացակայությունը իհակե կզգացվի։ Նա եկավ գրականություն մի ուրիշ աշխարհից, մասնագիտությամբ երկրաբան էր, բայց գրական նվիրումը բերեց մի աշխարհ, որտեղ դարձավ ուրիշ երկրաբան, բայց արդեն՝ խոսքի, բառի։ Շատ ցավով եմ ասում, որովհետեւ ծանր կորուստ է, իսկ նրա վաստակը քիչ չէ՝ վեպեր, վիպակներ, պատմվածքներ, նա նաեւ հրապարակագրական ելույթներ ունի, որոնք արժանի են հիշատակման։ Գրողին պետք է դիտել ոչ միայն իր գեղարվեստական խոսքով, այդ գեղարվեստական խոսքը լրացվում է նաեւ նրա քաղաքացիական նկարագրով, քաղաքացիական շեշտադրում ունեցող զրույցներով՝ գրավոր, թե բանավոր, դրանք ամբողջանում են ու դառնում գրողի կերպար»։  



Դավիթ Գասպարյանը հիշում է, որ վերջին անգամ Ռուբեն Հովսեփյանին հանդիպել է 2 տարի առաջ՝ նարդու սեղանու շուրջ, Ծաղկաձորում․ «Բավականին անկեղծ զրույցներ էր վարում, նույնիսկ շատ անկեղծ։ Ինձ համար հիշարժան էր նրա հիշողության հետեւողականությունը, որովհետեւ 30-40 տարի առաջվա բաներ էր հիշում, կիսատ մնացած կամ չավարտված որեւէ դրվագ, ու դա ոչ միայն մեր երկուսի հետ կապված, այլ ընդհանուր գրական միջավայրի եւ մտովի լրացնում էր, զրույցներ գրում»։



«Ռուբիկը մեր լավագույն գրողներից էր, լավ մտածող, հավասարակշռված, կյանք ապրած, կյանք տեսած, ամեն ինչի միջով անցած, խորը եւ լուրջ անձնավորություն,-իր խոսքում ընդգծում է բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանը, ապա հիշում,- Մենք միասին մեկ ամիս եղել ենք Գերմանիայում՝ իրենց գրողների միության հրավերով։ Այդ ընթացքում ես տեսա, թե ինչպիսի հրաշալի անձնավորություն է ինքը, այդտեղ անցկացված գրական երեկոներից մեկի ժամանակ նրա պատմվածքներից մեկը կարդացին, որը գերմանացիները շատ հավանեցին, ու վերջում բոլորը մոտեցան ձեռքը սեղմեցին։ «Պատմության դասը» վերնագրով պատմվածք ուներ, որը հենց այնտեղ էլ գերմաներեն հրատարակվեց։ Ինձ համար շատ ցավալի է այս կորուստը, որովհետեւ նա այս սերնդի վերջին մոհիկաններից էր, նրանով շատ բան դատարկվեց, եւ որեւէ մեկը չի կարող այդ տեղը լրացնել»։



Հենրիկ Էդոյանին խնդրում եմ հիշել, թե Ռուբեն Հովսեփյանի հետ ինչ թեմաների շուրջ էին զրուցում, բանավիճում․ «Ռուբենի հետ ժամանակին բանավեճեր ունեցել ենք, բայց մեծ հարգանքով ու սիրով միմյանց նկատմամբ։ Անգամ այդ բանավեճերից հետո լավ ընկերներ ենք մնացել։ Ես իրեն էի հարգում, ինքը ինձ, չնայած 80-ական թվականներին մեր հայացքները տարբերվում էին գրականության նկատմամբ, բայց դե գրականությունը գրականություն է՝ ինչ էլ որ ուզում է լինի։ Նրա մահվան մասին լուրը 5 րոպե առաջ լսեցի, ու մարմինս փշաքաղվեց մի պահ, գիտեի, որ հիվանդ էր, պայքարում էր հիվանդության դեմ, բայց դե ինչ կարող ես անել, մարդու ճակատագիրն է այդպիսին»։   



Հ․Գ. Արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանը մահացել է այսօր՝ իր կյանքի 77-րդ տարում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Ճիչ» (Երևան, 1975), «Ճայերը» պատմվածքների ժողովածուները (Երևան, 1981): 1975-ին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը: 1983-ին «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Ամենատաք երկիրը», որն ամփոփում է Հովսեփյանի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը, 1984-ին՝ «Որդան կարմիր» ժողովածուն, 1985-ին՝ «Ժամանակակից հայկական պատմվածք» մատենաշարով ՝ «Ապրիլ» ժողովածուն:



Ռ. Հովսեփյանի սցենարով նկարահանվել են «Հնձան» («Հայֆիլմ», 1973), «Ամենատաք երկիրը» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1983), «Ապրիլ» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1985) կինոնկարները: Ռուբեն Հովսեփյանն է հայալեզու ընթերցողին առաջինը 1979թ. ծանոթացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերին՝ իր հրաշալի թարգմանություններով. «Հարյուր տարվա մենություն», ապա նաև՝ «Նահապետի աշունը»: