Մենք ազգ ենք, և ոչ` խալխ

Մենք ազգ ենք, և ոչ` խալխ

Իսկ ինչո՞ւ 1000-ական դրամ չհավաքել անապահով ընտանիքների գազի փողը փակելու համար: Սրանից ավելի վեհ, մարդասիրական քայլ դժվար է մտածել: 1000-ական դրամ էլ ոստիկանության համար հավաքենք, որովհետև նրանք էլ են մեկ-մեկ զոհվում և հավասարեցված են զինծառայողներին: Է՞լ ում կարելի է օգնել: Հա, Կարեն Կարապետյանը ահագին մարդու փողոցում թողեց, անգործ: Նրանց էլ պետք է հասնել, մեր մարդիկն են, ուրիշ չեն: Սիրիահայերին չմոռանանք: Հրանուշ Հակոբյանը չկարողացավ նրանց օգնության սուրբ գործը սփյուռքահայերի վրա դնել: 1000 դոլար չեն տալիս, բայց 1000 դրամ կտան, մենք էլ կտեսնենք ու կոգևորվենք: Գյուղացուն սերմացու է պետք: 1000 դրամն ի՞նչ է, որ չհավաքենք դրա համար, մանավանդ, որ սեզոնին կարելի է էժան գնով լոլիկ ու վարունգ ունենալ: Իսկ մինչև սերմացուն, քանի որ առջևում ձմեռ է, 1000-ական դրամ հավաքենք անասնակերի համար: Եթե 1000 ական դրամ էլ հավաքենք էլեկտրականության համար, այն մեր երկրում զգալի` ընդհուպ մինչև 3 դրամ կեժանանա:



Որպեսզի մարզերի բնակչությունը Երևանի համեմատ արտոնյալ վիճակում չհայտնվի, դե գյուղեր են, փողը երբեմն գյոլ է տալիս ծախսելու տեղ չլինելու պատճառով, կարելի է մարզերում 2000-ական հավաքել և 1000-ը ուղղել երևանցիների գրպանը, որպեսզի սուպերմարկետներում վաճառվող տոպրակների գինը դուրս գա:



Համացանցը աղմկում է, մարդիկ դժվարությամբ են բաժանվում իրենց 1000 դրամներից: Այդպես չի կարելի, սիրելի հայրենակիցներ, ի՞նչ կմտածեն ձեր մասին Ադրբեջանում: Մարդ պետք է մի քիչ հայրենասեր լինի: Հո միայն օլիգարխնե՞րը չեն ճակատագրով հայրենասեր: Նրանք էլ ձեզ նման հայ են, պարզապես մի քիչ շատ փող ունեն և մեկ էլ սոսնձված են պետությանը: Նրանց կյանքն էլ մի բան չէ` անընդհատ ճգնաժամ է, հարստացման պրոցեսը սահուն չի ընթանում, օբյեկտները փող չեն բերում: Ասում եմ` շատ չէ, մի 500-ական էլ նրանց համար հավաքենք, որ ռիթմից չընկնեն: «Ֆորբսի» միլիարդատերերի ցանկում նմուշի համար մի հայաստանցի չկա, ամոթ է: 



Ասում ա` մի հալի չենք, բայց մի տնից ենք: Որ մենք իրար չօգնենք, ո՞վ պետք է օգնի: Ահավասիկ` Պուտինը մի հատ Իսկանդեր է տվել, մինչև հիմա չենք կարողանում նրա լավության տակից դուրս գալ: Օտարը ձրի բան չի տալիս, սա պետք է լավ իմանանք և թիկունք լինենք զմիմեանս:



Չարությունը դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Մերձավորիդ պետք է սիրես, այլ ճանապարհ չկա: Ի՞նչ է նշանակում` կոռումպացված պաշտոնյաներին բռնել, փողերը ձեռքներից առնել: Չի կարելի նման բան անել: Այդ պաշտոնյաները (ներկա և նախկին) պետք է վերջապես հասկանան, որ իրենք էլ են հասարակության անդամ, բոլորին հավասար և իրենք էլ են 1000-ական տալիս: Այլապես կխրտնեն և այդպես էլ մարդ չեն դառնա:



Ամփոփեմ:



Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է արդեն հասկացած լինեինք, որ դժվար պահերին Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում «խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է» նշանաբանով: Եթե հիշում եք` Տեր-Պետրոսյանն ասում էր հարևանից պարտք վերցրեք, յոլա գնացեք: Այնպես որ Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը նորություն կամ, առավել ևս, գյուտ չէ: Սերժ Սարգսյանն ունի մի պրոֆեսիոնալ վարչապետ, իսկ նա էլ` մի պրոֆեսիոնալ թիմ, որի երևակայությունը հերիքել է 1000-ական դրամ հավաքելու այս ծաղրուծանակին: Հայրենասիրությունն էլ, որ կպցրել են պոչին մեծագույն դեմագոգիա է: Երբ զոհված տղայի ծնողի հետ խոսում ես դարպասների մյուս կողմից, կամ պաշտպանության նախարարը մեռելներ համբուրելով է փորձում մեղքը քավել, հասկանում ես, որ ազգ-բանակ հասկացությունը գոնե մինչ օրս հարաբերական է եղել: Տպավորություն է ստեղծվում, որ մինչ օրս մենք չէինք պահում բանակը կամ մենք չէինք գոյացնում այն թեկուզ փոքրիկ միջոցները, որ հատկացվում էին զոհվածների ընտանիքներին: Հիմա եկել, մեզ հորդորում են մասնակից լինել այդ գործին: Զավե՞շտ է: Այո: Պարտավո՞ր ենք տալ 1000 դրամ: Այո: Այո, եթե քաղաքացի ենք և ոչ` խալխ, այո, եթե ասում ենք, որ մենք ենք տերը մեր երկրի: Բայց մեդալի մյուս երեսն էլ նայենք: Պրոֆեսիոնալ կառավարության առաջին և առայժմ միակ հոդաբաշխ հայտրարարությունը եղել այն, որ թոշակները չեն բարձրանալու: Վաղը կհայտարարեն, որ չեն բարձրանալու նաև աշխատավարձերը: Այստեղից եզրակացություն` ժողովուրդ ջան, մեր ուսուցիչները խեղճ են ապրում, մի 1000 դրամ էլ նրանց համար հավաքեք:



Էդիկ Անդրեասյան