ՀՀԿ իրավական բլոկը ցուցադրական վեճերի մեջ է

ՀՀԿ իրավական բլոկը ցուցադրական վեճերի մեջ է

Երեկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրի նիստին ամենաերկար ելույթն ունեցավ։ Վարչապետը նույնիսկ խոստովանեց, որ սա իր լսած ամենաերկար զեկույցն էր։ Ա․ Հովհաննիսյանը որոշումների երեք նախագիծ էր բերել։ Կարճ ներկայացրեց նախարարության կազմում ՊՈԱԿ-ների կրճատման հարցը, 4 բանկերի կողմից պետական ծառայությունների փոխարեն տեղեկանքների ու վկայագրերի տրամադրման մասին որոշումը եւ երկար-բարակ անդրադարձավ ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը։ Նա վրիպակներ, տեխնիկական թերություններ, նաեւ Սահմանադրության տառի եւ ոգու հետ անհամապատասխանություններ է գտել այս օրինագծում, որոնք սկսեց հատ-հատ ներկայացնել։ Կառավարության դիտողությունները վերաբերում էին մշտական հանձաժողովներում տեղերի բաշխման համամասնությանը, քննիչ հանձնաժողովների իրավունքներին, արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու ընթացակարգին, խորհրդարանական վերահսկողության ընդլայնմանը, որը, ըստ նախարարի, կարող է խախտել իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սահմանադրական սկզբունքը։ Բոլոր ներկայացված դիտարկումներում նախարարը ելնում է կառավարության շահերից։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նեղ-իրավական վեճի բռնվեցին նախարարի հետ։ Արփինեի դժվարամարս ելույթը քիչ էր, Թովմասյանն էլ էքսկուրս արեց հին Սահմանադրության խորքերը, ասաց, որ, ըստ դրա, կառավարությունն իրավունք ուներ պահանջելու, որ իր ներկայացրած օրինագծերն ընդունվեն միմիայն իր կողմից ընդունված փոփոխություններով։ «Ներկայիս Սահմանադրությամբ այս նորմը դուրս է եկել՝ պահպանվելով 5 օրենքների համար, մնացած բոլոր դեպքերում օրինագծի տերն ԱԺ մշտական հանձնաժողովն է»։ Նա այլ հարցերի մեջ էլ խորացավ, մինչեւ որ վարչապետը «ստոպը» սեղմեց. «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, համ հայտարարություն արեցինք, համ կարճ կառավարության նիստ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի եւ պարոն Թովմասյանի դեբատը երկար չլիներ»։ Բայց այստեղ էլ մտավ Դավիթ Հարությունյանը։ Վարչապետը կրկին արգելակեց. «Դուք ուզում եք մասնագիտական դեբատը բերել այս հարթա՞կ։ Ինչ-որ բաներ եք իրար ասում, որոնց դուք եւ մյուսները մասնակից են։ Առանձին նստեք-խոսեք։ Հարցեր ու առաջարկություններ կա՞ն զեկուցողին»։ Իհարկե, էլ ոչ ոք հարց չուներ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ