Կա կազմակերպված ինչ-որ մի խումբ, որն ուզում է իմ պաշտոնին տիրանալ

Կա կազմակերպված ինչ-որ մի խումբ, որն ուզում է իմ պաշտոնին տիրանալ

ՀՀ սփյուռքի «հիմնադիր» նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ ոգեւորությամբ է խոսում իր իրականացրած ծրագրերի մասին՝ Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու, Սփյուռքի հետ համագործակցության եւ այլն։ Բայց նա քաղաքականապես հպարտանալու այլ առիթներ էլ ունի։ Երեկ մեզ հետ զրույցում առանձնակի հպարտությամբ շեշտեց, թե ինչպես է տղամարդկանց հետ ընտրապայքարում կին լինելով՝ ջախջախել ուժեղ սեռի մրցակիցներին ու անցել խորհրդարան։ «Այո, մեծամասնականով, միակ կինն եմ եղել, որ էդ բոլոր բաները հաղթահարել եմ»,- իր անցած ուղու մասին հիշելով՝ պատմում էր նախարար Հակոբյանը։



Նկատենք, որ նոր կառավարության ձեւավորման փուլում, երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, նորից քննարկվեց Հրանուշ Հակոբյանի՝ նախարարի պոստում լինել-չլինելու հարցը։ Բայց այստեղ էլ տիկին Հակոբյանը ցույց տվեց իր ուժը ոչ միայն Հասմիկ Պողոսյանի, այլեւ մի շարք տղամարդ «գիգանտների» նկատմամբ, ինչպիսիք են Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, որոնք հեռացան՝ դառնալով գործազուրկ, իսկ տիկին Հրանուշը մնաց անսասան իր դիրքերում։



Ուստի հետաքրքրվեցինք նրանից, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, որն այդքան շատ է քննարկվում։ «Էդ դուք եք քննարկում, ո՞վ էր քննարկում, ընդամենը լրագրողներդ իրար հետ պայմանավորվում, նյութ եք սարքում»,-ասաց նա, հետո, ամեն դեպքում, բացահայտեց այդ գաղտնիքը․ «Դա պայմանավորված է իմ աշխատանքով, նվիրումով երկրիս, պետությանս, ազգիս»։ Նրան հարցրինք նաեւ, թե ինչպես է պատկերացնում իր քաղաքական ճակատագիրը 2017-ի ընտրություններից հետո, հնարավո՞ր է մասնակցի այդ ընտրություններին ՀՀԿ ցուցակով։ «Կապրենք՝ կտեսնենք, իմ ճակատագիրը միշտ իմ ձեռքում է, տղաս, մի՛ վախեցիր»։



-Տիկին Հակոբյան, սկզբում շատ էին խոսում, որ սփյուռքի նախարարությունն արհեստական նախարարություն է՝ ստեղծված հատուկ Ձեզ համար։



-Դա դուք էիք խոսում, դա ձեր խոսելն էր, ինձ համար հատուկ եթե ուզեին․․․ ես խնդիր չունեմ, ես սոցապնախարար եմ աշխատել, ես աշխատանքի փորձ ունեմ, տարբեր հանձնաժողովներում նախագահ եմ եղել, էդ ինչի՞ չեք ասում՝ ուրիշ երկրներում ուրիշները չեն աշխատո՞ւմ։ Ի՞նչ անենք, թողնենք երկրից գնանք, որ դուք հանգստանա՞ք։ Էսօր փորձն է կարեւոր, գիտելիքն է կարեւոր, աշխատանքի ձեւերն են կարեւոր։



-Հասարակության մեջ գնահատականներ կան, ամեն դեպքում, որ մեզ սփյուռքի նախարարություն պետք չէր, որ միակ երկիրն ենք, որ նման նախարարություն ունենք․․․



-Հասարակության մեջ նման գնահատականներ չկան, լրագրողների կամ կազմակերպված ինչ-որ մի խումբ կա, որն ուզում է էս պաշտոնին տիրանալ, թող գան տիրանան։



-Լրագրողնե՞րն են ուզում տիրանալ Ձեր պաշտոնին։



-Չէ, ուղղորդողները։



-Բայց ասում են՝ մեզ սփյուռքի նախարարություն պետք չէ։



-Բայց դուք չեք որոշում, դա որոշում է Սփյուռքը, որը 20 տարի պահանջեց, եւ Հայաստանի երրորդ նախագահը միայն որոշեց լսել, ականջալուր լինել Սփյուռքին եւ ստեղծել նախարարությունը։ Ես՝ անձամբ, կասկածում էի՝ արժի՞ նման նախարարություն ստեղծել, թե՞ ոչ։ Բայց երբ եկա, սկզբից կոմիտե ստեղծեցինք, այնուհետեւ դա վերափոխվեց նախարարության, ես հասկացա, որ մենք 17 տարի ուշացրել ենք այս նախարարության ստեղծումը, որովհետեւ այդքան հսկայածավալ ռեսուրսը՝ 7 միլիոն եւ ավելի, որը կարիք ունի հարաբերվելու, ճշտելու, հարցադրումներ անելու, դրանք կառավարության կամ նախագահի մակարդակ հասցնելու, իհարկե, պետք է մի դուռ լինի, որ դա հասցնի։ Իհարկե, կան մարդիկ, որ ասում են՝ թող լինի դա ոչ պետական։ Տեսեք, դուք հասարակական կառույց եք, էդ կառույցը մինչեւ որեւէ նախարարի հասնի, վարչապետի հասնի, նախագահի հասնի, ինչքա՞ն ժամանակ է պետք՝ առնվազն ամիսներ։ Իսկ եթե կա սփյուռքի նախարարություն, մեկ, երկու, ամենաուշը՝ երրորդ օրը այդ հարցադրումները տեղ է հասցնում։



-Քանի որ եղանակը ֆանտաստիկ է, ինչպես կասեր վարչապետը, ուզում եմ Ձեզ մի այսպիսի հարց ուղղել՝ Դուք Ձեզ երջանիկ զգո՞ւմ եք այս պաշտոնում (զրուցում էինք ԱԺ բակում):



-Ի՞նչ է նշանակում՝ պաշտոնում երջանիկ զգալ։ Պաշտոնը, նախեւառաջ, պատասխանատվություն է, ծանր բեռ է, լուծ է, որ դու պետք է կրես եւ դու տանես։ Եթե դու վերցնում ես էդ պատասխանատվությունը, դու պետք է բարի լինես կատարել բարեխղճորեն։ Պաշտոնն ինձ համար ոչ վայելք է, ոչ երկնքից իջած մանանա։ Ես 22 տարի եղել եմ այս պառլամենտում եւ այդ 22 տարիների ընթացքում 120-ից ավել օրենքներ եմ գրել եւ դրանց հեղինակն եմ։



-Կարո՞ղ է հաջորդ պառլամենտում նորից լինեք։



-Ինչպես կորոշի հանրապետության ղեկավարությունը, իմ ղեկավարը, ես այնպես էլ կվարվեմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ