Երևան-Վորոնեժ չվերթում հայկական գինիներ, գարեջուր, վերջում էլ չաստուշկա՝ օդանավից դուրս (տեսանյութ, լուսանկարներ)

Երևան-Վորոնեժ չվերթում հայկական գինիներ, գարեջուր, վերջում էլ չաստուշկա՝ օդանավից դուրս (տեսանյութ, լուսանկարներ)

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանից հայկական նորաբաց «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրեց Երևան-Վորոնեժ ուղղությամբ իր առաջին չվերթը։ Հիշեցնենք՝ «Արմենիա»-ն սնանկացած «Արմավիայից» և կարճ կյանք ունեցած «Air Armenia»-ից հետո հերթական տեղական ավիափոխադրողն է, որ փորձում է կայանալ շուկայում և դիմակայել այլ ընկերությունների մրցակցությանը։ Իսկ դա հեշտ չէ՝ հաշվի առնելով, թե ինչ գիգանտների հետ է մրցուղի դուրս եկել։ Նա թռիչքներ է իրականացնում այս տարվա ապրիլից։



Հայաստանյան «բաց երկինքն» այսօր զբաղեցնում են հիմնականում ռուսական, եվրոպական և արևելյան խոշոր ու ազդեցիկ ավիաուղիների ինքնաթիռները։ Եվ սրանց մեջ փորձում է տեղ գրավել նաև մեր տեղական ավիաընկերությունը, որում 25 տոկոս բաժնեմաս ունի նաև վրացական «Airzena» ընկերությունը։ Երեկ Երևան-Վորոնեժ-Երևան անդրանիկ թռիչքի կապակցությամբ «Արմենիա» ավիաընկերությունը նաև լրագրողների էր հրավիրել՝ սեփական աչքերով տեսնելու և գնահատելու Երևան-Վորոնեժ ուղիղ չվերթը «Արմենիա»-ի ինքնաթիռով։ Դեպի Վորոնեժ «Արմենիա»-ի լոգոյով օդանավը երկինք բարձրացավ 67 ուղևորով, նույն օրը Վորոնեժից Երևան վերադարձավ արդեն 104 ուղևորով։ Գումարած՝ ավելի քան տասը հոգանոց լրագրողական խումբը։



Ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանն ասաց, որ «Արմենիա»-ն այս պահին ունի երկու օդանավ, մեկը՝ Boeing 737-500, որը Վորոնեժ թռչողն էր, մյուսը՝ Boeing 737-700: Մենք տեղեկացանք, որ կա ևս մեկ օդանավ, որը դեռևս ներկված չէ, «մերկ» վիճակում է, բայց անհրաժեշտության դեպքում թռիչքներ իրականացնում է։ Բացի Վորոնեժից, այդ օդանավերը թռչում են նաև Մոսկվա, Թեհրան, Մին Վոդի, ապրիլից էլ՝ Բեյրութ։



Ամերիկյան արտադրության այս «Բոինգները» բավականին թարմ են՝ ընդամենը 6-7 տարվա հնության։ Իհարկե, դրանք Boeing-ի հիմնականում բյուջետային մոդելներն են՝ ոչ շատ տարողունակ և ոչ այնքան բարձրակարգ հարմարավետությամբ, բայց բավարար են երկուժամանոց ճանապարհը հարմարավետ և անվտանգ թռչելու համար։ Ի վերջո, մրցակից ընկերությունների՝ նման թռիչքներ իրականացնող օդանավերը ևս հենց այսպիսի Boeing-ներ են կամ ֆրանսիական Airbus-ի A320 մոդելի օդանավեր։



Տոմսերի արժեքը՝ Երևան-Վորոնեժ ուղղությամբ, սկսում է 49 եվրոյից, որի մեջ սակայն, անվճար ուղեբեռ և տոմսի վերադարձի հնարավորոթյուն չի մտնում։ Միջին արժեքի տոմսը 120 եվրոյի սահմաններում է, որն արդեն ծառայությունների բավականին հարուստ փաթեթ է ներառում՝ տոմսի վերադարձ կամ փոփոխություն, անվճար 25 կգ ուղեբեռ և այլն։ Բայց, անկախ տոմսի արժեքից, «Արմենիա»-ի օդանավերում, ի տարբերություն, օրինակ, ուկրաինական կամ ռուսական շատ այլ ավիաուղիների, հաստատ քաղցած չես մնա։ Այստեղ քեզ անվճար առաջարկում են հավի մսով ու գարնիրով որևէ տաք ուտեստ, թարմ աղցան, հայկակայն արտադրության «Արմենիա վայն» գինիների տեսականի, հայկական «Կիլիկիա» գարեջուր՝ հատուկ շշալցված «Արմենիա»-ի համար, հայկական արտադրության բնական հյութեր, լիմոնադ և ջուր։ Միայն սուրճն ու թեյն է, որ հայկական չեն։ Բիզնես դասում, բնականաբար, այս ամենն ավելի ճոխ երանգներ է ստանում։ Ռուսական և ուկրաինական ավիաուղիներից օգտվելիս համարժեք տոմսի և նույն տևողության թռիչքների ժամանակ քեզ միայն մեկ բաժակ ջուր են առաջարկում, ուրիշ ոչինչ։ Իսկ եթե ուզում ես օգտվել մենյուից և որևէ բան ուտել, ուրեմն պետք է վճարես, այն էլ՝ բավականին բարձր գներով։



Ինքնաթիռի սրահում հայ բորտ-ուղեկցորդուհիներն են, որոնք ազատ շփվում են երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և սպասարկում են անմիջական ու բարեհամբույր կերպով, ինչը կրկին չես հանդիպի հատկապես ռուսական ավիաուղիների օդանավերում։ Այս առումով սպասարկումը «Արմենիա»-ում, կարելի է ասել, բավականին բարձր մակարդակի վրա է, թեպետ գուցե դրան նպաստում էր նաև լրագրողների ներկայություն։ Ամեն դեպքում, եթե այսպես շարունակվի, նորաստեղծ «Արմենիա»-ն առնվազն սպասարկմամբ կարող է մրցակցել տասնամյակների պատմություն ունեցող և էլիտար դասի համարվող ռուսական «Աէրոֆլոտի» հետ։ Իհարկե, ռուսական այս գիգանտի հետ լիարժեք մրցակցության դուրս գալը՝ բոլոր ասպեկտներով, մեծ երազանք կարող է լինել մեզ համար։



«Արմենիա»-ի ամենամեծ խնդիրը գնային քաղաքականությունն է, որի մասին երեկ չցանկացավ խոսել ընկերության տնօրենը՝ խոստանալով հետո անդրադառնալ այդ թեմային։ Ուղևորների հետ զրուցելիս հասկացանք, որ նրանց համար տոմսերի արժեքը բավականին թանկ էր։ Որքան էլ որ նրանք գոհ էին սպասարկումից և վերաբերմունքից, բայց, մեկ է, շատերի խոսքով՝ ավելի լավ է տոմսերը մի քիչ էժան լինեին, քան իրենց ինքնաթիռում գինի ու միս հյուրասիրեն։ Նրանց դժգոհության տրամաբանությունն այն էր, որ թռիչքի տևղությունն այդքան էլ երկար չէ, որ չդիմանան առանց ուտել-խմելու։ Բացի այդ, Ռուսաստանի քաղաքներ հիմնականում թռչում են արտագնա աշխատանքի մեկնողները, որոնց աչքին ավելի շատ ցածր գինն է երևում։ Մենք ստուգեցինք՝ Երևան-Վորոնեժ-Երևան եկող երեքշաբթի օրվա չվերթի տոմսը՝ ուրբաթ օրվա հետադարձով, այսօր գնելու դեպքում արժե նվազագույնը 67 հազար դրամ։ Հիշեցնենք՝ թռիչքներն իրականացվում են երեքշաբթի և ուրբաթ օրերին։



Վորոնեժ ժամանելուն պես՝ լրագրողներին և առաջին ուղևորներին անակնկալներ էին սպասվում։ Նախ հենց օդանավի մոտ մեզ դիմավորեցին Անդրեյ անունով ռուսական «Дед Мороз»-ն ու ռուս «մատրյոշկաների» աղմկոտ «պատվիրակոթյունը»՝ Հայաստանին նվիրված չաստուշկայով։ Վորոնեժի -21 աստիճան ցրտին նրանք, մինչև մեր ներս մտնելը, ամեն ինչ արեցին, որ ջերմացնեն արևոտ Երևանից ժամանած հայ ուղևորների գոնե հոգիները։



 



Իսկ արդեն օդանավակայանի ներսում ավելի ջերմ և հայկական մթնոլորտ էր տիրում։ Այստեղ մեզ հայկական երգ ու պարով դիմավորեցին վորոնեժցի հայ երեխաները։



Այնուհետև «Արմենիա» ավիաընկերության տնօրինությունը նախ10 տոկոսանոց զեղչի քարտեր բաժանեց մեկնող և վերադարձող բոլոր ուղևորներին՝ առաջին չվերթի կապակցությամբ, ապա նաև խաղարկոթյուն անցկացրեց, որով մի ուղևոր անվճար տոմս շահեց, մի քանիսն էլ 50 տոկոսանոց զեղչի քարտեր նվեր ստացան։ Վերջում լրագրողների համար հանդիպում էր կազմակերպված Վորոնեժի հայ համայնքի ներկայացուցիչների և օդանավակայանի տնօրինության հետ։ Այստեղ պարզվեց, որ սա Երևան-Վորոնեժ ուղիղ չվերթի իրականացման առաջին փորձը չէ, նախկինում էլի են եղել, բայց դրանք երկար կյանք չեն ունեցել։ Ուստի «Արմենիա»-ին մաղթեցին այս չվերթի շարունակականություն՝ նշելով, որ դրա պահանջարկն այսօր շատ կա։



Հ․Գ․ Վերադարձին, երբ թերթում էինք օդանավում եղած «Արմենիա» ամսագիրը, մեր ուշադրությունը գրավեց ընկերության մասին պատմող մի հոդվածի հետևյալ միտքը․ «Մեզ համար ոչ միայն հաճույք է հայկական դրոշն օդ բարձրացնելը, այլև պատասխանատվություն»։ Ինքնաթիռի վրա, սակայն, հայկական դրոշ չգտանք։ «Արենիա»-ի օդանավը ներկված էր կապույտ ու սպիտակ գույներով, պոչամասին ընդամենը մի լատիտառ А էր նշմարվում, և եթե կողամասերին Armenia գրությունն էլ չլիներ, կարելի էր կարծել՝ ռուսական UTAir-ն է կամ վերջերս մեր օդային տարածք մուտք գործած «Պոբեդա»-ն։ Իսկ ու՞ր է հայկական դրոշը։ Ո՞ւր է հայկականը, առհասարակ, «Արմենիա»-ի օդանավերի վրա։ Մեր նկատած այս հակասությունը բորտ-ուղեկցորդուհին խոստացավ անպայման փոխանցել ընկերության ղեկավարությանը։ Թեպետ փորձեց բացատրել, որ միտքը պետք չէ բառացի հասկանալ, այլ գաղափարն է կարևոր։ Ամեն դեպքում, ցանկալի կլինի, որ «Արմենիա»-ի ինքնաթիռները ոչ միայն գրությամբ, այլև ավելի հայկական լոգոյով ու ձևավորմամբ հիշեցնեն Հայաստանի մասին։ Բրենդինգի տեսանկյունից նման ատրիբուտները կարևոր են։ «Արմավիա»-ն, օրինակ, այդ տեսակետից շատ ավելի հայկական էր երևում։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ