Լեվոն Տեր-Պետրոսյանը երբեք արյունահեղության չի տարել

Լեվոն Տեր-Պետրոսյանը երբեք արյունահեղության չի տարել

Շաբաթ օրը կայացած ՀԱԿ 20-րդ համագումարից առաջ զրուցեցինք ՀԱԿ անդամ, ժամանակին «յոթի գործով» բանտարկված նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հետ։ Վերջինս, նախ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նորից քաղաքականություն վերադառնալու կամ ակտիվանալու հարցին, ասաց, որ Տեր-Պետրոսյանը միշտ եղել է քաղաքականության մեջ։ «Լեւոն Տեր-Պետրոսյանի առկայությունը քաղաքականության մեջ քաղաքականությանը միշտ նոր երանգ է հաղորդում, քաղաքական այդ անցուդարձի մեջ ինքն իր ծանրակշիռ դերով միշտ բալանսավորում է, սթափ վիճակ է հաղորդում քաղաքական ուժերին։ Եվ դա հենց այնպես չէ»,-ասաց նա։



- ՀԱԿ-ի շանսերն առաջիկա ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ նոր մրցակից ուժեր են ի հայտ եկել, որոնց թվում, ի դեպ, նաեւ ՀԱԿ նախկին անդամներ կան։



- ՀԱԿ-ը քաղաքականության մեջ միշտ իր ծանրակշիռ դերն է ունենալու, դա պայմանավորված չէ նրանով, թե քանի տեղ կունենա խորհրդարանում։ ՀԱԿ-ն այն լուրջ քաղաքական ուժն է, որն իր ներկայությամբ եւ այդտեղ հավաքված մարդիկ երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ են, որոնք միշտ իրենց աշխատանքով, գործունեությամբ նպաստում են մեր երկրի զարգացմանը, հզորացմանը։ Եվ ՀԱԿ-ի ծանրակշիռ դերը նաեւ կրիտիկական պահերին է երեւում երկրի ճակատագրում, որովհետեւ իշխանություն ունեցած քաղաքական ուժ է, որը գիտակցում է խորքային պրոցեսները։



- Ո՞ր կրիտիկական պահերի մասին է խոսքը, օրինակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ էր գրում Սերժ Սարգսյանին տարբեր իրադարձություններից հետո, դրա՞նք նկատի ունեք։



- Բոլոր կրիտիկական պահերին, քանզի նա երբեք ամբիցիաներ չի ցուցաբերել։ Նա միշտ պետական շահը գերադասում է անձնականից, եւ այդ կրիտիկական պահերին ինքն ամեն ինչ դնում է մի կողմ եւ հանուն երկրի ճակատագրի իր խոսքն ասում է։ Դա ե՛ւ Հոկտեմբերի 27-ից հետո է եղել, ե՛ւ ապրիլյան պատերազմում, ե՛ւ մյուս բոլոր կրիտիկական պահերին, եւ մեր ժողովուրդը դա միշտ զգացել է։ Թեկուզ ապրիլյան պատերազմին Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը, հայտարարությունը մեծ ազդակ եղավ, եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի հայությունն արձագանքեց։



- Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն հավանական վերադարձին ինչպե՞ս եք վերաբերվում։ Եվ եթե վերադառնա, հնարավո՞ր է Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանի հետ նորից միավորվի, դաշնակցի։



- Ուրեմն Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ մեկի հետ չի միավորվում, եթե միավորվում են, կարող են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միավորվել։ Դրանց մեջ տարբերություն շատ կա։ Դուք պետք է պարզապես գիտակցեք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր երկրորդ հանրապետության հիմնադիրն ու պատմության ընթացքում հազվագյուտ հաղթանակ տարած նախագահն է, որը ոչ թե անձնական, այլ պետական շահով առաջնորդվող մարդ է, ուստի ժամանակակից մանր-մունր իրադարձությունների գնահատման պրոցեսում պետք է շատ զգույշ լինել։



- Արդյոք մանր-մունր իրադարձությո՞ւն էր երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը, երբ Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը նույն հարթակում էին, փորձում էին հեղափոխություն կամ իշխանափոխություն անել, եւ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո այդ ամենն ի չիք դարձավ։



- Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հանուն երկրի ապագայի, ճակատագրի այդ բոլոր մանր խնդիրները մի կողմ է դնում եւ համագործակցում է տվյալ պահին գործող ուժերի հետ։ Եվ դա այդ դեպքերից մեկն էր, որ եղավ այդ համագործակցությունը։ Եվ ինքը, եթե հիշում եք, իր հայտարարություններում ասում էր, որ եթե Վրաստանում կա Իվանիշվիլի, որը կարող է իր միջոցներով երկրում իրավիճակ փոխել, խորհուրդ էր տալիս, որ Գագիկ Ծառուկյանը, եթե ցանկություն ունի ժողովրդի կողքին կանգնելու, ժողովորդին ծառայելու, թող փորձի Իվանիշվիլու դերը կատարի։



- Հենց դա է, որ ասում են՝ Տեր-Պետրոսյանի խորհրդով է Ծառուկյանը որոշել այդ քայլին գնալ, որը, փաստորեն, ձախողվեց Սերժ Սարգսյանի ելույթով։ Ասում են նաեւ, որ Տեր-Պետրոսյանն ուզում էր օգտագործել Ծառուկյանի ֆինանսական ռեսուրսներն ու իր քաղաքական կշիռը՝ հասնելու հեղափոխության։



- Հեղափոխության չէ, երկրում փոփոխությունների․․․ դա վատ նպատակ չէ։ Այլ բան է, որ Ծառուկյանը մինչեւ վերջ չի հետեւել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհուրդներին։ Դեռ հոկտեմբեր ամսից արդեն կար այդ նպաստավոր վիճակը, Լեւոն Տեր-Պետրոսյանն անընդհատ ահազանգում էր, եւ այդ պրոցեսները ձգձգվեցին այնքան, մինչեւ իշխանությունն արդեն վերագտավ իրեն։



- Այդ հետեւելն ինչպե՞ս պետք է լիներ, ակցիաներով, միտինգներով փորձեին իշխանափոխությա՞ն հասնել։



- Դե, չեմ ուզում հիմա անդրադառնալ այդ ժամանակվա դեպքերին․․․



- Որովհետեւ Ծառուկյանն ու նրա կողմնակիցներն ասում էին՝ մենք չէինք ուզում նոր Մարտի 1 լիներ, դրա համար հետ կանգնեցինք։ Այսինքն՝ ըստ էության ակնարկում էին, որ Տեր-Պետրոսյանն էր ուզում տանել նոր Մարտի մեկի, նոր արյունահեղության։



- Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք արյունահեղության չի տարել, Մարտի 1-ի արյունահեղությունն էլ իշխանություններն են արել։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրություններից հետո խաղաղ հանրահավաք էր անցկացնում Ազատության հրապարակում, իշխանություններն իրենք գնացին արյունահեղության, բռնի ձեւով դրեցին՝ Երեւանի կենտրոնում գնդակահարեցին անմեղ քաղաքացիների։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքը ո՞րն է։



- Ամեն դեպքում, հիմա որեւէ դաշինք Ծառուկյանի կամ ուրիշ մեկի հետ հնարավո՞ր է։



- Չեմ կարող ասել, չեմ բացառում ոչ մի բան, որովհետեւ ընտրություններին դեռ ահագին ժամանակ կա։ Բայց այդ հարցը ճիշտ տեղ չեք ուղղում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ