Երբ դատապարտելու փոխարեն քիչ է մնում արդարացնի

Երբ դատապարտելու փոխարեն քիչ է մնում արդարացնի

Երեկ լրատվամիջոցներում արագորեն տարածվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա ահազանգում էր․ «Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ «ՍԱՍ» հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից եւ գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ)»։ Մինչ այդ էլ տեղեկություն էր տարածվել, որ «ՍԱՍ»-ի աշխատակիցներից արդեն անձնագրեր են վերցնում կամ անձնագրային տվյալներ։



Երեկ, երբ ԿԸՀ նիստից հետո Տիգրան Մուկուչյանը ճեպազրույց էր ունենում լրագրողների հետ, հարց հնչեց՝ արդյոք վերոնշյալ դեպքերը կարո՞ղ են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Մուկուչյանը վստահեցրեց, որ ոչ։ «Նախ ասեմ, որ նշված հարցի հետ կապված ուղղակի դիմում կամ բողոք կամ որեւէ ահազանգ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել։ Ինչ վերաբերում է մնացյալին, որ ինչ-որ անձանցից տվյալներ են հավաքագրվում եւ այլն, ես կարծում եմ՝ առաջին հերթին քաղաքացիները պետք է պարզաբանումներ պահանջեն, թե ինչի համար են իրականացվում այդ հաշվարկները, բայց ես համոզված եմ մեկ բանում, որ նման հանգամանքները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ թե՛ ընտրողի կամարտահայտության արտահայտման տեսանկյունից, թե՛, ընդհանրապես, ընտրական գործընթացի վրա»,-վստահեցրեց Մուկուչյանը։



Իսկ ինչո՞վ է համոզված, հարցրինք նրան։ «Որովհետեւ ընտրողը գալու է տեղամաս իր անձը հաստատող փաստաթղթով եւ լիակատար գաղտնիության պայմաններում իրականացնելու է իր քվեարկությունը»,-իր համոզմունքն այսպես մեկնաբանեց ԿԸՀ նախագահը։ Նկատեցինք, որ նման դեպքերում սովորաբար հոգեբանական ճնշման են ենթարկվում քաղաքացիները, որ գնան իրենց գործատուին ձայն տան, որովհետեւ հաճախ մարդկանց ահաբեկում են, որ եթե իրենց չընտրեն, կազատվեն աշխատանքից։



Շատ միամիտներ անգամ հավատում են, որ քվեախցում կարող են իրենց հետեւել, որ ինչ-որ մեթոդներ կան՝ պարզելու, թե ում է ձայն տվել, ու գնում ձայն են տալիս՝ «շառից, փորձանքից հեռու»։ Բայց Մուկուչյանը չի խորանում նման հոգեբանական նրբությունների մեջ։ «Ես չեմ կարծում, որ որեւէ հոգեբանական ճնշում կարող է ներազդել ընտրողի վրա քվեախցում, որպեսզի վերջինս առաջնորդվի ոչ իր սեփական կամարտահայտությամբ»։
Տարօրինակ է, որ այս ոլորտում երկար տարիների փորձ ունեցող Տիգրան Մուկուչյանն ի պաշտոնե «ողջամիտ մոլորության» մեջ է հայտնվել այս հարցում եւ հավատում է, որ մինչեւ ընտրությունները պոտենցիալ ընտրողների հետ տարվող «աշխատանքները» որեւէ կերպ չեն կարող ազդել նրա ազատ կամարտահայտման վրա։ Այսինքն՝ տարատեսակ ընտրակաշառքները, ահաբեկումները, տարբեր մեթոդներով ճնշումները չեն «կողմնորոշում» ընտրողին «ճիշտ» ուղղությամբ։ Այդ դեպքում ո՞րն է, օրինակ, ընտրակաշառք բաժանելու իմաստը եւ ինչու են աշխարհի քաղաքակիրթ երկրներում պայքարում դրա դեմ։ Տարօրինակ է նաեւ այն, որ Տիգրան Մուկուչյանը, փոխանակ առնվազն դատապարտի նման երեւույթները, որ չի կարելի ընտրություններից առաջ անձնագրեր կամ անձնագրային տվյալներ հավաքել եւ այլն, նախընտրում է արդարացնող տեքստերով վստահեցնել, թե դրանք շատ «անմեղ» գործընթացներ են, եւ ոչ մի կերպ չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Արդյոք նաեւ այս տեքստե՞րը չեն պատճառը, որ ԿԸՀ նախագահը հասարակական մի հսկա շերտի մոտ «գլխավոր ընտրակեղծարարի» համբավ ունի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ