Հանրապետությունում 1 օրով կբացվի շուրջ 4000 աշխատատեղ

Հանրապետությունում 1 օրով կբացվի շուրջ 4000 աշխատատեղ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստ էր գումարել։ Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև ընտրատեղամասերում նոր «մարմնի»՝ մատնահետքը և անձի նույնակակացման տվյալները գրանցող տեխնիկական սարքեր աշխատեցնող մասնագետների պատրաստման, դասընթացների կազմակերպման հարցը։ 



ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ խոսքը մոտ 4000 նման սարքավորումների մասին է, որոնք սպասարկելու համար հատուկ գիտելիքներ են անհրաժեշտ։ Դրա համար էլ իրենք մոտ 4000 նմանատիպ մասնագետ պատրաստելու վերաբերյալ հայտարարություն կտան մոտ օրերս։ Բոլոր ցանկացողները կարող են էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնել՝ ընտրվելու դեպքում մասնակցելու այդ դասընթացներին, ստանալու լիցենզիա և աշխատելու ընտրությունների օրը տեղամասերում։ Աշխատանքը լինելու է վճարովի․ տվյալ մասնագետները կվարձատրվեն պետբյուջեից՝ ինչպես ընտրական հանձնաժողովների անդամները։ Աշխատավարձը կկազմի 87 հազար 301 դրամ, որի հաշվարկը կատարվել է ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։ Իսկ տեխնիկական սարքավորումները ձեռք կբերվեն արդեն դոնոր կազմակերպությունների տրամադրած միջոցներով։ Այսինքն՝ հանրապետությունում մեկ օրով կբացվի շուրջ 4000 աշխատատեղ՝ 80 հազար դրամ աշխատավարձով։ Եթե տեսնեն, որ հայտ ներկայացնողների քանակը բավարար չէ, ԿԸՀ-ն իրավասություն ունի հանրային ծառայողներից նշանակում իրականացնելու՝ լրացնելու քանակական բացը, որպեսզի բոլոր ընտրատեղամասերում լինեն նման մասնագետներ։ Ի դեպ, ըստ ԿԸՀ նախագահի` այդ մասնագետների կուսակցական լինել-չլինելը որևէ նշանակություն չունի։ Այնպես որ կարող են, օրինակ, բոլորն էլ «հանրապետական» լինել։



Մուկուչյանն ասաց, որ տեխնիական սարքավորումները դեռ Հայաստան չեն եկել, տեղյակ էլ չէր՝ որ երկրից, որ կազմակերպության կողմից և երբ կներմուծվեն Հայաստան։ Նաև դրանց ձեռքբերման վրա ծախսվող գումարի չափից տեղյակ չէր։ Նշենք, որ այդ տեխնիկական սարքավորումներով է կատարվելու ընտրողների գրանցմումը՝ անձնագրով, ID քարտով կամ կենսաչափական անձնագրով։ Նաև մատնահետքի գրանցումն է դրանով կատարվելու։ Այն կոմպակտ սարք է, որն ունի իր վրա փոքրիկ դիսփլեյ, որի վրա էլ պատկերվելու են համապատասխան տվյալները։ Մուկուչյանը բացատրեց՝ այդ դիսփլեյի վրա անձը հաստատող որևէ փաստաթղթով գրանցվելու ժամանակ երեք գույնի լույս է վառվելու՝ կարմիր, կանաչ և դեղին։ Կարմիրի դեպքում կնշանակի, որ տվյալ անձն արդեն իսկ մեկ անգամ քվեարկել է, կանաչը «կանաչ լույս» կտա ընտրողին՝ մասնակցելու ընտրության, այսինքն՝ կհաստատի, որ ամեն ինչ կարգին է, իսկ դեղին լույսի դեպքում կազդարարվի, որ տվյալ անձը այդ տեղամասում գրանցված ընտրող չէ և սխալ հասցեով է եկել։



Մեր հարցին, թե ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններում քանի՞ ընտրատեղամաս է լինելու, Մուկուչյանն ասաց, որ տեղամասերը դեռևս չեն կազմավորվել, դրանք կազմավորվում են ընտրություններից 40 օր առաջ։ «Ընտրատեղամասերի քանակը կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ընտրողների թիվը, ինչպիսին կլինի կոնկրետ տեղամասերում աճը։ Նախորդ ընտրություններում ունեցել ենք մոտ 2000 ընտրատեղամաս»,-ասաց Մուկուչյանը։ Կախված այդ տեղամասում ընտրողների քանակից՝ կորոշվի նաև տվյալ տեղամասում վերոնշյալ տեխնիկական սարքավորումների քանակը․ մեկից մինչև երեք նման սարք կարող է տեղադրվել մեկ ընտրատեղամասում։



Ի դեպ, լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե որ փուլում է ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման գործընթացը։ Մուկուչյանն ասաց․ «Մենք տեղեկացված ենք տվյալ գործընթացից այնքանով, որ գործում է հանձնաժողով, որը հայտարարել է մրցույթ, այս պահին ընթանում է մրցույթը, կա սահմանված ժամկետ, որից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները, դրանից հետո նոր պարզ կլինի»։ Իսկ հնարավո՞ր է՝ չլինեն ընդհանրապես այդ տեսանկարահանող սարքերը, Մուկուչյանը նորից հիշեցրեց մրցույթի մասին՝ նշելով, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ։



Ճշտեցինք՝ արդյոք օրենքում այդ ռիսկերը հաշվարկվա՞ծ են, որ եթե չստացվի սահմանված ժամկետում այդ ամենն իրագործել, ի՞նչ է լինելու, այլընտրանք կա՞, Մուկուչյանը նորից տվեց նույն պատասխանը․ «Օրենքի կանոնակարգում հետևյալն է՝ մրցույթ, մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպություն»։ Իսկ թե ինչ կլինի, եթե հաղթող կազմակերպություն չգրանցվի մրցույթի արդյունքներով, այդպես էլ այդ հարցը մնաց չպարզաբանված։ Հիշեցնենք, որ այս կետը նույնպես ամրագրված էր 4+4+4 ֆորմատով կայացած կոնսենսուսային փաստաթղթում, որ ընտրատեղամասերում պետք է տեղադրվեն տեսախցիկներ և անգամ պետք է on line հեռարձակվի ընտրական ողջ գործընթացը բոլոր տեղամասերում։ Փաստորեն, չի բացառվում, որ այդ կետը չիրագործվի։ Ամեն դեպքում, Մուկուչյանի խոսքը չհավաստեց այն մասին, որ այդ կետը պարտադիր կիրառվելու է։



Հ․Գ․ Պաշտոնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 2 միլիարդ 524 միլիոն 397 հազար 400 դրամ, որից 2 միլիարդ 7 միլիոն 330 հազար 594 դրամն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը: Այսինքն՝ հատկացված գումարի մոտ 80 տոկոսը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ