5 տոկոսի շեմն առնվազն 75 հազար քվեն է

5 տոկոսի շեմն առնվազն 75 հազար քվեն է

Որքա՞ն ձայն է հարկավոր մեր քաղաքական ուժերին ու ռեյտինգային ցուցակներում ընդգրկվող թեկնածուներին, որ կարողանան անցնել խորհրդարան, հաղթահարեն նվազագույն շեմը։



Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Հայաստանի 13 ընտրատարածքներից ամենաքիչ ընտրող ունի թիվ 13 ընտրատարածքը, որն ընդգրկում է Տավուշի մարզը՝ 107 հազար 353 ընտրող, իսկ ամենաշատ ընտրող ունի թիվ 9 ընտրատարածքը, որն ընդգրկում է Լոռու մարզը՝ 238 հազար 975 ընտրող։ Բոլոր 13 ընտրատարածքների ընտրողների թիվն իրար գումարելով՝ ստանում ենք հանրապետության ընտրողների քանակը՝ 2 մլն․ 564 հազար 445 մարդ։



Ազգային ժողովում մանդատ ունենալու համար քաղաքական ուժերին, եթե դաշինքով չեն մասնակցում, անհրաժեշտ է հաղթահարել ընդհանուր ձայների 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսի։ Վերը նշված 2 մլն․ 564 հազար 445-ի 5 տոկոսը կազմում է 122 հազար 222 մարդ, իսկ 7 տոկոսը՝ 179 հազար 511 մարդ։



Հարց․ արդյոք ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն ունե՞ն 100 հազարից ավելի անդամ համակիր կամ ընտրող, որ ապավինեն նրանց ձայներին։ Օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը մոտ 150 հազար անդամ ունի։ Գումարած՝ ՀՀԿ-ի վարչական ռեսուրսները, տարատեսակ տեխնոլոգիաները եւ այլն, որոնք մշտապես գործի է դնում ընտրությունների ժամանակ՝ ապահովելով իր համար ԱԺ մանդատների «հսկիչ» փաթեթը։ Օրինակ՝ նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր կամ իր օգտին գրել էր կես միլիոնից ավելի ձայն։ Որքա՞ն ձայն է հարկավոր ընդդիմությանը՝ գոնե անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Արդյոք նա կկարողանա՞ ստանալ 122 կամ 179 հազար քվե։ Անգամ եթե հաշվի առնենք, որ բուն ընտրությանը մասնակցած անձանց թիվը, սովորաբար, էականորեն քիչ է լինում։ Օրինակ՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն․ 522 հազար 906 էր, որից միայն 1 մլն․ 572 հազար 858-ն է մասնակցել ընտրության։ Այս թվից էլ հանում ենք 53 հազար 827 անվավեր քվեաթերթիկների թիվը, եւ ստացվում է մոտ 1 մլն․ 520 հազար ռեալ ձայն։ Այսինքն՝ 2012-ի ընտրություններին ընդհանուր ընտրողների թվից մոտ մեկ միլիոն մարդ չի մասնակցել ընտրության։ Չի բացառվում, որ այս անգամ էլ նույն իրավիճակը լինի։ Այսինքն՝ մեր քաղաքական ուժերը պետք է իրենց հաշվարկներն անեն ոչ թե 2.5 միլիոն ընտրողի, այլ 1.5 միլիոնի հաշվարկով, որպեսզի ռեալ լինի պատկերը։ Ի դեպ, հետաքրքիր է, որ 2012-ի համեմատ 2017-ին Հայաստանում ընտրողների թիվը մոտ 40 հազարով ավելացել է, այն դեպքում, երբ այս տարիներին արտագաղթն ավելացել է, չի պակասել։



Ինչեւէ, փորձեցինք լսել նաեւ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի կարծիքները՝ հաշիվ-հաշվարկ, անալիզ արե՞լ են, թե՞ «յաբախտի» են գնալու ընտրության։ Պարզվում է՝ այնքան էլ բանից անտեղյակ չեն, օրինակ՝ գիտակցում են, որ 2.5 միլիոնի փոխարեն հնարավոր է 1.5 միլիոն մարդ մասնակցի ընտրության, ըստ այդմ՝ 5 տոկոսի նվազագույն շեմը կկազմի մոտ 75 հազար ձայն։ Թեպետ՝ մեզ հետ զրուցած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից որեւէ մեկն իր կուսակցության անդամների հստակ թիվը չէր հիշում։



«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն ասաց, որ իրենց անդամների թվին հստակ չի տիրապետում, կարող է ասել՝ տասնյակ հազարներ են։ Բայց հաշվարկ արել են՝ մոտ 70 հազարի կարգի, եթե 5 տոկոսը հաղթահարեն։ Նրանք վստահ են՝ 5 տոկոսի շեմը կհաղթահարեն եւ ավելի բարձրի հույս էլ ունեն։ «Մենք էդ 70-80 հազարի խնդիրը չունենք»,-վստահեցրեց Առաքելյանը։ Հարցին՝ վստա՞հ են, որ իրենց բոլոր անդամներն էլ հենց իրենց ձայն կտան եւ «ճիշտ ուղուց» չեն շեղվի, Էդգար Առաքելյանն ասաց․ «Վստահությունն ամենաբարձր մակարդակի վրա է, ուղուց շեղվողներին էլ․․․ ի՞նչ ասեմ, դա արդեն մարդկանց բարոյական մակարդակի հարց է»։



ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը շտապում էր, չկարողացավ մեր հարցերին մանրամասն պատասխանել, միայն ասաց, որ ՀԱԿ-ն այս պահին մոտ 7 հազար անդամ ունի։ Մյուս հարցերի պատասխանն էլ փորձեցինք ստանալ ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանից։ Նա թեեւ պատասխանեց մեր զանգին, բայց երբ իմացավ լրագրող է զանգում, որոշեց, որ զբաղված է՝ խնդրելով ավելի ուշ զանգել։



ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն էլ այս պահին ժամանակավրեպ է համարում նման հաշվարկներ կատարելը։ Իրենք հիմա սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը։ Թեպետ վստահեցրեց, որ ԲՀԿ անդամների թիվը 100 հազարից միանշանակ ավել է, պակաս չէ։ «Մեր կարեւոր հարցը դա չէ, մենք հիմա սպասում ենք պարոն Ծառուկյանի հայտարարությանը, այսինքն՝ հիմա մի իրավիճակ է՝ պարոն Ծառուկյանի գալով, մեկ այլ իրավիճակ է՝ այլ ձեւով, էնպես որ, հիմա ժամանակավրեպ է այդ մասին խոսելը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։



«Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ իրենց նպատակը 7 տոկոս նվազագույն շեմը հաղթահարելը չէ․ «Մենք նման հաշվարկ չենք արել, որովհետեւ մենք չենք գնում 7 տոկոսի, մենք գնում ենք մաքսիմումի»։ Իսկ ինչի՞ վրա են հույս դրել։ «Մեր գործընկերների, մեր վրա ենք հույսներս դրել, որ մենք ալիք կբարձրացնենք մարդկանց գիտակցության մեջ, այսինքն՝ շարժում կսկսվի պայմանական, որը կմղվի ընդդիմությանը ձայն տալուն։ Հիմա դրանով ենք զբաղված»,-ասաց Ալեն Սիմոնյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ