Քաղաքական ուժերը մինչեւ փետրվարի 16-ը ժամանակ ունեն

Քաղաքական ուժերը մինչեւ փետրվարի 16-ը ժամանակ ունեն

ՀՀ ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե երբ է մեկնարկում կուսակցությունների գրանցման շրջանը, քարոզարշավը, երբ կարող են թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացնել եւ այլն։ Ըստ այդմ՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ներկայացրել է հստակ ժամանակացույց վերոնշյալ եւ այլ գործընթացների համար՝ ուղղված ապրիլի 2-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին։



Այսպես․ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55 օր, եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ։ Այսինքն՝ այդ ժամկետը պաշտոնապես փետրվարի 6-16-ն է։ Ի դեպ, կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները պետք է վերը նշված ժամկետում նաեւ ընտրական գրավ վճարեն եւ դրա անդորրագիրը մյուս փաստաթղթերի հետ ներկայացնեն ԿԸՀ։ Գրավի չափը կազմում է 10 մլն․ դրամ թե՛ կուսակցությունների, թե՛ կուսակցությունների դաշինքների համար։



Նրանց ընտրական ցուցակների գրանցման ժամկետը մեկնարկում է փետրվարի 6-ին եւ ավարտվում 26-ին։



Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները նախընտրական հիմնադրամ պետք է բացեն ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո 7 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ մարտի 5-ը, որը վերջնաժամկետն է։ Այդ հիմնադրամ իրենց կատարած մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրեր ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն պետք է ներկայացնեն քարոզչությունն սկսվելու 10-րդ օրը, այսինքն՝ մարտի 14-ին։



Իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատվածն սկսվում է մարտի 5-ից եւ ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ՝ ժամը 24։00-ին։ Այսինքն՝ մարտի 5-31-ը ներառյալ։



Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչեւ մարտի 23-ը, ժամը 18։00-ն։



Ամփոփելով այս ժամանակացույցը՝ պետք է փաստենք մի բան․ մեր քաղաքական ուժերը մինչեւ փետրվարի 6-ը ժամանակ ունեն նախ կողմնորոշվելու՝ գնո՞ւմ են ընտրության, թե՞ ոչ, եւ երկրորդ՝ դաշինքո՞վ են գնում, թե՞ միայնակ։ Այնպես որ, շտապեք ավարտել ձեր բանակցությունները, որ հասցնեք։ Թեպետ՝ դատելով որոշ քաղաքական ուժերի անորոշ «բանակցություններից», որոնք սուրճ խմելուց այն կողմ չեն անցնում, կարելի է ենթադրել, որ նրանք առայժմ ուղտի ականջում քնած են կամ էլ ուղղակի որեւէ հույս չունեն հաղթելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ