Չեմ ուզում հրաձիգներ գան տանս վրա

Չեմ ուզում հրաձիգներ գան տանս վրա

Փոքրամարմին, արագաշարժ ու ժպտադեմ Մհերին հյուրընկալվեցինք Շենիկի իր նորակառույց տանը: 21 տարի վագոն-տնակում ապրելուց հետո նրա ընտանիքը եւս բախտ ունեցավ գլխին ամուր ծածկ ունենալ: 



Բազմաթիվ մեդալներն ու շքանշանները, որ խնամքով դասավորված էին տան մի անկյունում, Հայաստանի եւ Արցախի նախագահներից էր ստացել: Պարզվեց՝ Մհերը եղբոր հետ մասնակցել է արցախյան ազատամարտին, մարտնչել ամենաթեժ կետերում, կորցրել եղբորը, գերի ընկել, փախել գերությունից, ծանր վիրավորվել ու հաշմանդամ դարձել:



Պարզվեց նաեւ, որ մարտական հարուստ ուղի անցած մարտիկը տան շինարարությունն ավարտել է «Կառուցենք տուն» ծրագրի աջակցությամբ: Ասում է՝ եթե ծրագիրը չլիներ, տունս անավարտ կմնար:



Հարցնում եմ՝ ինչպե՞ս է, որ պատերազմից հետո որոշ կռվածներ կարողացան ոչ միայն տունուտեղ դնել, այլեւ ահռելի հարստություն դիզել, մինչդեռ ինքն ընտանիքի գոյությունն ապահովելու համար նույնիսկ աշխատանք չգտավ։ Ասաց. «Նրանք, որ հիմա հարուստ են, վառոդի հոտը չեն զգացել»:



Հետո, հասկանալով, որ ասածն արժանահավատ չէ, ավելացրեց. «Ես երեխաներ ունեմ. չեմ ուզում, որ հրաձիգներ գան տանս վրա»:



Մհեր Եղոյանը պատերազմ է գնացել 16 տարեկանից: Թեեւ չի սիրում այդ մասին երկար-բարակ խոսել, բայց կան բաներ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որ ցանկության դեպքում անգամ շրջանցել չի կարողանում: «Հիմա գիտությունն այնքան է զարգացել, որ մեր զինվորները նստած տեղից էլ կարող էին հետեւել թուրքի շարժին: Բայց հետեւում էին պոստի տակից ու վրից եւ զոհվում: Պատրոնը խնայում էին, ու թուրքը գալիս-մտնում էր բլինդաժ... Չնայած կարծում եմ՝ կամաց-կամաց որոշ բաներ փոխվում են, գնում դեպի լավը...»:



Մհերը զարմացած է, թե ինչու են մարդիկ այդքան չարացել ու ագահացել: Նրա կարծիքով՝ ոչ մի ընտրություն էլ ոչինչ չի փոխի, մինչեւ իշխանությունը լուրջ չվերաբերվի ժողովրդին եւ ժողովրդի հետ չհարաբերվի ինչպես հավասարը հավասարին:



«Պետք չէ ժողովրդին վերեւից նայել. պետք է նրան հասկանալ ու հույս կապել նրա հետ: Իսկ ժողովրդի ուզածն անհնարինը չէ։ Նա ընդամենը երկու կոնկրետ ցանկություն ունի՝ նախ, որ ուժեղ ու սպառազինված բանակ ունենա եւ հետո՝ վերջ տրվի արտագաղթին»:
Մհերի կարծիքով՝ արտագաղթ չի լինի, եթե մարդկանց աշխատելու հնարավորություն տրվի: «Աշխատող մարդը նախ սրա-նրա ձեռին չի նայում, հետո՝ ինքնաբավ է դառնում: Իսկ այսպես՝ իր երկրում իրեն ավելորդ է զգում»:



Մհերն ինքը արտագաղթելու մտքից հեռու չի եղել: Այդ ցանկությունը պարբերաբար գլուխ է բարձրացրել հատկապես այն ժամանակ, երբ խոպանից բերած փողը տան շինարարության վրա ավարտել ու էլի մնացել է ձեռնունայն: Չնայած հիմա, երբ կառույցը պատրաստ է, այլեւս երկիրը լքելու ցանկություն չունի, բայց ապրելու հեռանկար էլ չի տեսնում: «Իմ վրա ուշադրություն դարձնող չկա: Չնայած բազմաթիվ մարտական ընկերներ ունեմ, որ բարձր պաշտոնների են, բայց որեւէ մեկն ինձ աշխատանք չտվեց»:



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ