Խաղաղ ինքնաոչնչացում

Խաղաղ ինքնաոչնչացում

Հովիկ Աբրահամյանի հեռացումը ՀՀԿ-ից, բնականաբար, այն դեպքը չէ, որ Էդուարդ Շարմազանովը կանգնի ու ինքնավստահ տոնով, ժպիտը դեմքին հայտարարի, թե ՀՀԿ ամեն օր նոր մարդիկ են ընդունվում ու մարդիկ են դուրս գալիս ՀՀԿ-ից: ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռացումը, անշուշտ, հուշում է, որ կա պրոցես: Այլ հարց է, որ այդ պրոցեսի մասին հասարակությանը ոչինչ կամ համարյա ոչինչ չի ասվում, եւ մարդիկ հարկադրված են ինքնուրույն հասկանալ տեղի ունեցող գործընթացը: Իսկ նման դեպքերում, ինչպես ասում են, ինչքան մարդ` այնքան կարծիք: Եթե թվարկենք այն կարծիքները, որոնք միայն մենք ենք կարդացել այս երկու-երեք օրերի ընթացքում, թերթի էջը գուցե չբավականացնի: Բայց դրանք կարծիքներ են, որոնք մինչ այս պահը ոչ հերքվել, ոչ հաստատվել են, հետեւաբար՝ իրավունք ունեն գոյություն ունենալ:



Հովիկ Աբրահամյանին հեռացրեց Մոսկվան, Հովիկ Աբրահամյանին հեռացրեց Սերժ Սարգսյանը` նոր Սահմանադրության ընդունմանն անհրաժեշտ աջակցություն չցուցաբերելու համար, Հովիկ Աբրահամյանը Ռուսաստան իր վերջին այցի ժամանակ հանդիպել է Քոչարյանին եւ նրա հետ որոշել հետագա անելիքները, Հովիկ Աբրահամյանը նեղացել է, որ ստիպեցին թողնել վարչապետի պաշտոնը, որ իրեն չնշանակեցին ՀՀԿ շտաբի պետ, իր անունը չգրեցին համամասնական ցուցակի առաջին եռյակում եւ այլն, եւ այլն: Կարծիք կա նույնիսկ, որ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի հետ պատրաստվում է տապալել ՀՀԿ-ի իշխանությունը: Քանի դեռ չի լինի Հովիկ Աբրահամյանի քայլի որեւէ խելամիտ բացատրություն, նման խոսակցություններին վերջ չի լինի, իսկ դա արդեն կաշխատի բուն պրոցեսի օգտին, որ մեկնարկել է կուլիսներում, եւ որի մասին ինֆորմացիային տիրապետում են միայն քչերը:



Հանգույցը կբացվի ԱԺ ընտրություններից հետո, երբ կձեւավորվեն նոր իշխանությունն ու կայուն մեծամասնությունը, երբ խորհրդարանում, վերջապես, լուրջ ընդդիմություն կհայտնվի` բառի ամենաիսկական իմաստով:



Մեր կարծիքով` Գագիկ Ծառուկյանի վերադարձը, Հովիկ Աբրահամյանի եւ Սեյրան Օհանյանի հայտնվելը ՀՀԿ ազդեցության գոտուց դուրս, որը մենք սխալմամբ «ընդդիմադիր» տարածք ենք անվանում, բավականին լավ մտածված եւ հաշվարկված քայլ է, որ հնարավորություն է տալու իշխանություններին, առանց լուրջ ընտրակեղծիքների եւ աղաղակող խախտումների, ունենալ, եթե ոչ 100 տոկոսանոց, ապա, առնվազն, վերահսկելի կայուն խորհրդարան: Հիմնական դերաբաշխումը կկատարվի արդեն խորհրդարանում:



Լա՞վ է դա, թե՞ վատ: Եկեք դեռ չդատենք: Դա գուցե այն չէ ժողովրդավարության առումով, բայցեւ վատ չէ նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնող երկրի համար` որպես այդ ճանապարհի առաջին քայլ: Չեմ վախենա ասել` երկիր ենք դառնում, բան է փոխվում: Իշխանությունների զգուշավորությունը հենց դա է հուշում: Պատահական չէ նաեւ արտաքին միջամտություններից զերծ մնալու ձգտումը: Ընտրությունները դրսի ուժերի համար լավագույն առիթ են այս կամ այն երկրի ներքին գործերին խառնվելու համար, եւ պատահական չէ, որ հենց նախագահն է խոսում անբիծ ընտրություններ ունենալու անհրաժեշտության մասին:



Կարող եք ասել` Հովիկ Աբրահամյանով, Գագիկ Ծառուկյանով, Սեյրան Օհանյանով, Վարդան Օսկանյանով, Վիկտոր Դալլաքյանով, ինչու ոչ` Նիկոլ Փաշինյանով ընդդիմություն չենք ունենա, կեղծ կլինի: Իսկ ո՞վ է որոշել, որ Հայաստանում ընդդիմություն կոչվածի գործն իշխանություններին հայհոյելն ու պատառոտելը պետք է լինի: Իսկ աշխատելն ընդդիմության գործը չէ՞: ԱՄՆ-ի արեւով երդվողներին խնդրում եմ մատնացույց անել 1-2 յաման ընդդիմադիր ամերիկյան կուսակցություն: Կարող է պարզվել, որ չկան այդպիսիք: Հանկարծ կարող են իրենց համար պարզել, որ դեմոկրատ Օբամայի նախագահության երկրորդ շրջանում ԱՄՆ Սենատում մեծամասնություն ունեին հանրապետականները, եւ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նախագահի պաշտոնում այս երկու կուսակցությունների թեկնածուներն են հաջորդում իրար: Թրամփը լավ չի կառավարի, Կոնգրեսում եւ Սենատում տեղեր կկորցնի: Սա է քաղաքականությունն ու քաղաքական պայքարը եւ ոչ թե քարով միմյանց խփելը, ինչպես մենք ենք պատկերացնում:



Այսօր մենք բացարձակացնում ենք Գագիկ Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան անձերին` նրանց դնելով մեր պատկերացրած ընդդիմադիր տղաների տեղն ու փորձում չգիտեմ ինչեր ապացուցել ինքներս մեզ: Ոչ, չկա նման բան, նրանք ընդդիմադիր չեն այն պատկերացմամբ, որ մենք ունենք ընդդիմադիր հասկացության մասին: Կրկնում եմ` սա գործընթացն է ընդամենը: Վաղը մենք Հովիկ Աբրահամյանին կարող ենք տեսնել խորհրդարանի նախագահի աթոռին: Ինչ է, պիտի ասենք՝ նա խաբեությամբ տիրացավ ընդդիմադիր ձայներին եւ դավաճանե՞ց: Նույնիսկ ծիծաղելի կլինի:



Սա իրեն սպառած համակարգի խաղաղ ինքնաոչնչացման գործընթաց է: Կուռ համակարգը, փոխանակ փլուզվելու եւ ամեն ինչ տակով անելու, հանդարտ բաժանվում է մասերի, որոնք ժամանակի հետ ավելի ու ավելի կհեռանան` դառնալով գաղափարական հակառակորդներ: Վերջապես` սա մի պրոցես է, որ մեզ մոտեցնում է միանձնյա որոշումներով ղեկավարվող այս իրականությունից ձերբազատվելուն:



Լա՞վ է դա, թե՞ վատ: Համենայնդեպս, ավելի վատ չէ, քան այն, ինչ ունենք այսօր:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ