Դուրգարյանը կողմնակից է, որ Օպերային թատրոնի տնօրենին նշանակեն եւ ոչ թե մրցույթով ընտրեն

Դուրգարյանը կողմնակից է, որ Օպերային թատրոնի տնօրենին նշանակեն եւ ոչ թե մրցույթով ընտրեն

Դիրիժոր Կարեն Դուրգարյանն երկօրյա կարճ այցով Երեւանում է, իր անելիքների եւ Օպերային թատրոնում կատարվող փոփոխությունների շուրջ նա այսօր խոսեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։  



Մասնավորապես անդարադառնալով Համահայկական նվագախմբի ստեղծմանը, որը մշակույթի նախարարի որոշմամբ պետք է ղեկավարեն 3 դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը եւ ինքը, Դուրգարյանը նշեց, որ մամուլից է իմացել դրա մասին եւ պետք է հանդիպի Ռուզան Սիրունյանին, որպեսզի հասկանա, թե ինչով կարող է օգտակար լինել. «Հիմա բանակցությունների փուլն է եւ հստակ չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ այսօր եմ վերադարձել եւ պատասխանը կարող եմ տալ ավելի ուշ՝ իմանալով հստակ, թե պայմաններն ինչպիսին են։ Բայց պետք է նշեմ, որ գաղափարը շատ լավն է»։ Ի պատասխան այն խոսակցությունների, որ դժգոհություններ եղան գաղափարը սեփականաշնորհելու մասով, Դուրգարյանն ասաց. «Ես չեմ կարողանում հասկանալ ի՞նչ է նշանակում մերն ու ձերը, հայրենիքը բոլորինն է, այստեղ չի կարող լինել իմն ու քոնը»։



Թե ինչպես ստացվեց, որ տարիներ առաջ թատրոնում գեղարվեստական ղեկավարի կարիք չկար, հիմա կա, Դուրգարյանը հիշում է, որ դեռ 8 տարի առաջ մի հաղորդման ժամանակ ասել է՝ եթե նպատակ կա թատրոնները քանդելու, ապա դա շատ լավ գաղափար է։ Ըստ նրա, գեղարվեստական ղեկավարն է զբաղվում թատրոնի մշակութային քաղաքականությամբ եւ որոշում մոտակա 10 տարիների ընթացքը։ Դուրգարյանը զգուշորեն արտահայտվեց նաեւ Կոնստանտին Օրբելյանի աշխատաոճի մասին, ով շատ քիչ է լինում թատրոնում եւ շրջագայում է դրսում. «Պարոն Օրբելյանը քանի որ իմ կոլեգան է ես գնահատական տալու իրավունք չունեմ»,-ասաց նա՝ նշելով, որ դրսում շատ գեղղեկավարներ կան, ովքեր գրեթե նման գրաֆիկով են աշխատում, միաժամանակ պրոպագանդելով այն թատրոնը, որտեղ աշխատում են. «Ես կարծում եմ, որ նա կարող է եւ այստեղ լինել եւ այնտեղ»,-ասում է Դուրգարյանն ու նշում, որ Օրբելյանից որեւէ կոնրետ առաջարկ չի ստացել։    



Թե ո՞ւմ է տեսնում տնօրենի պաշտոնում եւ ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի այդ մարդը, Դուրգարյանը նորից զգուշանում է՝ նկատելով միայն, որ նման հարցի կարող է պատասխանել այն մարդը, ով ղեկավարում է այդ կառույցը. «Ես կարծիք հայտնող չեմ, ես ինքս իմ մեջ կարող եմ տեսնել ցանկացած մարդու, որը ճիշտ ուղի չէ, այդ հարցը պետք է հղել այն մարդկանց, ովքեր ղեկավարում են այդ կառույցը»,-ասում է նա ու հավելում, որ ցանկացած կառույց, պետք է ղեկավարի պրոֆեսիոնալ մարդ, ով գիտի թե ներսից եւ թե դրսից ինչի համար է այդ կառույցը ծառայում։      



Այդուհանդերձ, Հասմիկ Պողոսյանին համարո՞ւմ է սուպերպրոֆեսիոնալ, ով պետք է լինի Օպերային թատրոնում. «Ժամակահատվածն է ցույց տալիս, թե ինքը ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել։ Ամբողջ աշխարհում օպերային թատրոնը, երաժշտական դպրոցը ղեկավարում է մարդ, ով ունի սուպեր գիտելիք կոնկրետ բնագավառում, ունի սուպեր կապեր աշխարհի հետ»։ Նախկին գլխավոր դիրիժորը դժվարանում է գնահատել օպերայի ներկայիս վիճակը, ասում է՝ մոտավորապես 1 տարի է չի մտել թատրոն եւ չի կարող դա անել, իր ինֆորմացիան էլ հիմանակում գալիս է լրագրողների միջոցով։



Ինչ վերաբերում է թատրոնում գործնեություն ծավալելուն, Դուրգարյանը նկատում է՝ դա թատրոնի ղեկավարության որոշելիքն է։ Իր որոշելիքը կլինի այո-ն կամ ոչ-ը. «Եթե լինի կոնկրետ հարցադրում, ես կպատասխանեմ, բայց այդպիսի հարցադրում չկա»։ Եթե լինի ներկայացում ղեկավարելու առաջարկ, կհամաձայնի՞. «Ես կղեկավարեմ այն ժամանակ, երբ իմ ամբողջ գրաֆիկը հարմարեցված լինի, որովհետեւ կներեք, ինչպես դուք նշեցիք այդ սկանդալից հետո, մենակ 2016թ-ին ես ունեցել եմ 120-ից ավել ելույթ դրսում, հետեւաբար երբ քեզ ասում են, որ այս ժամանակահատվածում դու պետք չես, ի՞նչ պետք է անի հայ մարդը, արտիստը, եթե նա մասնագետ է ու իր կարիքը ուրիշ տեղ էլ կա, նա ասում է՝ շնորհակալություն եւ հաջողություն»։ Թե ինչու իր կարիքն այլեւս չկար, Դուրգարյանը կարճ է պատասխանում. «Օ՜. դա պետք է իրենց հարցնել», խոստանալով որեւէ առաջարկ լինելու դեպքում դրա մասին բարձրաձայնել։



Այս ընթացքում թատրոնի տնօրենի պաշտոնի համար նորից շրջանառվեց Հասմիկ Պապյանի անունը, ի՞նչ կասի դրա մասին. «Ես շատ եմ հարգում այդ պոֆեսիոնալ անձնավորությանը սուպեր պրոֆեսիոնալ մարդու մասին ի՞նչ կարող ես ասել։ Իր կապերը, իր վարպետությունը եւ իր օգտակար լինելը հայ արվեստին միանշանակ է»։ Թե ինչու Հասմիկ Պապյանի թեման սառեցվեց, նրա ներկայությունն արդյոք կխանգարե՞ր հետագայում որեւէ մեկին. «Ամեն ինչ հնարավոր է, ես պետք է նշեմ ոչ միայն Հասմիկ Պապյանին, բա Բարսեղ Թումանյանը...»։  



Մեր այն հարցին, որ 3 տարի առաջ թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիմել էին 9 հոգի, որոնց մեջ էին իր իսկ բնորոշմամբ սուպեր պրոֆեսիոնալ մարդիկ՝ Բարսեղ Թումանյանը, Արթուր Շահնազարյանը, եւ ինքն էլ այդ ժամանակ մրցութային հանձնաժողովի մեջ էր, ինչո՞ւ չընտրեցին այդ պրոֆեսիոնալներին, պատճառն ակնհայտ չէ՞ր այն ժամանակ էլ, որ նախընտրելի թեկնածուն Անդրանիկ Արզումանյանն է, Դուրգարյանն ասաց. «Ես այն կարծիքին եմ, որ մրցույթ հարկավոր չէ եւ կողմակից եմ, որ միանձնա նշանակում լինի, ընտրվի ամենապրոֆեսիոնալը եւ իրենից էլ պահանջեն, իր ծրագիրը առաջիկա 10 տարվա համար, ամեն տարի ցուցանիշ ուզեն՝ ինչքան տոմս վաճառվեց, ովքեր ելույթ ունեցան, ինչպիսի աձագանքներ եղան պրոֆեսիոնալ դաշտում...այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է։ Ես կողմակից եմ, որ այդ օրենքը վերանայվի»։  



Եթե նախարարությունը գիտակցում է, որ Օպերային թատրոնում գլխավոր պրոդյուսերի կարիք կա, ինչո՞ւ չեն գիտակցում, որ գլխավոր դիրիժորի կարիք էլ կա. «Դա պետք է իրենց հարցնել, ես չգիտեմ մի թատրոն, որտեղ գլխավոր դիրիժոր չկա»,-ասում է Դուրգարյանն ու նշում, որ չի կարող ասել կվերականգնվի գլխավոր դիրիժորի հաստիքը, թե ոչ, նման հարցերով զբաղվում է թատրոնի ղեկավարությունը եւ մշակույթի նախարարությունը։



Սոնա Ադամյան