Նախկին ՀՀԿ-ականը չի հավատացել ՀՀԿ-ի հարցումին

Նախկին ՀՀԿ-ականը չի հավատացել ՀՀԿ-ի հարցումին

Նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի «Ծառուկյան դաշինքով»՝ Արագածոտնի ընտրատարածքում։ Նա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել եւ իր որոշումը բացատրեց, որ ՀՀԿ-ում իրեն ռեյտինգայինով չեն առաջադրել: Մանուկյանը ԲՀԿ-ին չի անդամագրվել, անկուսակցական կարգավիճակով է ներկայանալու։



- Պարոն Մանուկյան, ՀՀԿ-ում տեղյակ պահե՞լ եք Ձեր որոշման մասին, ինչպե՞ս են արձագանքել։



- Հա, ես եմ ասել, նորմալ են արձագանքել, ի՞նչ պտի ասեին, իրավունքն իմը չէ՞։ Քաղաքակիրթ բան ենք արել։



- Ի՞նչ։



- Դե, իրենց հարցումներով ռեյտինգով չէի անցնում, որ հնարավոր լիներ ՀՀԿ-ով կգնայի։



- Եթե ՀՀԿ-ի հարցումներով Դուք առանձնապես բարձր ռեյտինգ չունեք, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը ՀՀԿ-ական թեկնածուների եւ մյուսների դեմ։



- Էդ հարցման արդյունքներն իմ մոտ կասկածներ առաջացրին, ես չհավատացի։



- ՀՀԿ-ն կեղծե՞լ է։



- Դե, չգիտեմ։



- ՀՀԿ-ում համաձայնություն տվե՞լ են, որ «Ծառուկյան դաշինքով» մասնակցեք։



- Չէ, դա էլ արդեն իմ խնդիրն է։



- Իսկ ՀՀԿ-ի հնարավոր սանկցիաներից, ճնշումներից չե՞ք վախենում, Մհեր Սեդրակյանի որդուն, տեսեք, թույլ չտվեցին առաջադրվել։



- Ես ի՞նչ եմ արել, որ մի հատ էլ վախենամ, իմ համար աշխատել եմ, ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։



- Հիմա ճամբարափոխ եք եղել, հե՞շտ է լինելու ընտրողի առջեւ հիմնավորելու Ձեր կարգավիճակը։



- Չեմ կարող ասել, երեւի մի քիչ ավելի շատ պիտի աշխատեմ, որովհետեւ որոշումն իսկապես կտրուկ էր։



- Պատգամավորական մանդատն ի՞նչ է Ձեզ տալու, որ ճամբար փոխեցիք։



- Ես նախկինում պատգամավոր էի, ունեի ծրագրեր, բայց պատգամավոր չեղած ժամանակ էլ իմ ծրագրերը մարզում, ժողովրդի հետ շարունակում եմ, ունեմ ծրագրեր ու ուզում եմ շարունակեմ, իրականացնեմ, ինչքան որ հնարավոր լինի։ Վերջին հաշվով, մարզի զարգացման խնդիր կա, հնարավորությունների ճիշտ հաշվարկելու, վերջին հաշվով, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչքան աղքատ վիճակ է մարզերում, մանավանդ՝ Արագածոտնում։ Իմ առջեւ դրել եմ էդ խնդիրների իրականացումը, ինչքանով կհաջողվի, ինչքանով ժողովուրդը կհավատա ու ձայն կտա, դրանից էլ կախված՝ ես կաշխատեմ։



- Ստացվում է, որ Ձեր քարոզչությունը ՀՀԿ-ի դեմ է լինելու։



- Դե ոչինչ, ի՞նչ անենք, ես իմ քարոզչությունը կանեմ իմ ծրագրերին համահունչ, ժողովուրդը կորոշի, թե ումը ձայն տա։ Դա ժյուրի չէ, հանձնաժողով չէ, որ նստի ու գնահատի՝ ով է 90/90/60, ով՝ 90/90/70։ Հիմա իմ քարոզչությունը կանեմ, թե հիմա այն կհակասի ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի կամ մյուսի քարոզչությանը, թող իրենք էլ հակառակը քարոզեն։
Իմ ծրագրերն իրականացնելու համար թիմ է պետք, հիմա ընդամենը մասնավոր ծրագրեր են, բայց խթանող ծրագրերի համար թիմ պետք է ներգրավված լինի, ասենք՝ Արագածոտնի մարզի հողերի մշակման կամ կոոպերացիայի ստեղծման հարցը մենակով ո՞նց պիտի արվի։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ