Այնքան լպիրշ են, որ մտածում են՝ կարող ես իրենց կեղտոտ ջրաղացին ջուր լցնել

Այնքան լպիրշ են, որ մտածում են՝ կարող ես իրենց կեղտոտ ջրաղացին ջուր լցնել

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է թե Հայաստանը եւ թե հայկական սփյուռքը։ Եթե երկրի ներսում քաղաքական վերադասավորումները դեռ չեն ավարտվել, եւ ի հայտ են գալիս նոր դաշինքներ, նոր քաղաքական միավորներ, ապա Սփյուռքն իր դիրքորոշումը հստակեցրեց դեռ 2016-ի սեպտեմբերին, ՀՀ անկախության 25-ամյակը նշանավորելով «Արդարադատություն Հայաստանում» քարոզարշավի մեկնարկով՝ նպատակ ունենալով անկախ դիտորդների միջոցով վերահսկել ընտրությունները եւ բացառել որեւէ կեղծիք։



Թե ինչքանով դա կհաջողվի սփյուռքահայ համայնքին, երաժիշտ Արտավազդ Բայաթյանի կարծիքով՝ հավանականությունն այնքան է, ինչքան թույլ կտան․ «Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք իշխանություն են ձեւավորում եւ չեն էլ մտածում այդ իշխանությունից հեռանալու մասին։ Այսինքն՝ կգրվի մի սցենար, որտեղ այդ ամենն իր դերը կկատարի, բայց էական ոչ մի փոփոխություն չի բերի, ամեն ինչ կմնա իր տեղում, հատկապես Սփյուռքի ազդեցությունը, չեմ կարծում, որ շատ էական կլինի, որովհետեւ մեր իշխանությունները Ռուսաստանի ոտքի տակ են, եւ նրանք կանեն այն, ինչ կգծվի այնտեղ, ինչ իրենց կթելադրեն, ուրիշ ոչ մի բան նրանք չեն անի, ու նաեւ դա է պատճառը, որ իրենք գտնվում են իշխանության գլխին ու կմնան իրենց տեղում։



Սա է, ուրիշ ոչ մի գեղեցիկ, պայծառ բաներ չեմ տեսնում, համարում եմ սա փակուղի, որը ոչ մի լուծում չունի։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ իշխանավորները չեն ցանկանում կյանքը փոխել, ներքեւներն էլ չեն կարող այդ կյանքով ապրել, թողնում գնում են այստեղից։ Կգնան, կգնան, ու մեր հակառակորդը, որ 8 մլն․ է, կդառնա 10 մլն․ ու ման գալով կգա Հայաստանով, կամ էլ հենց Ռուսաստանը նրանց կհրավիրի այստեղ»։



Ինչ վերաբերում է երկրի ներսում ձեւավորված դաշինքներին, կուսակցություններին, ապա դրանք իր համար ծիծաղելի բաներ են․ «Այն, որ բանվորական դասակարգի ջատագովները դարձել են բիզնեսմեններ, օլիգարխները՝ քաղաքական գործիչներ, ծայրահեղ ազգայնամոլները՝ կոսմոպոլիտներ, կոսմոպոլիտները՝ ծայրահեղ ազգայնական․․․, չենք հասկանում, թե ինչ է կատարվում։ Այսինքն՝ կուսակցական գաղափարախոսություն ոչ մեկը չունի, նրանք ուղղակի ճանապարհ են ման գալիս, թե ինչպես մտնեն իշխանություն եւ իրենց անձնական նեղ հարցերը լուծեն»։



Թե ժողովուրդն այս ամենի մեջ ինչպես պետք է կողմնորոշվի, հատկապես երբ տարբեր քաղաքական գործիչներ միանում են ու նոր դաշինքներ ձեւավորում, երգահանը նկատեց․ «Քաղաքական գործիչներն անընդհատ միավորվում են, դաշինք են կազմում, բայց դա, համենայնդեպս, ոչ մի օգուտ չի տալիս, եւ ընդդիմություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մեր ընդդիմությունն էլ իշխանամետ է ու իշխանության համար ստեղծված ընդդիմություն է, դա ռեալ ընդդիմություն չէ, նրանք քաշ ու արժեք չունեն։ Հետո՝ մի կարեւոր բան էլ կա, ընդդիմության բոլոր լիդերները, նախքան կուսակցություն ստեղծելը կամ մի քայլ անելը, վազում են Մոսկվա՝ զեկույցներ են անում իրենց հովանավորներին։ Եթե ընդդիմությունը վազելու է Մոսկվա, իշխանավորն էլ իր հերթին է վազում Մոսկվա, մեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով կվազի Մոսկվա։ Այսինքն՝ նրանք գնում են խորհրդակցության նույն տեղը՝ ոչ մի տարբերություն չկա»։



Ինչ վերաբերում է «Հաց բերող» անունն ստացած Արթուր Սարգսյանին, ում դարձյալ 2 ամսով կալանավորեցին, ինչքանո՞վ է դա առնչվում ընտրությունների հետ, Բայաթյանն ասաց․ «Երեւի ինչ-որ խնդիրներ կան, ու երբ մարդիկ դառնում են խանգարող հանգամանք, պետք է նրանց չեզոքացնել, կամ էլ ցուցադրական մի բան է, թե չէ ուրիշ բան ես չեմ տեսնում, ի՞նչ իմաստ ունի այդ մարդուն կալանավորելը։ Շատ ժամանակ այնպիսի քայլեր են անում, որ նույնիսկ հարցի պատասխան չկա․․․ Մեր երկիրը գտնվում է հոգեվարքային մի վիճակում, եւ այնպես չէ, որ սա պահի տակ եմ ասում։ Արդեն բավականին երկար ժամանակ զգացվում է այդ հոգեվարքը, եւ դա պարտադիր չէ պետության համար, որ 1-2 տարի տեւի, կարող է եւ շատ երկար տեւի, փոփոխության ոչ մի նշույլ էլ չկա, որ ինչ-որ մի բան դեպի լավը փոխվի, որովհետեւ համակարգն ամբողջությամբ սարսափելի է»։



17թ․ ընտրություններում երկրում կառավարման մոդել է փոխվելու, թե այդ փոփոխությունն ինչ կտա սովորական քաղաքացուն, Արտավազդ Բայաթյանը կասկածում է, որ որեւիցե բան կտա․ «Ես նայում եմ մեր օրենսդիր մարմնին եւ հասկանում եմ, որ համարյա ամեն բան կմնա իր տեղում, շատ քիչ բան կփոխվի։ Շատ կասկածում եմ, որ այդ փոփոխություններն ինչ-որ բանի կբերեն․ մեկը գալու է, մյուսը գնա, որովհետեւ հերթական մարդը գալիս է իր անձնական հարցերը լուծելու համար, այդպես շարունակ»։
Բայաթյանը ոչ նպատակ եւ ոչ էլ ցանկություն ունի ընդգրկվելու որեւէ կուսակցության շարքերը, նախ՝ որ չկա այնպիսի մի կուսակցություն, որի գաղափարախոսությունն ու անկեղծությունն ընդունի, եւ հետո՝ իրեն դա պետք չէ․ «Այդ քաղաքական կուսակցություններն ստեղծվում են նրա համար, որ ինչ-որ մի տեղից փող կորզեն, դա է նպատակը»։



Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կարծիքով՝ այն, որ Սփյուռքն ակտիվացել է ու Հայաստանը նաեւ իր հայրենիքն է դիտարկում, շատ ողջունելի է, բայց․ «Դժբախտաբար, մի քիչ ուշացած, որովհետեւ այս դաշինքները, որ ստեղծվում են, մի օղակի խաղերն են, եւ, ըստ էության, ընտրությունը Հայաստանում այնպիսի մի բնույթ է կրելու, որ ում էլ ընտրենք, Սերժիկին ենք ընտրելու։ Այդպես է ստացվում, շատ եմ ուզում, որ սխալված լինեմ, բայց մինչեւ ընտրությունը խնդիրներն այնպես են կազմակերպել, որ մենք, ըստ էության, ընտրություն անելու հնարավորությունից զրկված ենք, ում էլ ընտրես, ընտրում ես Սերժիկին։ Ինձ միայն մի բան է ոգեւորում, որ մեր իշխանական համակարգում ի հայտ է եկել մի մարդ՝ Կարեն Կարապետյան ազգանունով, որին ես ամբողջությամբ վստահում եմ եւ հույսս կապում եմ այդ մարդու հետ։ Վստահ եմ, որ ինքը կարող է Հայաստանն այս վիճակից հանել»։



Թե նույն այդ իշխանական համակարգն ինչքանով թույլ կտա իրեն անկախ գործել եւ երկիրն այս վիճակից հանել, Աղաբաբյանը նկատեց․ «Ես հենց այդ մտավախությունն ունեմ, որ ում էլ ընտրենք, այս վիճակն է՝ վատի եւ վատագույնի իրավիճակի մեջ ենք հայտնվել, լավ չէ Հայաստանի վիճակը։ Լավ կլիներ, որ Սփյուռքն այն ժամանակ, երբ իրենից քամում էին, ինչպես կթու կովի, այդ ժամանակ այդքանը գիտակցեին ու մեզ սատարեին այնքանով, որ կարողանայինք մի քիչ ինքնուրույնություն ունենալ։ Լավ է, որ իրենք ակտիվացել են, բայց ուզում եմ հասկանալ՝ ուզում են ինչի՞ն դիտորդ լինել՝ ՀՀԿ-ից ՀՀԿ-ին ընտրության դիտո՞րդ․․․ ես այդպես եմ հասկանում, բոլոր նախաձեռնությունները տեղից ղեկավարվող բաներ են, տարբերություն չեմ տեսնում։ Հիասթափության մի կեղտոտ մեխանիզմ է մշակված, որ զզվես-հիասթափվես ամեն ինչից։ Ժողովուրդ այլեւս չմնաց․․․ ժողովուրդը բառ է մնացել․․․»։



Գեղանկարիչն անդրադարձավ նաեւ մտավորականների՝ կուսակցական ցուցակներում ընդգրկվելու փաստին․ «Սրանք այնքան լկտի են, որ նույնիսկ ինձ առաջարկություններ արել են՝ ցուցակների մեջ ընդգրկվել, չասեմ անունները, բայց մի քանի տարբեր տեղերից։ Ու այնքան լկտի ու լպիրշ են, որ մտածում են՝ կարող ես իրենց կեղտոտ ջրաղացին ջուր լցնել։ Հետո․ ես սկսել եմ կասկածել՝ արդյո՞ք մենք մտավորականություն ունենք․․․»։



Այն դիտարկմանը, որ գուցե սա ճանապարհներից մեկն է՝ ներգրավվել եւ ներսից իրավիճակ փոխել, գեղանկարիչը համաձայն չէ, որ դա է ճանապարհը․ «Այդ ամբոխի մեջ ոչինչ չես կարող անել»։ Թե ի՞նչ հիմնավորումով են իրեն առաջարկել ընդգրկվել իրենց ցուցակներում, նշեց․ «Ինձ առաջարկում էին, որ ես իրենց պետք եմ, եւ իրենց պետք է ազնիվ, անբիծ մտավորական․․․ իրենց շողոքորթելու ձեւերը գիտեմ, այնքան են լկտիացել, որ հաշվի չեն առնում, որ ճանաչելիության դաշտ ունես եւ, բնականաբար, պետք է մերժես»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ