Էս անգամ լրագրողների խաթեր շատ օրենսդրության մեջ պտի աշխատեմ

Էս անգամ լրագրողների խաթեր շատ օրենսդրության մեջ պտի աշխատեմ

Հարցազրույց Տիգրան Արզաքանցյանի hետ



Գեղարքունիքի թիվ 8 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածություն առաջադրած Տիգրան Արզաքանցյանը, ով տարվա մեծ մասը «դրսերում» է լինում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, պարզվում է՝ ուսանող է եւ Հայաստանից բացակայությունը հիմնավորել է ուսանողական փաստաթղթերով։ Բացակայությունն անձնագրայինում դիտել են իբրեւ գործուղում։



Հիշեցնենք, որ ԸՕ 80-րդ հոդվածի պահանջով թեկնածուն վերջին չորս տարիներին Հայաստանում մշտական բնակության տեղեկանք պետք է ներկայացնի։



- Պարոն Արզաքանցյան, տարին տասներկու ամիս դրսերում եք, ինչպե՞ս եք լուծելու չորս տարվա մշտական բնակության հարցը։



- Ըտենց բան չկա, այ քո ցավը տանեմ։



- Դուք պահանջվող փաստաթղթերը ներկայացրել եք, եւ ամեն ինչ նորմա՞լ է, կգրանցե՞ն Ձեզ։



- Այո, այո։



- Իսկ ի՞նչ փաստաթղթեր եք ներկայացրել։



- Արի պատմություն մի սարքա գլխիս՝ ոնց եմ ներկայացրե, ինչ եմ ներկայացրե։ Պռոբլեմ չկա, պետք ա պռոբլե՞մ լինի, ասա պռոբլեմ սարքեմ։



- Հիվանդության թո՞ւղթ եք ներկայացրել։



- Ես հիվանդ չեմ, լրիվ առողջ եմ։



- Իսկ ո՞նց եք հիմնավորել…



- Էս տարիքում ուսանող տեսե՞ր եք, հա՞, էս տարիքում հլը սովորում եմ, ուսանող եմ, հեսա կավարտեմ, դրանից հետո պտի էլի սովորեմ, հասկանո՞ւմ եք։ Խելացի մարդիկ պետք են մեր երկրին ու հանրությանը։



- Դուք կարծում եք, որ իշխանությունում բոլորը խելացի են, ու Դուք էլ պիտի սովորեք, որ հետ չմնա՞ք։



- Ես գիտեմ ով ինչքան խելք ունի, ես ինչքան խելք ունեմ։



- Իսկ ի՞նչ մասնագիտություն եք սովորում, որտե՞ղ։



- Գոռըդ Մասկվա, муниципальное государственное управление։ Դրանից հետո էլ մտածում եմ էլի շարունակեմ։ Ու տեղեկանք ստանալու թեմա չկա, իրանք զապրոս են արած համալսարան, համալսարանից սաղ թղթեր ստացած են։



- Որ պատգամավոր դարձաք, ո՞նց կշարունակեք։



- Հեռակա կտամ։



- Իշխանությանը նայելով՝ տպավորություն է, որ խրախուսվում է ոչ այնքան խելքը, որքան ռեսուրսները։ Բա՞ն է փոխվել, որ մենք չգիտենք։



- Ես գիտեմ ինձ ինչ ա պետք, մնացածը թող իր տեղը պատասխանի։ Չիմանալն ա վատ, չսովորելը։ Ինչքան ապրես, պտի սովորես։



- Նախընտրական գործընթացների մեջ մտե՞լ եք արդեն, Ձեր շանսերը ո՞նց եք գնահատում։



- Ես ինչի մեջ մտնում եմ, իմ շանսերը բարձր եմ գնահատում, մնացածն ընտրությունից հետո կերեւա։



- Իսկ ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ քաղաքականություն, նորից խորհրդարան մտնելու ցանկություն ունեցաք։



- Պակաս գործեր կա էսօր, ես ուզում եմ իմ չարածները լրացնեմ էսօր։



- Թե՞ Ձեր ռեսուրսների համար կանչեցին։



- Էէէ, ես Ձեզ ասում եմ՝ օրենսդրության մեջ լիքը աշխատանքներ ունեմ։



- Խորհրդարանում, փաստորեն, Ձեր կարի՞քն է զգացվում։



- Ես գիտեմ, որ պակաս գործեր կա, ու պտի անեմ։



- Հանրապետակա՞նն է Ձեզ առաջարկել, թե՞ Դուք եք հայտնել, որ պակաս գործեր ունեք։



- Իրանք առաջարկել են, ես էլ իմ առաջարկներն եմ արել։



- Սերժ Սարգսյանն ասում էր, թե քաղաքական նոր մշակույթ է գալիս, թարմ դեմքեր, նոր շունչ, նոր ոգի ու նման բաներ, Դուք ո՞ր չափանիշին եք համապատասխանում։



- Բայց կարող ա՞ ես հին շունչ եմ։ Ես էլ իմ ծրագրերն ունեմ, որ բարով-խերով ընտրվա, նոր դրանից հետո կտենանք ինչն ինչոց ա։



- Իսկ ինչո՞ւ հենց Ձեզ պիտի ընտրեն, ընտրական նոր մեխանիզմների համաձայն՝ այս անգամ բազում թեկնածուներ են լինելու։



- Իմ աշխատանքի ընթացքում դա կերեւա, դա խոսքերով չի, ես չեմ ուզում մյուս թեկնածուների պես ընենց բառեր օգտագործեմ, ինձ սարքեմ հերոս, ես կյանքում արդեն իմ հերոսն եմ։



- Ձեզ Ձեր մայրիկը վաղուց է հերոս դարձրել, մարզի դպրոցներում Ձեր նկարն է կախել տվել՝ ասելով՝ իմ Տիկոն ի՞նչ պակաս ա...



- Դու ուրիշ մայրիկ ցույց տուր, որ իրա տղեն տենանք ինչ ա արել։ Ես ուրախ կլինեմ, որ մեր հայրենակիցներն իմ արածի 2 տոկոսը կարանան անեն, ինձանով չի երկիրը, ամեն մեկն իր հայրենասիրություն պետք ա ցույց տա։ Ես չեմ խնդրել, որ մարզի դպրոցներում իմ նկարները կախեն, ես մարզի դպրոցի երեխեքի համար մինչեւ հիմա ցավում եմ ու անում եմ, 16 տարի ոչ մի ծնող չի ցավում էդ ամենի համար, գրենական պիտույքներ ա եւ այլն ա, մինչեւ հիմա Արզաքանցյան հիմնադրամն ա անում։



- Դուք հաճախ եք սիրում հայտարարել, թե շատ «ակտրիսաների» հետ եք շփվում, նրանք հնարավո՞ր է մասնակցություն ունենան Ձեր ընտրարշավին՝ իբրեւ նոր մշակույթի բաղկացուցիչ մաս։



- Լսա, ուրեմն եթե մարդ էս կյանքում ապրում ա, ստեղծում ա, դրա հետ մեկտեղ ինքը կարում ա շփվի աշխարհի տարբեր մարդկանց հետ, կարում ա իրա շրջապատը մեծ պահա, ինչի ակտրիսան վա՞տ մարդ ա, որ կարում ես շփվես, տաղանդավոր մարդկանց հետ շփվելը վա՞տ բան ա, ես համ բիզնեսմենների հետ եմ շփվում, համ ակտրիսաների, համ արտիստների, որ մարդիկ չեն շփվում դրանց հետ, մենակ տելեվիզորով են տենում, ես ի՞նչ անեմ։ Թող սաղ էլ մի քիչ օպերա բեմադրություններ նայեն, սիմֆոնիա երաժշտություն մի քիչ լսեն, զարգանան, իրանք ոչ թե ուրիշների հաջողությունից ընգնեն ինչերի մեջ, թող իրանք իրանց մեջ առաջընթաց ունենան, որ հաջողության հասնեն։ Մարդիկ ինչ ցանեն, էն էլ կհնձեն։



Ես պտի գործով ցույց տամ, գործով պտի բարելավեմ մեր ընտրողների կյանքը՝ ինչով կարող եմ։ Հասկանո՞ւմ ես, սոցիալական էսքան մեծ խնդիրներ կան, մեծ պակաս կա, ինչ-որ բանով մարդկանց մատից փուշը պտի հանենք, թե չէ․․․ Աշխատատեղերի մեծ պակաս ունենք, բացի Երեւանից, էսօր ո՞ր մարզերն են ծփում աշխատատեղերով, առավել եւս՝ Գեղարքունիքի մարզը, դաժան ա, չէ՞, տխուր ա շատ։



- Մարզի մեծ մասը խոպան է գնացել, դժվար չի՞ լինելու խոստումներով քվե ստանալ, չէ՞ որ այդ վիճակն իշխանության գործունեության արդյունքն է։



- Ընենց եմ անելու, որ սաղ խոպանից գան, էդ խոպանն իրանց դռան դեմը լինի։ Ընենց չի, որ բոլոր երկրներում կյանքը ծփում ա էս ճգնաժամի վիճակում, Հայաստանն էլ սենց շաատ աղքատ վիճակի մեջ ա։ Հայաստանը որ էսքան կարում ա ապրելակերպը դզի, էս ճգնաժամի մեջ էսօրվա բալանսում իր տեղը պահի էս շրջափակման մեջ ու խաղաղ պայմաններ ստեղծի, էդի մեծ բան ա։ Էդ մեր նախագահի շնորհքն ա, մեր կուսակցության շնորհքն ա, հասկանո՞ւմ եք, էսօր կառավարությունը մեծ աշխատանք ա անում, երկրի նախագահը մեծ ջանք ա խնայում, որ էս վիճակում կարում են բանակը հզոր պահեն, սոցիալական վիճակը կայուն պահեն, շատ դժվար ա, ըտենց բան չկա։



- Բայց Դուք առանձնապես ակտիվ պատգամավոր չեք եղել, ի՞նչ պիտի անեք ընտրվելու դեպքում։



- Ես Ձեզ ասեմ՝ իմ արած աշխատանքը, որ երազով տենան, կարող ա ինֆարկտ ստանան, ես շատ անում եմ, քիչ խոսում, էնքան, որ իմ հիմնադրամն ա արեր, ոչ մեկ չի արե։ Ես խորհրդարանում էլ պասիվ չեմ եղեր, թմի հետ միշտ էլ աշխատեր եմ, որտեղ անունս գրված ա եղել, որտեղ էլ գրված չի եղեր, իրանց գործն ա, կարեւորը՝ խմբակցությունն իրա գործը չոտկի արեր ա։ Էս անգամ լրագրողների խաթեր շատ օրենսդրության մեջ պտի աշխատեմ, որ ցույց տամ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ