Էրեբունին վեկալան, հո Երեւանն էլ չեն վեկալի

Էրեբունին վեկալան, հո Երեւանն էլ չեն վեկալի

Տեւական ըմդմիջումից հետո այսօր խորհրդարան ժամանած Մհեր Սեդրակյանը աչքի էր ընկնում աննախադեպ զսպվածությամբ։ Քաղաքական վերջին վայրիվերումներից հետո, սպասվում էր, որ Սեդրակյանը ընդհանրապես չի երեւա Ազգային ժողովում, քանի որ ոչ իրեն, ոչ որդուն թույլ չտվեցին դառնալ պատգամավոր, իսկ ազգականին էլ ազատեցին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Սակայն նա ոչ միայն եկել է, այլեւ պատասխանել է մեր հարցին՝ հաստատելով, որ աջակցելու է Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին, ով ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ Մեր տեղեկություններով Սեդրակյանին զգուշացրել են, որ ՀՀԿ-ին չաջակցելու դեպքում խնդիրներ կունենա, նա էլ որոշել է աջակցել ՀՀԿ-ին՝ հանձին Հակոբ Բեգլարյանի։ Ոչ վաղ անցյալում Գագիկ Բեգլարյանի ու Սեդրակյանի հարաբերությունները վատացել էին Երրորդմասցի Լյովիկի սպանության հողի վրա, այժմ՝ երբ իշխանությունը երկուսի նկատմամբ էլ վերապահումներ ունի, որպես բախտակիցներ, նրանք նորից մերձեցել են։



Այսօր, երբ Մհեր Սեդրակյանը խորհրդարանում վստահեցնում էր, որ ՀՀԿ-ի օգտին չի աշխատի եւ առհասարակ ընտրություններին մասնակցություն չի ունենա, մեր դիտարկմանը, թե իրեն հաճախ են տեսնում Բեգլարյանների հետ ու տեղեկություն կա, որ աջակցելու է նրանց, Սեդրակյանն ասել է․ «Դե եթե իմ ընգերները իմ խոսքը կհարգեն, Բեգլարյան Գագիկի համար կաշխատեն»։ Հիշեցնենք, որ Սեդրակյանն իր տան վրա խուզարկության գնալու առիթով էր նեղացել իշխանություններից եւ ուզում էր որդուն Ծառուկյան դաշինքով պատգամավոր դարձնել, բայց իշխանությունը նրան ստիպեց հրաժարվել այս ուղուց, իսկ Սեդրակյանը հրաժարվեց առճակատումից։
«Ոչ մեկից նեղացած չեմ, ես քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես ձեզանից», -ասաց նա ի պատասխան մեր հարցին, թե որն է հեռանալու պատճառը։ «Լավ եմ արել, ոչ մեկից էլ նեղացած չեմ, անգամ ձեզնից, որ հոգիս հանել եք»: Ասաց նաեւ, թե որոշել են ընտանյոք հանդերձ բիզնեսով զբաղվել․«Ես եթե մի բանի ձգտում եմ, հասնում եմ» վստահեցրեց նա։«Իմ որդին պատգամավոր դառնալո՞վ պետք ա իրա կարիենան ստեղծի, կամ չստեղծի: Եթե դառնա պատգամավոր, կարիերան փայլելու ա, եսիմ ի՞նչ ա ըլնելու: Կրկնում եմ՝ եթե մի բան ուզենամ, հասնում եմ»: Մտավախություն չունի՞, որ իշխանություններն իրենից կնեղանան, որ այս անգամ չի աջակցում, հարցրեցինք․«Եթե ձեր հետ ընկեր եմ, բայց չեմ ուզում օգնեմ ձեզ, դուք կնեղանա՞ք: Դե տարիքս էն տարիքն ա հասել, որ ես չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել»։



Իսկ եթե որեւէ խնդիր չի եղել, ապա ինչու Էրեբունու թաղապետի փեսան շաբաթներ առաջ ազատվեց պաշտոնից․ «Ինքը ազատվելու էր, չէր ուզում աշխատել, ես էի իրան աշխատավարձ տալիս», անակնկալ հայտարարեց Սեդրակյանը։ Իսկ ճի՞շտ է, որ իր դիրքերը թուլացնում են, Էրեբունին «խլում» են իրենից՝ տալով այլ հեղինակությունների՝ Պիստ, Ապեր․«Էրերբունին վեկալան, հո՞ ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վեկալի», ասաց նա՝ չհերքելով այդ լուրերը։



Լուսինե Շահվերդյան