Առուն չթռած՝ հոպ չեն ասում

Առուն չթռած՝ հոպ չեն ասում

Թեեւ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում պառլամենտական ընտրություններն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն են, սակայն ընդդիմադիր ուժերից ու դաշինքներից ոչ բոլորն են ցանկանում «առուն չթռած՝ հոպ ասել»՝ խոսելով վարչապետի իրենց թեկնածուի մասին։



Ապրիլի 2-ի ընտրություններն իրենց նշանակությամբ հավասարազոր են անցյալի նախագահական ընտրություններին, քանզի ընտրություններից հետո ԱԺ մեծամասնություն ձեւավորած ուժը կամ ուժերը համաձայնությամբ ներկայացնելու են վարչապետի իրենց թեկնածուին, հետագայում կառավարման այլ մարմիններ են ձեւավորելու, նախագահ են ընտրելու։ Եթե ապրեինք քաղաքակիրթ երկրներից մեկում, ապա խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չափազանց կարեւոր պետք է լիներ, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը հասարակությանը ներկայացնեին, թե ով է լինելու իրենց ապագա վարչապետը, ինչը հնարավորություն կտար, որ ընտրողներն ավելի հստակ ընտրություն կատարեն եւ պատկերացնեն, թե այդ ուժն ուր է տանում երկիրը: Սակայն Հայաստանում, որտեղ իշխանությունն ինչքան ցանկանում, այնքան էլ «խփում» է, այս թեմային անդրադառնալը պարապ վախտի զբաղմունք է դառնում։ Այդուհանդերձ, մենք կներկայացնենք քաղաքական ուժերի ու դաշինքների ներկայացուցիչների կարծիքն այս հարցի վերաբերյալ։



Հանրապետականները միաբերան երկրորդում են Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած հայտարարությունը, թե 2017-ի ընտրություններում արձանագրած հաջողություններից հետո ՀՀԿ-ն կսատարի գործող վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նա է իրենց վարչապետի թեկնածուն։ Սակայն վերջին շրջանում մամուլում լուրեր շրջանառվեցին Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների սրման մասին եւ տեղեկություններ հայտնվեցին, որ ՀՀԿ-ի վարչապետի առավել հավանական թեկնածուն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով գլխավորում է ՀՀԿ ընտրացուցակը։ Տաճատ Վարդապետյանն այս առիթով կրկին հղում արեց Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարությանը՝ ասելով․ «Ինձ այլ հայտարարություն, հետեւաբար՝ այլ թեկնածու հայտնի չէ, քան Կարեն Կարապետյանը»։ Ի դեպ, որոշ սոցհարցումների համաձայն, Կարեն Կարապետյանը շատ ավելի բարձր ռեյտինգ ունի, քան ՀՀԿ-ն։



«Ազատ դեմոկրատները» ՀՀԿ-ից հետո առաջին համարձակներից էր, որը հայտարարեց իրենց վարչապետի թեկնածուի մասին։ Թեեւ ոմանք կարծում են, որ դա արվեց ընդամենը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ինքնասիրությունը շոյելու համար եւ, որպես փոխհատուցում նրան, ցուցակում երկրորդը գրելու դիմաց։ Պարոն Բագրատյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ինքն է «ԱԴ» ցուցակի առաջին համարը, եւ անգամ սկսել էր ծրագիր գրել։



Հայ ազգային կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեր հարցը լսելուց հետո հորդորեց լուրջ գործերով զբաղվել։ «Հիմա հեքիաթներով եք զբաղված»,- ասաց նա, ում համար թերեւս ՀԱԿ-ի հաղթանակը նույնպես Գյուլնազ տատի հեքիաթների շարքից է։ Նկատեցինք, որ անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի, ու հանրությունը պետք է իմանա բոլոր ուժերի ռեսուրսների մասին։ «Մենք առանց վարչապետ ենք աշխատելու»,- անդրդվելի մնաց պարոն Մանուկյանը։ Մի բան պարզ է, որ որոշ ուժեր այնքան սուղ ռեսուրսներ ունեն, որ մարզերում ռեյտինգային թեկնածուներ չեն կարողանում գտնել, առավել եւս՝ վարչապետի կամ նախարարների թեկնածուներ որտեղի՞ց պետք է գտնեն։



ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ «առուն չթռած՝ հոպ չեն ասում»։ Այսինքն՝ անիրատեսական եք համարում ՀՅԴ-ի հաղթանակը, այդ պատճառո՞վ չեք քննարկել վարչապետի թեկնածություն։ Ռուստամյանը հակադարձեց, որ իրենք կոնկրետության մեջ են միայն հարցեր քննարկում։



«Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի խոսքով, այս փուլում վարչապետի թեկնածուի որոշման հարցը «կեղծ օրակարգ է»․ «Որովհետեւ մինչեւ 2018 թվականը գործում է նախկին Սահմանադրությունը, եւ, մյուս կողմից՝ մինչեւ քաղաքական մեծամասնություն չձեւավորենք, անիմաստ է դաշինքի կողմից նման հայտարարություններ անենք։ Այսինքն՝ սկզբից պետք է գետը թռնել, հետո ասել՝ հոպ»։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր իր կուսակցության առաջարկած ստվերային կաբինետը ներկայացնել հանրությանը։



«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում» քննարկել են վարչապետի թեկնածուի հարցը, ժամանակի ընթացքում կներկայացնեն իրենց որոշման մասին։ Այդ մասին հայտնեց դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը։ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ ասաց, թե «Ծառուկյան դաշինքում» հարցը չի քննարկվել, եւ զբաղվածության պատճառով այլ հարցերի չպատասխանեց։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ