Կրկնվող լոզունգներ և նույնացվող կուսակցություններ

Կրկնվող լոզունգներ և նույնացվող կուսակցություններ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն ու կուսակցությունները շարունակում են ներկայացնել քարոզարշավի մաս կազմող PR տեսահոլովակները եւ հանրայնացնել իրենց նախընտրական ծրագրերը։ 



«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական տեսահոլովակը կոչվում է «Մենք կարող ենք», իսկ, ահա, նախընտրական ծրագրում կուսակցության կարգախոսն արդեն բացված է. «Մենք կարող ենք. հանուն ազատ եւ ուժեղ Հայաստանի»։ Տեսահոլովակը կառուցված չէ արխիվային կադրերով ու տարբեր ցույցերի, քաղաքացիական պայքարի դրվագներով եւ դրա տակից հնչող հերոսական երաժշտությամբ։ Այն նկարահանված է ներկա ժամանակում, հանդիսատեսի ուշադրությունը չի շեղվում կուսակցության 4 բանախոսներից, նրանց դեմքերը ներկայացվում են խոշոր պլանով, խոսքերն արտաբերվում են լակոնիկ ու հստակ, կարծես փորձելով շահել յուրաքանչյուր ընտրողի վստահությունն ու ձայնը։



Եթե տեսահոլովակում Հրանտ Բագրատյանը խոսում է իրենց նպատակի մասին, այն է՝ ստեղծել մրցունակ Հայաստան, Անահիտ Բախշյանն էլ կարեւորում է կրթության ֆինանսավորման խնդիրը, դեպի եվրոպական ընտանիք Հայաստանն առաջնորդելու մասին էլ ընդգծում է Ստեփան Սաֆարյանը, ապա Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է իրական այլընտրանք՝ ապահով, անվտանգ եւ զարգացած Հայաստան։ Այս խոսքերը միանգամից ասոցացվում են ՀՀԿ-ի նախկին եւ ներկա կարգախոսների հետ՝ «Ապահով Հայաստան» եւ «Անվտանգություն եւ առաջընթաց» լոզունգներով։ Նախընտրական այս փուլում, երբ խոսքերն ու կուսակցությունները հասարակ ընտրողի համար գրեթե նույնացել են, պետք է այնպիսի կարգախոսներ ընտրել, որոնք չկրկնվեն ու չնույնացվեն ՀՀԿ-ի հետ։ Ու եթե դա ՀՀԿ-ի համար ոչինչ է կամ էլ ինչ-որ տեղ՝ պլյուս, ապա «Ազատ դեմոկրատների» դեպքում դա հաստատ կաշխատի ի վնաս իրենց։



«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որպես այդպիսին, դեռ քարոզչական տեսահոլովակ չի հրապարակել՝ կուսակցության առաջին դեմքերի մասնակցությամբ։ Փոխարենը ՀՎԿ-ն ներկայացրել է մի քանի կարճ հոլովակներ՝ անիմացիոն ոճի մեջ, որտեղ մուլտ քաղաքացիներն ու ընտրողները բարձրաձայնում են կրթության, ռազմական արդյունաբերության ոլորտի խնդիրները, ավանդների, նվազագույն աշխատավարձերի, հիպոթեքային կանխավճարների, արագաչափերի, կարմիր գծերի հարցերը։ Հոլովակների վերջում ՀՎԿ դարձած նախկին ՕԵԿ-ը հորդորում է քվեարկել հանուն փոփոխության (մյուս քաղաքական ուժերի քարոզչատեսահոլովակներին արդեն անդրադարձել ենք)։



               Մշակույթն ու կրթությունը՝ նախընտրական ծրագրերում



«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի 30 հիմնադրույթների մեջ 24 եւ 25 կետերը վերաբերում են կրթությանն ու մշակույթին, մասնավորապես ՀՎԿ-ն առաջարկում է. «Գիտության եւ կրթության ոլորտներին ֆինանսավորման ավելացում, գիտության մեջ կիրառական բաղադրիչի ընդլայնում` առեւտրայնացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ, կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ընդլայնման նպատակով կարիերայի կենտրոնների ստեղծում, ինչպես նաեւ մրցունակ գիտական գաղափարների արտահոսքի կանխարգելում: Երիտասարդ գիտնականների ֆինանսական աջակցության ընդլայնում` նախապատվությունը տալով կիրառական գիտություններին»:



Ինչ վերաբերում է մշակույթին, ապա. «Մշակույթի եւ սպորտի ոլորտներին պետական աջակցության մեծացում: Ստեղծագործական միությունների գործունեության պետական աջակցության հետեւողական զարգացում: Երեւանում եւ մարզերում մշակութային օջախների եւ սպորտային հաստատությունների պայմանների բարելավում եւ ժամանակակից ցանցի ձեւավորում: Մշակույթի եւ սպորտի ոլորտներում ժամանակակից շուկայական մեխանիզմների ձեւավորում, օտարերկրյա ներդրումների ապահովում, մասնավորապես՝ կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ»:



«Ազատ դեմոկրատները» բավականին ծավալուն անդրադարձ են կատարել կրթությանն ու մշակույթին, կրթությունը ներկայացվել է 20 կետով։ Ուշագրավ են հատկապես այս կետերը. «Դպրոցների տնօրենների համար օրենքով նախատեսել վարչական տույժեր՝ օրենքով արգելվող քաղաքական քարոզչության համար», եւ «Ապակուսակցականացնել բուհերի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների նշանակումը բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում, գնահատման համակարգը դարձնել պատճառաբանված ու թափանցիկ»։ վերաբերում է մշակույթին, ապա կուսակցությունը խոստանում է աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, 5 տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհով վերականգնել եւ արդիականացնել համայնքային մշակույթի տները` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող մշակութային կրթության կենտրոններ:



Ինչպես նաեւ. «Հաստատել ժամանակացույց Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների եւ մշակութային այլ արժեքների պահպանման ու վերականգնման համար, բացառել պետության կամ մասնավոր հատվածի կողմից դրանց աղավաղումն ու կառուցապատման զոհ դարձնելը: Խթանել գրահրատարակչության, թատերական արվեստի ու մյուս ճյուղերի զարգացումը: Բարձրացնել մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը տնտեսական զարգացման տեմպերին համընթաց, նրանց կատարած հայրենանվեր աշխատանքի արժանվույնս գնահատմամբ»:



«Ծառուկյան դաշինքի» նախընտրական ծրագրի հիմնադրույթների մեջ կրթության եւ գիտության ոլորտում տեղ են գտել պետական բուհական համակարգում ընդունելության քննությունների կարգի ու չափանիշների փոփոխությունը. «Վերացնել ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը: Հանրակրթական դպրոցներում վերանայել ռազմական նախնական պատրաստվածության ծրագիրը: Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կառուցել առնվազն 10 նոր հրաձգարան: Լուծարել բուհերի ձեւական բնույթ կրող կառավարման խորհուրդները: Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»: Դաշինքն առաջարկում է նաեւ հիմնովին վերափոխել Գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունները եւ գիտություն-արտադրություն, գիտություն-ռազմական արդյունաբերություն կապը դարձնել ՀՀ կառավարության կարեւորագույն խնդիրներից մեկը:



Մշակույթի մասով դաշինքը նախատեսում է առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային բոլոր կոթողները` սահմանելով դրանց առաջնահերթությունները: Ինչպես նաեւ բացառիկ ծրագրերի ներդրմամբ՝ ձեռնարկել Արեւմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային կոթողները վերականգնելու եւ պահպանելու նախագծեր:



«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում մշակույթին, որպես այդպիսին, տող հատկացված չէ, բայց փոխարենը հանգամանորեն շարադրված են կրթական խնդիրներն ու բարեփոխումների առաջարկները, մասնավորապես ուսումնասիրությունների արդյունքում կստեղծվի Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների սոցիալական վիճակի քարտեզ:



«Կուսակցությունների մասին» օրենքով՝ ուսումնական հաստատությունների ղեկավար կազմին կարգելվի որեւէ կուսակցության անդամ լինել: Կխրախուսվի ուսուցիչների միասնական արհմիութենական շարժման ձեւավորումը, որը կպաշտպանի ուսուցիչների շահերը: «Հանրակրթական դպրոցներում կներդրվի միջազգային բակալավրիատ ծրագիրը, որ միջազգային հանրակրթական լավագույն ծրագրերից է, դասավանդվում է Հայաստանի մի քանի դպրոցներում եւ ապացուցել է իր արդյունավետությունը:



Առաջիկա հինգ տարվա ընթացքում հանրակրթությանը հատկացվող բյուջետային միջոցները կկրկնապատկվեն, ինչը կհանգեցնի նաեւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման: Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կհասցվի ՀՆԱ-ի 3 տոկոսին: Բոլոր պետական դպրոցներում կստեղծվեն տեխնոլոգիական լաբորատորիաներ. հիմնական եւ ավագ դպրոցում ՏՏ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու նպատակով ուսումնական պարտադիր ծրագրում կներառվեն ինժեներական եւ ծրագրավորման դասընթացներ:



Առավելագույնս կսահմանափակվի ցածրաճաշակ մշակույթի քարոզը, աջակցություն կցուցաբերվի հայոց լեզվի զարգացմանը. մշակութային քաղաքականության հիմնական նպատակը կդառնա հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը: Կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության կենտրոն, որը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բոլոր փուլերում համագործակցությամբ կաջակցի հաշմանդամություն ունեցող ուսանողների որակյալ եւ մատչելի կրթության ապահովմանը՝ տրամադրելով մասնագիտական եւ տեխնիկական աջակցություն ուսանողներին եւ դասախոսական կազմին»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ