Ընտրատեղամասում ոչ Սերժ Թանկյանն անելիք ունի, ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը

Ընտրատեղամասում ոչ Սերժ Թանկյանն անելիք ունի, ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը

«Հոգեւոր Հայաստան» նախաձեռնությունը նախօրեին կոչ-հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես նշված է. «Աշխարհում օրեցօր ահագնացող մարտահրավերների պայմաններում այլեւս անհանդուրժելի են հայ ժողովրդի արժանապատվության ու տարրական իրավունքների շարունակական ոտնահարումները: Մեր ժողովուրդը պետք է հստակորեն գիտակցի իր պարտքն ու պատասխանատվությունը հայրենիքի ապագայի հանդեպ եւ երկրի միակ տիրոջ իր կամքը թելադրի իշխանություններին:



Թելադրանքի բանաձեւն ակնհայտ է. ոչ մի ձայն ընտրություններում հայտ ներկայացրած այն քաղաքական ուժերին, որոնք չեն պարտավորվի նոր ԱԺ աշխատանքներն սկսելուն պես օրակարգ մտցնել համաժողովրդական համաներման մասին օրենքի նախագիծ, որը կվերաբերի քաղաքական բանտարկյալներին եւ չնչին զանցանք կատարած հարյուրավոր անձանց, որոնց արատավոր իրավական համակարգը տարիներ շարունակ կամայականորեն պահում է բանտերում»։ Այս հայտարարությունն ստորագրել են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանը, պատմաբան Վարդան Խաչատրյանը, «Ոստան հայոց» ռոք խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը։ 



Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ խնդիրը միայն քաղաքական բանտարկյալները չեն, որովհետեւ բավականին մարդ կա, «ով մի պեչենու համար տարիներով նստած է»։ Թե ինչու որոշեցին սահմանափակվել միայն այդ պահանջով եւ առաջնահերթությունը տալ համաներման մասին օրենքի նախագծին, ապա. «Մենք՝ «Հոգեւոր Հայատանը», փորձում ենք ժողովրդին անընդհատ հիշեցնել իր իրավունքների մասին եւ ցույց տալ իրենց արժեհամակարգը գտնելու, իրենց ես-ն արտահայտելու ձեւեր, բովանդակություն տալ այս ամեն ինչին, որովհետեւ մեր ժողովուրդը դարձել է անողնաշար, անթասիբ մի զանգված։ Մենք փորձում ենք գեներացնել այդ զգացումները, քաղաքացին իրեն երկրի տեր զգալու առումով մեզնից անընդհատ մեսիջներ է ստանում։ Սա է իմաստը։ Իրականում այսքան հանցագործներ վխտում են փողոցներում, իշխանություններում, իսկ հասարակ երշիկ գողացողները, տարիներով իրենց ընտանիքներից զրկված, նստած են բանտերում, էլ չեմ ասում, թե բանտերում ինչ պայմաններ են նրանց համար։ Գումարած դրան, որ անընդհատ շահարկվում, խոսվում է համաներման մասին, բայց այդպես էլ սուս են մնում։ Հիմա ժողովուրդը թող պահանջի ու ստանա»։



Այս փուլում իշխանություններն ինչքանո՞վ ականջալուր կլինեն իրենց պահանջին ու ընդառաջ կգնան դրան։ Եղիշե Պետրոսյանն իշխանությունների հետ որեւէ հույս չի կապում. «Ժամանակի ճիշտ գնահատականի, երկրի առաջ կանգնած մարտահրավերների եւ ընդհանրապես բոլոր առումներով ես նրանց հետ հույս չեմ կապում։ Ես հույս եմ կապում մեր ժողովրդի զարթոնքի հետ։ Ժողովուրդը կզարթնի, կպահանջի, կստիպի՝ կունենա, չի անի՝ ուրեմն կշարունակի այս տխուր, անիմաստ, քարշ կյանքը»։



Պետրոսյանն ասում է, որ ժողովուրդը պետք է սովորի պահանջ դնել ու հասնել այդ պահանջի կատարմանը. «Պետք է ի վերջո ժողովուրդը հասկանա, որ իրենից է կախված ամեն ինչ»։



Ինչպե՞ս է հնարավոր ժողովրդի զարթոնքն ապահովել, ո՞վ պահանջներ կդնի իշխանությունների առջեւ, եթե, ինչպես ինքն է նկատում, այս փուլում ժողովուրդը դառնում է անթասիբ զանգված, որ երբեմն իր բերանով է փող ուզում։ «Գիտեք, ես մտածում եմ, որ մենք ունենք այն, ինչ ունենք։ Հասկանալի է, որ ժողովրդին հասցրել են չքավորության եզրին, վախեցրել են, մի ամֆորմ բան են ստացել, որը, թվում է, իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց այդ ժողովուրդը երբեմն-երբեմն արձանագրում է զարթոնքի հիանալի նշաններ, ոնց որ եղավ անցյալ տարի ապրիլին, ամեն ինչ դրվեց մի կողմ եւ դարձավ ոգեղեն մի բան։ Այ, դա է մեր իրական ժողովուրդը, մեր տեսակը, այն տղաներն էին, որոնց փամփուշտը վերջացել էր, բայց շարունակում էին կռվել, սա չէ մեր տեսակը, որ ունենք ամեն օր։



Մենք «Հոգեւոր Հայաստանով» ուզում ենք անել ամեն բան, որ մեր ժողովուրդն իրեն վերագտնի, դառնա երկրի տերը, որին տանում են կործանման»։
Եղիշե Պետրոսյանը նկատում է՝ մեծ հնարավորություններ չունեն, որպեսզի ժողովրդի հետ հանդիպումներ կազմակերպեն, փորձում են մարդկանց հետ խոսել իրենց մասնավոր հանդիպումներում, խորհրդաժողովներում։ Առաջիկայում նախատեսված է նրանց համաժողովը, որի ընթացքում անպայման պետք է կյանքի կոչեն հայկականության հենքի վրա Հայքի կառուցման գաղափարախոսությունը. «Դա դժվար է առաջ գնում, շատ քիչ են արձագանքում մեզ, որովհետեւ ընկած են չարչիական, աննպատակ, իրենից ոչինչ չներկայացնող պրոցեսների մեջ՝ գլոբալ, ազգային խնդիրը մի կողմ թողած։ Մենք էլ անընդհատ գոռում-գոչում ենք, զանգ ենք խփում, ասում ենք՝ ժողովուրդ, այդպես չի կարելի, ոտքի տակ կգնանք, խելքի եկեք, մենք պետք է մեզ վերագտնենք ու դառնանք սուբյեկտ»։



Մեկ այլ՝ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը եւ դրա անդամներ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը պատրաստվում են գալ ու ընտրության օրը դիտորդական առաքելություն անել ընտրատեղամասերում, «Հոգեւոր Հայաստանն» ու իրենք պատրաստվո՞ւմ են նույնն անել, լինել ընտրատեղամասերում։ «Չէ, մենք մեր խոսքը կասենք մեր խորհրդաժողովում եւ համաժողովում, ընտրատեղամասում ոչ Սերժ Թանկյանն անելիք ունի, ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը, այնտեղ ոչինչ էլ չի կատարվելու։ Ինչ որ կատարվում է՝ իր տեղում կատարվում է»։ Երաժիշտը կարծում է, որ կեղծիքները, որպես այդպիսին, արդեն ընտրատեղամասերում չեն արվի. «Արդեն պարզ է ամեն ինչ, Սերժ Թանկյանենք ավելի խելացի կլինեն, եթե իրենց երկրների իշխանությունների ուշադրությունը սեւեռեն շատ ուրիշ հակահայկական խնդիրների վրա, օրինակ՝ կարող են հասնել նրան, որ էս մեր հանցագործները երկրից ազատ չգնան-գան։ Նրանք դա կարող են անել»։



Թե ինչ հարաբերությունների մեջ են այս նախաձեռնություններն իրար հետ, ապա ցանկացած նախաձեռնություն, որը կարող է մի փոքր օգուտ տալ, իրենք աջակից են ու պատրաստ համագործակցության, լինի դա «Արդարություն Հայաստանում»-ը, «Գլոբալ հայերը», թե 50 երիտասարդներ, որոնք ձայն են բարձրացնում հանուն հայրենիքի. «Այսպես որ՝ նայում ես, կարծես թե արդեն դատապարտված ենք, թվում է՝ ոչինչ չի կարող փոխել մեր ժողովրդին, եւ ամեն ինչ անհույս է, բայց մենք ասում ենք՝ անհույս չէ, մեր միակ շանսը միասնության եւ միասնական մտածելակերպի մեջ է, պետք է փորձել դա գեներացնել»։



Առաջիկա ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժերն են իրենց ծրագրերում բարձրաձայնել համաներման եւ քաղբանտարկյալների հարցը։ Պետրոսյանը նշում է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը» մի կետ ունի, բայց կարծում է, որ այստեղ հարցը ոչ թե սիրուն ծրագրեր գրելն ու ներկայացնելն է, այլ շատ կոնկրետ, առարկայական փոփոխություններ դաշտ բերելը. «Տեսեք, այսքան ուժեր դուրս են եկել ընտրապայքարի, որն իրականում ընտրապայքար էլ չի կարելի ասել, մտել են կազինո ու մի քանի մանդատով ի՞նչ են կարողանալու անել՝ ոչինչ, մենք ունեցել ենք լավ պատգամավորներ, ովքեր անընդհատ տարբեր հարցեր են բարձրաձայնել, բայց ոչ մի հարց լուծում չի ստացել, որովհետեւ ճնշող մեծամասնությունը միշտ դակել է ինչ-որ բաներ, որը պահանջվել է ոչ լեգիտիմ իշխանություններից»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ