Թրամփը հարվածեց Սիրիային, կեցցե Ասադը

Թրամփը հարվածեց Սիրիային, կեցցե Ասադը

Ամերիկյան ռազմանավերից սիրիական ռազմաբազայի ուղղությամբ արձակված 59 հրթիռներից 35-ի անկման վայրը հայտնի չէ: Հաշվի առնելով ամերիկյան զենքի ճշգրտությունը` կարելի է պնդել, որ այս դեպքում շտապողականություն է հանդես բերվել, եւ կրակել են ոչ այնքան նշանառությամբ, որքան ուղղակի կրակելու համար: Այո, էն խեղճ Օբաման անընդհատ զգուշացնում էր` Թրամփին չի կարելի մոտ թողնել միջուկային զենքի կոճակին:



Թրամփը, որքանով հայտնի դարձավ հենց ամերիկյան լրահոսից, սիրիական բազային խփելու հրամանը տվել է իր ռանչոյից: Կա՞ն, արդյոք, նարկոլոգիական հետազոտությունների արդյունքներ այն մասին, որ Թրամփն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել այդ պահին: Բնականաբար, չկան: Հետեւաբար, մենք կարող ենք մտածել, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Նույնկերպ ոչ ոք չգիտի, որ Իդլիբում քիմիական զենք է գործադրվել: Սիրիական ընդդիմությունը հայտարարում է, որ Ասադի կառավարական ուժերը քիմիական հարձակում են իրականացրել: Ասադն էլ ասում է` ոչ, ես այդպիսի բան չեմ արել, հնարավոր է` ահաբեկչական խմբավորումների գրոհայիններն են արել: Ի տարբերություն Թրամփի, ով չի կարող ապացուցել, որ խմած չի եղել, Ասադն ալիբի ունի, քանի որ ողջ աշխարհին է հայտնի, որ Սիրիայի քիմիական զենքն առգրավվել, ապա այդ մասին հայտարարվել է ՄԱԿ հատուկ ստորաբաժանման մակարդակով: Կեցցե Ասադը:



Եթե նույնիսկ մի գեղեցիկ օր ապացուցվի, որ սիրիական տարածքին հրթիռային հարված հասցնելու հրամանը Թրամփը տվել է միանգամայն սթափ վիճակում, ապա, միեւնույն է, անհրաժեշտություն է առաջանալու հարց դնել ԱՄՆ-ի առջեւ` ինչո՞ւ եք խախտում միջազգային նորմերը եւ առանց սուվերեն պետության թույլտվության կամ խնդրանքի, հրթիռակոծում նրա տարածքը: Ընդ որում` առանց նախազգուշացման եւ պատերազմ հայտարարելու, գողի պես, առանց խաղաղ բնակչության տարհանման կամ այլ նախապատրաստությունների: Նորից ասենք` Թրամփի նշանառուների արձակած 59 հրթիռների կեսից ավելին (35-ը) ընկել է ռազմաբազային չհասած կամ անցած:



Կրեմլն արդեն նկատել է` Սիրիայում քիմիական զենքի բացակայության փաստը կարող է շատ հետաքրքիր դարձնել ստեղծված իրավիճակը: Մոսկվայից Թրամփի գործողություններին տրված գնահատականը միանշանակ է. «Սիրիային հասցված ամերիկյան հարվածներն ուղիղ ագրեսիա են սուվերեն երկրի նկատմամբ եւ միջազգային նորմերի կոպիտ խախտում, ընդ որում` մտացածին պատճառաբանությամբ»: Սա Պուտինի ձեւակերպումն է: Թրամփը փորձում է իրաքյան սցենարով լուծել Ասադի հարցերը: Թրամփի նախորդները կախեցին Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին, որովհետեւ նա ոչ միայն սեփական ժողովրդի դեմ էր հանցագործություններ կատարել (ո՞վ ապացուցեց), այլեւ ողջ մարդկության` ստեղծելով քիմիական զենքի գաղտնի պահեստներ: Շուտով կլրանա Հուսեյնի 100-ամյակը, իսկ նրա պահեստներն այդպես էլ չեն հայտնաբերվում: Սիրիան, սակայն, Իրաք չէ: Եվ Թրամփը, Թրամփի հետ էլ հայաստանյան վայ վերլուծաբաններն իրավունք չունեն ժամանակից շուտ երջանկանալու, թե վերջապես ԱՄՆ-ն վերագտավ իրեն ու տեսաք ինչ արեց: Ոչինչ էլ չի արել ԱՄՆ-ն, եթե չհաշվենք, որ մի քանի քայլով ավելի է մոտեցրել համաշխարհային աղետը: Թրամփին կարող ենք արագ հաղթանակի հասնելու այլ ճանապարհ հուշել: Եթե այդքան քաջ է, որ ռանչոյից է պատերազմ վարում, ապա թող հարվածի ռուսական ռազմաբազային եւ Հալեպը ռուսներից ազատագրի: Չի՞ կարող, ինչո՞ւ… Հաաա, հասկացանք` Թրամփը դեռ այդքան խմած չէ:



Ռուսաստանը, չնայած Թուրքիայի հետ ջերմացող հարաբերություններին, թուրքական բանակը կանգնեցրեց Ռաքքայի մոտ ու Անկարային հասկացրեց, որ «Եփրատի վահան» գործողությունն ավարտված է: Այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչ կձեռնարկի Ռուսաստանն ԱՄՆ-ի դեմ, եթե Թրամփը, իր գիշերային արկածախնդրությունից ոգեւորված, փորձի նաեւ ցամաքային գործողություն իրականացնել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ այլեւս, որ Սիրիայում ԱՄՆ ամենաչնչին պարտությունը հանգեցնելու է ապստամբությունների Եգիպտոսում, Թունիսում, Իրաքում, Լիբիայում եւ այլուր, որտեղ իբր կարգուկանոն է հաստատվել Վաշինգտոնի կողմից: Եվս մի սխալ քայլ Սիրիայում, եւ Թրամփը չի էլ մնա նախագահական աթոռին, այլ Սպիտակ տնից կմեկնի ուղիղ ռանչո` իր գեղեցկուհու հետ լոլիկ մշակելու:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ