Բախտակիցներ

Բախտակիցներ

Խորհրդարան անցած ուժերի մասին գրելը հեշտ է: Քաղաքական դաշտի այդ հատվածում տրամադրությունները հասկանալի պատճառներով պոզիտիվ են, մարդիկ ժլատ չեն հարցազրույցներ տալու հարցում, արդեն քաղաքական գործիչ են երեւակայում իրենց, ըմբոշխնում առաջիկա 5 տարիների գալիք հաճույքների սպասումը: Բարձր տրամադրությանն այստեղ մի փոքր խանգարում են ընտրակեղծարարությունների մասին (ընտրակաշառք, արձանագրող սարքերով զեղծարարություններ, կրկնաքվեարկություն, անհայտ հասցեներից ընտրողներ եւ այլն) աղմուկները, բայց դրանք էլ շուտով կլռեն, եւ խորհրդարան անցած ուժերի համար կսկսվի հայ ժողովրդին փրկելու թավշյա սեզոնը: Իշխանությունն իր դիրքերից, խորհրդարանական ընդդիմությունն էլ իր` գեղեցիկ երգեցողությամբ կյանքը կվերադարձնեն բնականոն հուն, որից այն դուրս էր եկել ԱԺ ընտրությունների թոհուբոհի ժամանակ:



Շնորհավորելով խորհրդարան անցած ուժերին` կցանկանայի մի բան հիշեցնել նրանց: Գուցե արտառոց հնչի, բայց դե ֆակտո դուք եք այսօր ժողովրդի հույսը: Ընտրվել եք, չեք ընտրվել, ավելիին էիք արժանի, թե փողոցում մնալուն` դա չէ հարցն այլեւս: Առաջիկա 5 տարիներին դուք եք ղեկավարելու երկիրը: Իսկ դա ձեզնից պահանջում է լրջություն եւ բոլորովին այլ որակի աշխատանք, որ չի եղել նախորդ խորհրդարաններում զանազան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Մի խոսքով` դուք եք լինելու առաջին եւ վերջին գիծը, դուք եք որոշելու երկրի արտաքին քաղաքականությունը, լուծելու տնտեսական եւ սոցիալական խնդիրները, որոշելու զարգացման ուղիները: Հա, խոստացած միլիարդների մասին էլ չմոռանաք:



Հետընտրական այս մի քանի օրերին նկատեցինք, որ հայաստանյան քաղաքական դաշտում նոր բաժանում է ի հայտ եկել, որը շատ դժվար է քաղաքական բաժանում անվանելը: Խորհրդարան անցած ուժերը հայտնվել են մի կողմում, չանցածները` մյուս, եւ միմյանց քննադատում ու «թույնում» են ոչ թե սեփական գաղափարախոսությունների ճնշման տակ, այլ զուտ մարդկային նախանձի: Ոչինչ, հայկական սովորություն է, կնախանձեն, կնախանձեն, բայց ժամանակի հետ կհամակերպվեն իրավիճակի հետ, եւ արտախորհրդարանական կյանքը եւս կընկնի հունի մեջ:



Երեւանի ավագանու ընտրությունները սառը ցնցուղ կլինեն դրանք «բոյկոտող» արտախորհրդարանական ուժերի համար: Նրանցից շատերը կընկալեն վերջապես, որ այդ ընտրություններին չեն մասնակցել, որովհետեւ գիտակցել են ժողովրդի կողմից իրենց մերժվածությունը: Ոմանց մոտ դա լավ կստացվի, ոմանք դատական գործընթացներում անլուր չարչարանքներ կրելուց հետո միայն կհասկանան, որ մերժված են, բայց, կրկնում եմ` ժամանակը կբուժի ամենախորը վերքերն անգամ, եւ քաղաքական կյանքը խորհրդարանի պատերից դուրս կընկնի իր հունի մեջ: Որ դա հնարավոր է, փաստում է նաեւ արտախորհրդարանական ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համաառաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ԱԺ ընտրությունների կապակցությամբ իր հայտնի «Նախնական արձագանքում» հայտարարել է. «Դիմելով, արդ, Հայ ազգային կոնգրեսի անդամներին ու համակիրներին, հարկ եմ համարում նշել, որ մեր օրակարգն ընտրությունների արդյունքներից ամենեւին չի փոխվել։ Մենք հսկայական անելիք ունենք խաղաղության գաղափարը հասարակության լայն շրջանակների հավատամքը դարձնելու ուղղությամբ»։



Թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԺԿ-ին ու նրա համակիրներին առանձնացրել ՀԱԿ-ից ու ՀԱԿ համակիրներից, դժվարանում եմ ասել, բայց մի բան հստակ է` Տեր-Պետրոսյանն արդեն հաղթահարել է նախանձի փուլը եւ միանգամայն հասկանալի քաղաքական ընթացքի մեջ է: Մնում է չարախնդալն էլ դադարեցնի, եւ ամեն ինչ ՕՔ կլինի: Այլապես ինչի՞ նման է սա. «Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքն» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտությունը»:



ՕՐՕ-ի հետընտրական հնարավոր ընթացքի մասին ասելիք չունենք: Այդ դաշինքի առաջնորդները տակավին չեն խոսել իրենց հետագա անելիքների մասին, եւ հույս էլ չկա, որ կխոսեն: Ավելին, թերթերը գրում են, որ դաշինքի երեք առաջնորդներից առնվազն երկուսը պատրաստվում են մեկնել ԱՄՆ մշտական բնակության: Մի բան հաստատ է` ՕՐՕ-ն դադարել է գոյություն ունենալուց, չնայած «Ժառանգության» տղաների` Արմեն Մարտիրոսյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի տառապանքին` հետ բերել եռամիասնությունն ու այն դարձնել քաղաքական միավոր: Թե ինչ գաղափարախոսությամբ եւ ինչ նպատակներ հետապնդող` դա էլ միայն իրենց է հայտնի: ՕՐՕ-ի փլուզման մասին է վկայում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը, որով նա աջակցություն է հայտնում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմությանը: Դա մի վերջին փորձ է` փրկելու գոնե «Ժառանգությունը», որի նախկին անդամները` Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը, նկատելի դերակատարում ունեն այդ ընտրություններում:



ՀՎԿ-ի ճակատագիրը, ի տարբերություն ՕՐՕ-ի, ավելի մշուշոտ է: Թեեւ ՀՎԿ-ին էլ է բաժին ընկել արտախորհրդարանական ուժի «դառնահամ» ճակատագիրը, բայց շուտ է ասելը, թե այն կփլուզվի՝ ինչպես ՕՐՕ-ն: ՀՎԿ-ում, չմոռանանք, կա ՕԵԿ, կա Արթուր Բաղդասարյան, այսինքն` առաջնորդ, որին ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ համեմատել Սեյրան Օհանյանի հետ, ով «զինվորական ուստավը» շփոթում է քաղաքական վարքականոնի հետ: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները կգնահատեն քաղաքական դաշտը մանրմունրներից մաքրելու ուղղությամբ Արթուր Բաղդասարյանի հանրօգուտ աշխատանքը, եւ մենք նրան կտեսնենք որեւէ պաշտոնում: Իսկ որտեղ Արթուր Բաղդասարյան, այնտեղ ՕԵԿ: Թող որ այն շարունակի կոչվել ՀՎԿ: Դրանից ՕԵԿ-ականների կոմֆորտը չի տուժում:



«Ազատ դեմոկրատներին» համակած նախանձի մասին կարելի է որոշակի պատկերացում կազմել այդ կուսակցություն-դաշինքի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկի`Ստյոպա Սաֆարյանի հետընտրական ֆեյսբուքյան գրառումներից միայն: Մյուսները լռում են` երեւի հասկանալով, որ Հայաստանում արեւմտյան կողմնորոշումը հնարավոր չէ ներսում առաջ տանել, առանց Արեւմուտքի աշխուժության: Արեւմուտքն էլ, գիտեք, ակտիվ մարդկանց է նախընտրում, իսկ Հրանտ Բագրատյանի, Խաչատուր Քոքոբելյանի կամ հենց Ստյոպա Սաֆարյանի մասին ասել, որ շատ ակտիվ են Արեւմուտքի ուշադրությունն իրենց վրա բեւեռելու հարցում, ճիշտ չի լինի: Նրանք այն մարդիկ են, որոնց, ինչպես հանրահայտ Շմայսը կասեր` «մանդատն էլ կայֆ չի տալըմ»: Նրանք լավ խորհրդականներ կլինեն, իսկ լավ խորհրդականները միշտ էլ պահանջված են:



Ամփոփեմ երկու խոսքով: Մեր քաղաքական ուժերը, թե խորհրդարանում, թե խորհրդարանի պատերից դուրս, պետք է հասկանան մեկ բան` իրենք բախտակիցներ են: Նրանց ճակատագիրը Հայաստանն է, ու դրանից փախչել, թաքնվել չկա: Կեղծ օրակարգեր մեջտեղ բերելը, ինքնակարեւորվելը, միմյանց նախանձել-փնովելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ են այսուհետ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ