Պատասխանատու մոմենտ

Պատասխանատու մոմենտ

Կարծում ենք` սխալված չենք լինի, եթե ասենք, որ ինչ-որ մեկը ճիշտ պահին, օգտագործելով ամենանուրբ հնարավորությունը, «փայ» մտավ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորական աթոռներում: Օրը ցերեկով Ծառուկյանից 8 մանդատ տարան, եւ դա այն դեպքում, երբ ամենակարող Ծառուկյանն արդեն հրապարակել էր դաշինքից խորհրդարան անցածների իր ցուցակը:



Որոշ քաղաքական գործիչներ, չնայած խելոք մարդու համարումին, շտապեցին այս «խայտառակությունը» բացատրել նոր ԸՕ-ի թերություններով: Նոր ԸՕ-ն, սակայն, այս ամենի հետ կապ չունի, որովհետեւ, առհասարակ, հնարավոր չէ որեւէ օրենքով կարգավորել առանձին վերցրած մեկ կուսակցապետի ու նրա ենթակաների հարաբերությունները: Իսկ «Ծառուկյան դաշինքում» տեղի ունեցածը հենց այդ դեպքն է: Պարզապես գտնվել է նախապես ինքնաբացարկի դիմումներ վերցնելու արատավոր պրակտիկայի հակաթույնը: Շատ հեշտ է նաեւ նկատել, որ մանդատի նկատմամբ մարդկանց իրավունքների վերականգնումը, թեեւ տեղի չի ունեցել դատարանի միջոցով (ճիշտը դա կլիներ), ԿԸՀ-ն ԸՕ որեւէ կետ չի նշել, որը «Ծառուկյան դաշինքի» ցուցակի 8 թեկնածուներին թույլ է տալիս մանդատ ստանալ նախապես ինքնաբացարկ տալուց հետո: Նրանք պարզապես եկել եւ հայտարարել են, որ փոշմանել են նախապես ինքնաբացարկի դիմում գրելու համար, Մուկուչյանն էլ շտապել է ըմբռնումով մոտենալ այդ մարդկանց խնդրանքին: Այսքան բան: Իսկ թե ինչու է Մուկուչյանն այդքան բարի գտնվել նրանց հանդեպ, դա արդեն ուրիշ պատմություն է, ուրիշ կինո, որ էկրան կբարձրանա 6-րդ գումարման ԱԺ-ում:



Վստահաբար՝ գործ ունենք քաղաքական բիզնեսի, ընդ որում, լավ կազմակերպված եւ կողմերի հավանությունը վայելող մի գործարքի հետ, որի ժամանակ թե «փայ մտնողն» է կուշտ, եւ թե փայ տվողներն են «թամամ»: Ոչ մի բողոք չկա, կատարյալ կոնսենսուս:



Գագիկ Ծառուկյանին այս իրավիճակում խաբվածի դերում ներկայացնելն առնվազն թեթեւամտություն է: Գագիկ Ծառուկյանը տուժած կողմ չէ: Դա է վկայում նաեւ այն 8 հոգու ցուցակը, որին մի հայացք ձգելուց հետո էլ պարզ է դառնում, որ դրանք այն մարդիկ չեն, որ կկարողանային «քցել» Ծառուկյանին: Արարատ Զուրաբյանին եթե հանենք, մնացածը քաղաքականապես կիսագրագետ մարդիկ են` կոճակ սեղմելու շատ հարմար: Այդ կոնտինգենտը 10 րոպեում առյուծների կեր կդառնար, եթե Ծառուկյանի հետ պայմանավորվածություն չլիներ: Սա հասկանում են բոլորը, բայց, չգիտես ինչու, չեն խոստովանում եւ նախընտրում են «վհուկների որսի» տարբերակը` արաա՛, տեսա՞ր ինչ եղավ, Ծառուկյանի փողերով մասնակցեցին ընտրություններին, հետո «քցեցին» խեղճ տղուն: Լա՜վ, էլի:



Պնդումներ կան, թե սա Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է, թե նա այսկերպ լուծեց բացարձակ մեծամասնության եւ երեք քառորդով միանձնյա որոշումներ կայացնելու հարցը: Այստեղ տրամաբանություն կա: Բայց մյուս կողմից էլ` դուք ե՞րբ եք տեսել Սերժ Սարգսյանին «տապոռով» գործ անելիս: Ուրեմն նրան պետք էր երեք քառորդի աջակցություն, եւ նա վերջին պահին, մեծ աղմուկով ու բախտի բերմամբ է ստանում այդ աջակցությունը, այո՞: Ասում են` նա «Ծառուկյան դաշինքով» խորհրդարան անցկացրեց իր հավատարիմ մարդկանց եւ «տեխնիչնի» ձեւով նրանց պոկեց դաշինքից: Քոռանամ ես, «Ծառուկյան դաշինքից» չպոկվածները, փաստորեն, ահավոր ընդդիմադիր ու անհավատարիմ են Սերժ Սարգսյանին, եւ Սերժ Սարգսյանն այս 8 հոգու հույսին էր մնացել…



Էդուարդ Շարմազանովը երդվում է, որ ՀՀԿ-ն, իմա` Սերժ Սարգսյանը, այս ամենի հետ կապ չունի, իսկ հակառակ պնդումներն ուղղակի անհեթեթություն են: Սա երեւի այն եզակի դեպքերից է, որ Շարմազանովին պետք չէ հավատալ: Մենք այսպիսի վերապահում ունենք` անհեթեթություն է մտածելը, որ ՀՀԿ-ում չեն իմացել, թե ինչ է լինելու:



Տեսեք որն է խնդիրը: Ծառուկյանը կարող էր այս 8 անձնավորությանն իր կազմած ցուցակով բերել խորհրդարան, եւ աղմուկ չէր լինի: Այդ դեպքում հարց է առաջանում` ո՞ւմ էր պետք այդ աղմուկը, ի՞նչ կա դրա տակ, ի՞նչ են թաքցնում գործարքի կողմերը, որոնցից մեկը «Ծառուկյան դաշինքն» է, իսկ մյուսը՝ ՀՀԿ-ն: Եթե կա Հայաստանում մեկ այլ քաղաքական ուժ կամ անհատ, որ կարող է մի հարվածով 8 մանդատի հարց լուծել, Թող Շարմազանովն ասի այդ ուժի կամ մարդու անունը: Իսկ գուցե Տիգրան Կարապետի՞չն է արել այս ամենը…



Դատելով այն հանգամանքից, որ մեկ օրում հանրահայտ դարձած 8-յակն «ընդդիմադիր» «Ծառուկյան դաշինքով» է մտել խորհրդարան, իսկ Ծառուկյանը հակառակի պես ընդդիմադիրի իմիջ չունի (իր խոսքով` Գագիկ Ծառուկյանը ո՞նց կարա ընդդիմադիր լինի), կարելի է սպասել, որ փորձ կարվի այս աղմուկը ծառայեցնել խորհրդարանում ընդդիմադիր մթնոլորտի խտացմանը: Օրենքով այդ պատգամավորները չեն կարող առանձին խմբակցություն ձեւավորել: Լավագույն դեպքում նրանք կարող են ազատ պատգամավորներ լինել, եթե «Ծառուկյան դաշինքում» նրանց շատ նեղեն կուրսից շեղվելու» համար: Իսկ ո՞ր խմբակցության դռները կթակի, օրինակ, Արարատ Զուրաբյանը:



Թե նա եւ թե մյուսները մեզ լացացրին` ասելով, որ թանկ են գնահատում ընտրողի քվեն: Իսկ ընտրողը նրանց հազարից մի քիչ ավելի քվե է տվել, որովհետեւ քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր դիրքերից են խոսել: Ի՞նչ է ստացվում: Խորհրդարանում ԲՀԿ-ից բացի կա եւս մեկ ընդդիմադիր խմբակցություն` «Ելքը»: Ի՞նչ կասեն Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը, եթե Արարատ Զուրաբյանը, դե յուրե լինելով անկախ, դե ֆակտո թակի նրանց դուռը: Չշտապենք եւ չշտապեցնենք «Ելքին», որի ուսերին է այսօր գցված գաղափարական ընդդիմության «յափնջին»… Շատ պատասխանատու մոմենտ է` ասեմ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ