Ընդդիմությունը պարտավոր է մի քիչ ավելի տաղանդավոր լինել, քան իշխանությունը

Ընդդիմությունը պարտավոր է մի քիչ ավելի տաղանդավոր լինել, քան իշխանությունը

Ընդդիմադիրներն իշխանավորներից պետք է մի փոքր ավելի տաղանդավոր լինեն: Տրամաբանությունը դա է հուշում: Այլապես ի՞նչ ընդդիմադիր, որ ավելի լավ բան չի առաջարկում: «Ելքը», ահա, ապացուցեց, որ ավելի տաղանդավոր է, քան ՀՀԿ-ն, որ իր իշխանության տարիներին այդպես էլ չկարողացավ ընտրակաշառքն այնպես տալ, որ դա հանցագործություն չդիտվի: «Ելքին» դա հաջողվեց անել մի քանի րոպեանոց քննարկումների եւ մեկ հատիկ ասուլիսի միջոցով: Եվ հիմա բոլորը, Տարոն Մարգարյանին մոռացած, «Ելքի» մասին են խոսում: Ինչպե՞ս չհիանաս:



«Ելքի» աշխարհացունց հայտարարությունը, թե իրենք ընտրակաշառքը հետո են տալու եւ օրենքով, ոմանք գնահատեցին որպես պոպուլիզմ եւ ընտրական տեխնոլոգիա: Իհարկե, դա էլ կա, բայց գերակշռողն այս ամենում այդ անմեղ բաները չեն, այլ այն, որ սա ընտրակաշառք առաջարկելու բոլորովին նոր եւ շատ ավելի հանդուգն ձեւ է, որի վրա, չգիտես ինչու, պատկան մարմինները չեն կենտրոնանում: Սա էլ երեւի պետք է վերագրել մեր ժողովրդավար էությանը: Հայաստանը հիրավի ազատ երկիր է:



Ես մեկին ասում եմ` ինձ ընտրես, դառնամ քաղաքապետ, քաղաքի բյուջեից քեզ փող կտամ: Զարմանում է` ո՞նց: Շատ պարզ, ես քեզ կհայտարարեմ «նախորդ իշխանությունների կողմից ընտրակաշառքի հարկադրված քաղաքացի», այսինքն՝ բարոյապես տուժած, եւ նյութական կոմպենսացիա կտամ կամ դոտացիա կտամ կրածդ չարչարանքի համար, որ դիմադրել ես ու չես ընդունել իշխանությունների ընտրակաշառքը: Մոտավորապես այսպիսի բան է երկնել «Ելքը»: Սրան պետք է հետեւեր Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին, առանց փողային նվագախմբի աջակցության ձեռնաշղթաներ հագցնելու անբռնազբոսիկ արարողությունը, բայց, ավաղ, հայրենի ոստիկանությունը վերջերս արձագանքում է միայն Նիկոլ Փաշինյանի ահազանգերին: Չմտնելով «Ելք»-ոստիկանություն հարաբերությունների արանքը, փորձենք ինքներս վերլուծել այս նոու հաուն` հաշվի առնելով հենց իրենց մեկնաբանությունները:
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա պարան է ընտրակաշառքի փոսի մեջ հայտնվածների համար, որ կախվեն եւ դուրս գան փոսից: Հարգելի Նիկոլ Փաշինյան, Աղստեւում ձուկ բռնած կա՞ս… Շատ բարի: Եվ, ուրեմն, կարթաթելը պարան է, որ ձկները կառչեն այդ պարանից եւ դուրս գան ջրից: Ստացվում է, որ «Ելքը» ձուկ է բռնում` պարանը կախել է «ընտրակաշառքի հարկադրված քաղաքացիների» մեջ, խայծն էլ ամրացրել` 15 հազար, եւ սպասում է, թե ով կուլ կտա: Փաստորեն, «Ելքը» ձկնորսությունը դարձնում է քաղաքական կատեգորիա: Ճի՞շտ ենք հասկացել…



Գնանք առաջ: Երկու խոսք` խայծի մասին: Նիկոլ Փաշինյանն ասում է. «Այն քաղաքացիները, որ Երեւանի ավագանու ընտրություններում մեր հաղթանակից հետո համապատասխան դիմում կներկայացնեն Երեւանի քաղաքապետարան եւ կասեն, որ իրենք հրաժարվել են ընտրակաշառքով քվեարկելուց, այդ քաղաքացիները կոնկրետ չափի սոցիալական աջակցություն կստանան, մեր նախնական հաշվարկներով՝ մոտավորապես 15 հազար դրամի չափով»։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, գիտի, որ սոցիալական աջակցությունը տալիս են սոցիալապես անապահով խավերին` որոշակի սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով: Բայց երբ մի շատ հայտնի քաղաքական գործիչ ընտրություններից առաջ սերմացու, դիզվառելիք, տուկի թել, ձրի բուժօգնություն էր հասցնում սոցիալապես անապահով մեր հայրենակիցներին, Փաշինյանը հայտարարեց` Ծառուկյանն ընտրակաշառք է բաժանում։ Իսկ եթե Ծառուկյանը խոստանար, իր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում, այդ ամենը եւ մի բան էլ ավելի տալ, Փաշինյանի համար դա ընդունելի կլինե՞ր: Չենք կարծում: Այն ժամանակ նա ավելի բարձր կբղավեր․ մեր` հարկատուներիս վճարելիք հարկերի հաշվին է նախընտրական խոստումներ տալիս: Եվ, ուրեմն, ինչո՞ւ պետք է Երեւանի բյուջեն դրվի «Ելքի» ընտրողների տրամադրության տակ:



Մեկ այլ նրբություն: Ենթադրենք՝ ես անկաշառ երեւանցի եմ եւ իմ ձայնը տալիս եմ «Երկիր ծիրանի»-ին: Արդյոք կարո՞ղ եմ ընտրություններից հետո նամակ գրել Երեւանի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանին եւ պահանջել իմ հասանելիք 15 հազարը: Ի դեպ, ՀՀԿ-ին ձայն տվողների մեջ էլ քիչ չեն առանց ընտրակաշառքի քվեարկողները: Դուրս է գալիս, որ նրանք էլ կարող են նամակ գրել Փաշինյանին եւ 15 հազար պահանջել, որովհետեւ «Ելքի» հայտարարությունից չի երեւում, թե հատկապես որ ուժին առանց կաշառքի քվեարկած քաղաքացիներին են դոտացիա տալու: Ինչքան հին շոր ունես, հագնում ես, գնում ես քաղաքապետարան եւ մեկ պատուհանից նամակ ես գրում քաղաքապետ Նիկոլ Փաշինյանին, որ այսպես ու այսպես, հրաժարվել եմ Տարոն Մարգարյանի առաջարկած 10 հազարից: Հետո, ինչպես Փաշինյանն է ասում, գնում ես բանկ եւ ստանում քո 15 հազարը: Կատարյալ ռոմանտիկա:



Հետաքրքիր է նաեւ, թե ինչպես են «Ելքում» հաշվարկել ապագա «սոցիալական աջակցության» չափը` 15 հազար: Հաշվարկներ իրոք կա՞ն, թե՞ թիվ են կրակել` ելնելով նախընթաց ընտրությունների ժամանակ շրջանառված 10 հազարից: Երեւանում մոտ 500-600 հազար մարդ կարող է ճարվել, որ կմերժի ընտրակաշառքը: Եթե այդ թիվը բազմապատկենք 15 հազարով, ապա կստացվի յոթ միլիարդ 500 միլիոն: Պատկերացրեք, որ նման գումար խոստացող «նորընտիր» քաղաքապետն իր գլխին «բազար կսարքի», եւ նրան շատ արագ ելք կանեն քաղաքապետարանի բազմաթիվ մուտքերից մեկով:



Լավ, շատ չնյութականացնենք հարցը, մանավանդ, որ այն պարզապես վառ երեւակայության արգասիք է եւ անիրագործելի, ինչպես «Ելքի», ՀՀԿ-ի եւ «Երկիր ծիրանի»-ի բազմաթիվ խոստումներ: Օրերս «ընտրակաշառքի չհարկադրված» մի ֆրանսիացի հանճարեղ քվեարկություն էր կատարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ: Մաքուր քվեաթերթիկի հետ նա ծրարի մեջ լվացքի մեքենայի նկար էր դրել ու մակագրել` «Ընտրեք լվացքի մեքենային, որովհետեւ միայն լվացքի մեքենան է կատարում իր ծրագիրը»: Հայաստանյան ընտրություններում մենք գրեթե միշտ գործ ենք ունենում այնպիսի ստախոսների հետ, որոնց չի կարելի համեմատել որեւէ բանի հետ: ԱԺ-ում այսօր 105 պատգամավոր կա, որից 95-ն ընտիր ստախոս է: Նրանց նախընտրական ծրագրերը տվեք ստի դետեկտորին եւ կհամոզվեք դրանում: Կարող ենք ասել, որ խորհրդարան են անցել հենց նրանք, որոնք ավելի մեծ սուտ են ասել: «Ելքն» այս առումով գերազանցեց նույնիսկ ինքն իրեն` ստերին ավելացնելով նաեւ «Կիկոսի մահը» հեքիաթը․ «գնացի ընտրության, կարթս նետեցի, միամիտ ձկներ բռնեցի, Նիկոլը քաղաքապետ դարձավ, վեր ելավ աշտարակը… ջան Նիկոլ ջան, դե փողերը տուր, այլապես` ելք չկա»:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ