Անդրոպովից հետո՝ թեկուզ Չերնենկո

Անդրոպովից հետո՝ թեկուզ Չերնենկո

ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստի որոշումը՝ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել Արա Բաբլոյանին, ինձ ակամա հիշեցրեց խորհրդային տարիների տագնապալի այն օրերը, երբ էն աշխարհ գնացած Բրեժնևին իրար հետևից սկսեցին փոխարինել գենսեկներ, որոնք գենսեկի պաշտոնի հետ ժառանգում էին նաև Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնն ու էլի գնում էն աշխարհ: Ամեն ինչ այնքան արագ էր կատարվում, որ նույնիսկ անեկդոտներ էին շրջանառվում այդ թեմայով: Ասում էին՝ որոշել են ողջ Պոլիտբյուրոյի ծերանոցը գենսեկի մակարդակով էն աշխարհն ուղարկել:



Դե լավ, տխուր բաներից չխոսենք, քանի որ ՀՀԿ-ում տոն է, հարյուրավոր ՀՀԿ-ականներ պաշտոններ են ստանալու, քեֆ-քեֆի հետևից են անելու: Բայցևայնպես պետք է ընդգծել, որ ԱԺ առաջին նիստից էլ առաջ ՀՀԿ-ն դրժեց իր խոստումներից թերևս ամենակարևորը՝ հրապարակ բերել նոր և թարմ դեմքերի, փորձել մտածողություն ու մոտեցում փոխել: Արա Բաբլոյանի առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում արդեն իսկ հուշում է, որ հազիվ թե առիթ ունենք նորության մասին երազելու: Իսկ եթե հաշվի առնենք նաև Գալուստ Սահակյանի՝ լրատվամիջոցների հետ շփվելու անպրոբլեմայնությունն ու լրագրողներից երբեք չնեղանալու ոսկի բնավորությունը, ապա կարելի է հստակ ասել, որ ՀՀԿ-ն մեկ քայլ հետ է կատարել նույնիսկ Գալուստ Սահակյանի մտածողությունից ու մոտեցումներից:



Կարծեմ Սեյրան Սարոյանն էր ասել՝ «Բաբլոյանը «մուդրի» մարդ ա, ի՞նչ կա որ, թող լինի»: Բան չասինք: ԱԺ-ում այսօր պատգամավորներ կան, որոնց համեմատ 4-րդ դասարանի երեխան էլ է «մուդրի»: Խնդիրն այս դեպքում խելացիությունը չէ: «Մուդրին», ինչպես ասում են, Աֆրիկայում էլ է «մուդրի»: Բաբլոյանն իր քաղաքական տաղանդը կարող էր ողջ ծավալով իրացնել նաև պատգամավորի դիրքում, և որևէ անհաղթահարելի պատճառ չկար նրան այդ հասակում ԱԺ նախագահի աթոռին նստացնելու:



Կարծիք կա, որ Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի պաշտոնում նշանակելով՝ Սերժ Սարգսյանը հոգացել է, որ ԱԺ ղեկավարը վարչապետի մարդը չլնի և, եթե, «чем черт не шутит?», ինքը 2018-ին միտքը փոխի և որոշի վարչապետ դառնալ, ապա չնախատեսված դժվարությունների չհանդիպի: Սրա ճիշտն ու սուտը միայն Սերժ Սարգսյանը գիտի, սակայն տրամաբանության հատիկ, այնուամենայնիվ, կա դրա մեջ: Պատահական չէ, ուրեմն, որ ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստի ժամանակ նախագահը ՀՀԿ-ականներին հորդորել է շատ արագ վարչապետի պաշտոնում նշանակել Կարեն Կարապետյանին, որպեսզի ավելորդ «խոսակցություններ» չլինեն: Իսկ ի՞նչ խոսակցություններ կարող էին լինել: Ձգձգելու դեպքում, բնականաբար, խոսելու էին, թե գործող վարչապետին ՀՀԿ-ում այլևս չեն սիրում:



Էդիկ Անդրեասյան