Հայաստանում չե՞ն եղել ու չկա՞ն կանայք, ովքեր խիզախություն են դրսևորել առանց էպոտաժի ու «սեռական թրենդի»

Հայաստանում չե՞ն եղել ու չկա՞ն կանայք, ովքեր խիզախություն են դրսևորել առանց էպոտաժի ու «սեռական թրենդի»

ԱՄՆ կառավարության անունից աշխարհի 11 այլ կանանց թվում առաջին անգամ հայ կնոջը՝ Լյուսի Քոչարյանին, հանձնվեց «Խիզախ կին» մրցանակ՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ձեռքից։ ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն 14-րդ տարին կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությանը նման մրցանակներ է շնորհում տարբեր երկրներում (Նիկարագուա, Պակիստան, Չիմբաբվե, Բոլիվիա եւ այլն) բացառիկ խիզախություն ցուցաբերած այն կանանց, ովքեր պաշտպանել են երեխաներին ու կանանց, դարձել «առաջատար ձայն»՝ ընդդեմ հոգեբանական, կենցաղային եւ ֆիզիկական բռնության։ Լյուսին ինքը ԱՄՆ-ից իր բարձր պարգեւը մեկնաբանեց այսպես․ «Մեսիջս նույնն ա մնում՝ կուլ մի գնացեք ամոթին, ադաթներին, վիքթիմ-բլեյմինգին, սպառնալիքներին, շանտաժներին, եթե հոգեբանական, ֆիզիկական, սեքսուալ կամ գենդերային հիմքով բռնության զոհ եք, բողոքեք, դիմեք, պահանջեք, պատասխանատվության ենթարկեք, հետեւողական եղեք ձեր երեխաներին, հատկապես աղջիկներին, հավատացեք նրանց պատմություններին, առաջնայնությունը տվեք նրանց հոգեբանական ու ֆիզիկական առողջությանը, այլ ոչ թե կուսաթաղանթին, չխայտառակվելուն կամ չվարկաբեկվելուն»։ Մի քիչ էլ հանդիմանեց «թարախ շնչող, եզաբնույթ հայտնի ու անհայտ անձանց»։

Լյուսին լայն հանրությանն առավել հայտնի դարձավ իր «Բռնության  ձայնը» հեշթեգով ներկայացվող բռնության պատմություններով, իսկ մինչ այդ որպես սեքս-բլոգեր ու փորձագետ էր հանդես գալիս՝ խոսում էր սեքսուալ տաբուների, օրալ սեքսի, հայ կնոջ ու հայ տղամարդու անբավարարվածության ու բարդույթների, սեքս-շոփերի ու վիբրատորների մասին։ Bravo ամսագրի էջերում երիտասարդ կինը մեծ թվով ընթերցողներ ուներ եւ ազատամիտ կնոջ համբավ։
Հայաստանյան լայն հանրությանը Լյուսին առավել ճանաչելի դարձավ, երբ Հայաստանում հրատապ դարձավ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, եւ նա Bravo-ի էջերից ու ֆեյսբուքյան գրառումների հարթակից ուղիղ վայրէջք կատարեց դեպի գերքաղաքականացված, գերզգայուն թեմա, որն առնչվում էր մեծ քաղաքականության հետ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացնել-չվավերացնելու հարց։ Նկատենք, որ Ստամբուլյանին ու ԼԳԲՏ համայնքին առնչվող թեմաները մեր հասարակության ամենացավոտ ու զգայուն թեմաներն են, որոնց հետ պետք է զգույշ վարվել։ Լյուսին նաեւ հայտնի նիկոլական է, Արսեն Թորոսյանի մտերիմը, եւ բնական է, որ հասարակության հականիկոլական հատվածն անմիջապես կասկածեց նրա հրապարակած բռնությունների պատմություններին, որոնց համար այսօր նա ամերիկյան կառավարությունից ամենաբարձր պարգեւն է ստանում, որին մինչ այժմ որեւէ իրավապաշտպան Հայաստանում չի արժանացել։

Ի դեպ, պարգեւի հանձնման արարողությանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետի տիկինը։
Ստամբուլյանի դեմ պայքարն իր հաղթաթուղթը դարձրած ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը երեկ դիմել է ոստիկանություն՝ հարցմամբ, թե արդյոք իրակա՞ն էին նրա պատմությունները՝ բռնության մասին։ Մոտ կես տարի առաջ ոստիկանությունը նմանատիպ հաղորդումներին տվել էր մի ոչինչ չասող պարզաբանում, որ «ոչ մի օգտատիրոջ ինտերնետային էջ լրատվամիջոց չի հանդիսանում, եւ դրանցում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված, աղբյուրների, հանցագործության մասին հաղորդում չեն հանդիսանում»։ Նաեւ ասել էին, որ չէին կաշկանդվի հանցագործության մասին հաղորդումների բացակայությունից, «եթե օպերատիվ ճանապարհով ստացված լինեին կատարված սեռական բնույթի հանցագործությունների մասին բավարար տեղեկություններ, բայց, ցավոք սրտի, նման տեղեկություններին բնորոշ է լատենտայնությունը, որը կարող է հաղթահարվել մի դեպքում՝ եթե տուժած անձինք սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն ոստիկանություն»։ Այսինքն՝ փաստեր չունենք եւ վերջ։

Բայց մրցանակաբաշխությունից հետո շատերն են հարց բարձրացնում՝ արդյոք Հայաստանում մինչ օրս չե՞ն եղել ու չկա՞ն կանայք, իրավապաշտպաններ, լրագրողներ, փաստաբաններ, քաղաքական գործիչներ, որոնք երեխաների, կանանց, ծերերի, հաշմանդամների ու այլ խնդիրներով զբաղվելու խիզախություն են դրսեւորել՝ առանց էպոտաժի ու «սեռական թրենդի»։ Եթե կան, ինչպե՞ս է, որ մինչ օրս չեն հայտնվել ԱՄՆ կառավարության տեսադաշտում։