Ի՞նչ չեն արել «մերժվածները», որն արեց Փաշինյանը. լավ-լավ բաներ՝ վարչապետի մասին

Ի՞նչ չեն արել «մերժվածները», որն արեց Փաշինյանը. լավ-լավ բաներ՝ վարչապետի մասին

Փաշինյանի կառավարությանը կարելի է անդադար քննադատել. վարչապետն իր գործունեությամբ քննադատության անսպառ աղբյուր է, եւ անգամ ամենաօպերատիվ լրագրողները չեն հասցնում անդրադառնալ ամեն օր թույլ տված նրա սխալներին, վրիպումներին: Փաշինյանի կառավարությունը բավականին խոցելի է, խոցելի էր նաեւ Փաշինյանին նախորդած՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, որը նույնպես ուներ բազմաթիվ, մեղմ ասած, սխալներ: Բայցեւայնպես, ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունների օրոք եղել են ու կան ինչպես քննադատելի, այնպես էլ՝ դրական երեւույթներ: Փաշինյանի կառավարությունը չարդարացրեց հասարակության մեծ սպասելիքները, քանի որ հեղափոխական Նիկոլն իշխանության գալիս պարզապես խոստումներ էր շռայլում, դրանց համար շատ բարձր նշաձող էր վերցրել՝ առանց հաշվի առնելու դրանց իրականացման իր անձնական, արտաքին օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հնարավորությունները: Հասարակությունն այնպիսի վստահությամբ Փաշինյանին բերեց իշխանության, ինչպիսին, կարելի է ասել, չի ունեցել մեր երկրի որեւէ նախագահ: Բայց կարճ ժամանակ անց սկսվեց հիասթափության շրջանը: 

Եվ, այնուամենայնիվ, եղան խնդիրներ, որոնք երկար տարիներ ծառացած էին ՀՀ իշխանությունների առջեւ, բայց մնում էին անլուծելի, եւ պետք է ասել, որ Փաշինյանի կառավարությունն այդպիսի որոշ խնդիրների լուծում տվեց: Մենք անդրադարձել ենք վարչապետի հրապարակած 100 փաստին ու դրանց մեծ մասի «փուչիկ» լինելուն, բայց դրանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց համար, իսկապես, Փաշինյանն իրավունք ունի գլուխ գովել: Օրինակ՝ կառավարության որոշմամբ 1.9 մլրդ դրամ է հատկացվել մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրեր տրամադրելուն, ինչը 2003 թվականից չէր արվում: Այսինքն, 17 տարի շարունակ ՀՀ իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունները մանկատների շրջանավարտների առաջ: Նման գումարներ պարզապես ինչ-որ պահից այլեւս չեն հատկացվել պետբյուջեից: Մանկատան շրջանավարտները դարձել են հասուն մարդիկ, հաղթահարել են տարբեր դժվարություններ, առանց այն էլ իրենց դժվար կյանքի առաջ ծառացած, եւ տարիներ շարունակ բողոքել են՝ պահանջելով իրենց հասանելիք բնակարանները: 2018-ի իշխանափոխությունից հետո, հենց առաջին մեծ տոնական միջոցառմանը՝ անկախության օրվա առիթով, նրանք կառավարության շենքի առաջ էին՝ իրենց ընտանիքներով, երեխաներով, եւ պահանջում էին խոստացված բնակարանները: Փաշինյանի կառավարությունը հայտարարեց, որ 300 շրջանավարտի հարցը կլուծվի, մնում է հետեւել այդ հարցի լուծմանը։ 

3 տասնամյակից ավելի է անցել 88-ի ավերիչ երկրաշարժից: Աղետից հետո արտերկրից Հայաստան եկան ահռելի ֆինանսական միջոցներ, որոնցով կարելի էր վերացնել աղետի գոտին, լուծել անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները: Բայց այդ փողերը ծախսվեցին, իսկ տնակները մնացին։ Գյումրիում եւ աղետի գոտու մի շարք համայնքներում ցայսօր էլ մարդիկ շարունակում են ապրել տնակներում: Ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ն եւ մյուս քաղաքական ուժերը գնում ու փուչ խոստումներ էին տալիս մարդկանց, հետո մոռանում այդ խոստումների մասին: Պետք է նշել, որ այս տարի նախատեսված է վերջնականապես լուծել այդ խնդիրը՝ աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:  Կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 մլրդ դրամ, իսկ 2020-ի բյուջեում այդ գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են, եւ 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել եւս 3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կարող է լուծված լինել 453 ընտանիքի բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: 

Նախորդ իշխանությունների համար երկար տարիներ հարստանալու լավ աղբյուր է եղել ճանապարհաշինության ոլորտը: Հսկայական գումարներ էին «լվացվում» հանրապետության ճանապարհների վրա: Մինչդեռ դրանք ոչ թե վերանորոգվում, կառուցվում կամ բարեկարգվում էին, այլ՝ ընդամենը կարկատվում: Այդ կարկատանները մեկ տարի անց նորից դառնում էին փոսեր ու անհարմարություններ ստեղծում վարորդների համար: Զերծ մնանք Փաշինյանի ներկայացրած թվային տվյալներ մեջբերելուց՝ այդպիսի տվյալներ հրապարակում էին նաեւ նախորդ իշխանությունները, բայց անցած տարի նորոգվել են մի շարք ճանապարհներ, եւ լավորակ աշխատանք է կատարվել: Թեեւ արձանագրենք, որ նոր ճանապարհներ չեն կառուցվել, եւ Հյուսիս-հարավ ուղին էլ սառեցված է։ Արձանագրենք, որ վերջին տարում հանրապետության տարբեր մարզերում մեքենաներով երթեւեկողներն իրենց գոհունակությունն են արտահայտում ճանապարհներից: 

ՀՀ-ում դեռեւս ապրում են մարդիկ, ովքեր բռնագաղթել են Ադրբեջանից եւ դեռեւս ապահովված չեն բնակարանով, այս տարի կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ դրամ կտրամադրվի 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծմանը։ Այս խնդիրը նույնպես պետք է ավելի վաղ լուծված լիներ: 

2020-ի հուլիսի 1-ից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր՝ 6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ, նախկին 150 հազարի փոխարեն։ 2020-ի հուլիսի 1-ից մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազարից կդառնա 26 հազար 500 դրամ։ Նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունները կունենան երկարօրյա խնամքի եւ ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կկազմակերպվի խնամք՝ ժամը 08:30-19:00-ն: Նման ծրագիր կարող էր իրականացվել ավելի վաղ:

Մայրաքաղաքում կան վթարային շենքեր, որոնց բնակիչները երկար տարիներ ահազանգում էին իրենց բնակարանային խնդիրների մասին, բայց նրանց բողոքի ձայնը տեղ չէր հասնում: 2020-ից Երեւանի քաղաքապետարանը սկսում է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիրը. կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչները: Հին հինգհարկանի շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր: