Թուրքերը վախեցնում են, որ ժողովուրդը չտանի անասունն այնտեղ, բայց տարածքը մերն է

Թուրքերը վախեցնում են, որ ժողովուրդը չտանի անասունն այնտեղ, բայց տարածքը մերն է

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ադրբեջանցիների նկատմամբ ջայլամային վերաբերմունք ունի։ Որքան ավելի վատ են վարվում վերջիններս մեր գյուղացիների եւ նրանց անասունի հետ, Վաղարշակ Հարությունյանն այնքան ավելի խորն է գլուխը հողի մեջ խոթում։ 

ՀՀ լրահոսի հերոս՝ արավուսցի հովվին, որն ապրիլի 18-ին ընդամենը կես կիլոմետր է իր տնից այն կողմ տարել անասունը, ադրբեջանցիների դիրքին 50 մետր չհասած, 3 զինված ազերիներ, ինչպես հովիվը հետո պատմել է ՄԻՊ աշխատակիցներին, զենքով են սպառնացել, փորձել են քարշ տալ իրենց խրամատ, հայհոյել են, իսկ երբ տեսել են, որ մեր կողմից օգնություն է հասնում, խփել են աչքին։ 

Միջադեպն ԱԺ-ում ներկայացվում է ընդամենը որպես քաշքշուկ։ Վաղարշակ Հարությունյանն էլ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ լսելով «Լուսավորի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցը հովվի մասին, հայ հովիվներին ընդամենը հորդորում է՝ խելոք մնալ եւ չանհանգստացնել ադրբեջանցի սահմանապահներին։ Իհարկե, ԺՊ Հարությունյանը չէր կարող հենց այս բառերով արտահայտվել ԱԺ բարձր ամբիոնից, բայց իմաստը հենց սա է։ «Այս միջադեպերը կլինեն, պետք է եզրակացություն անենք եւ ամեն ինչ անենք, որ հովիվը չգնա եւ մոտենա ադրբեջանական դիրքերին»,- ասաց նախարարը:

Մնում է, որ Վաղոն մի սեմինար էլ կազմակերպի անասունների համար, որ չմոտենան ադրբեջանական դիրքին եւ ճանաչեն հայրենի սահմանը։ Շատ կարեւոր է, որ սեմինարը կազմակերպեն ոչ թե միջադեպի մասնակից անասունների համար, այլ՝ բոլորի, որովհետեւ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը վստահեցնում է, որ արավուսցի հովվի աչքին խփելու հաջորդ օրն իսկ միջադեպը կրկնվել է։  

«Հաջորդ օրն էլ նորից մի ուրիշն էլ ա եղել, տարել ընդեղ, վերեւից իջել են թուրքերը, մի 100 մետր ներքեւ, գոռգոռացել են, որ չբերեք անասուններն այդտեղ։ Գոռգոռում են, վախեցնում են, որ ժողովուրդը չտանի այնտեղ արածացնելու, բայց տարածքը մերն է, իրանք իրանց պոստից իջել են մի 50 մետր ներքեւ։ Հիմա մենք իրանց պոստից 5-10 մետր հեռավորությամբ պոստ ենք դրել ու գծի վրա կանգնել»,- ասում է համայնքապետը։ 

«Ինադի» գործոնը ՀՀ սահմաններին այսօր ակտուալ է, քան երբեւէ։ «Իրանք գծի վրա են կանգնած, մենք էլ գծի վրա կանգնենք»,- բացատրում է Շադունցը։ Տարբերությունն այն է, որ նրանք իրենց պետականորեն հաստատված գիծն ունեն, իսկ մերոնք չունեն, մերոնք իրենք են իրենց համար գիծ սարքում։ «Դրա դիմացի մեր դիրքն ավելի իշխող ա եղել, ավելի հեշտ էր ամբողջ տարածքը դիտարկելը, ուղղակի տեսել ենք, որ իրանք մեր հովիվներին տենց են վերաբերվում, իջել ենք ձորը, կանգնել»։ 

Տեղի գյուղապետը համամիտ է՝ ՊՆ-ից զոհեր ու վիրավորներ դեռ չեն եղել, բայց նախարարի պաշտոնակատարի միտքը, որ «տեղեր կան, որտեղ մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակն է», կտրականապես հերքում է․ «Հաստատ իրանք 50 մետր հետ գնացող չեն։ Եկեք Խնածախում նայեք, որ գծի վրա նենց տոչկա են դրել, որ իրանց պետք չի։ Ուղղակի իրենք դրել են այնտեղ, որ գյուղն անմիջապես իրանց բռի մեջ հայտնվի, 150 մետր մեզանից այն կողմ կանգնել են»։ 

- Այսինքն՝ սա անզգույշ հովիվների ու անասունների պատմություն չէ, այլ զուտ տարածքին տիրանալու պայքա՞ր է։

- Այո, սա մեր ներվերի վրա ազդելու գործիքակազմ է, որը մենք հաշվի չենք առնում, բայց դա լուրջ բան է։ 

- Իսկ պաշտպանության նախարարի ԺՊ-ի պնդումը, թե պետք է հովիվներին զգուշացնել, որ չմոտենան ադրբեջանական դիրքի՞ն…

- Հովիվին ի՞նչ զգուշացնես, է՜։ Էդ հովիվն ինձանից էլ, քեզանից էլ, դելիմիտացիա անողից էլ լավ գիտի իրա սահմանը։ Ես նրան ի՞նչ զգուշացնեմ։ Ինքը 100 տարի ապրել ա էդ հողի վրա, ինքն իրավունք չունի՞ անասունին իր հողում արածացնի։ Էդ ո՞նց ա, դու գալիս ես, իմ հողի վրա պոստ ես դնում, իսկ իմ հովիվն իրավունք չունի սահմանագծին 50-100 մետր մոտենա արածացնի՞, ընդ որում՝ արոտավայրեր էլ չունի։ Դու ո՞նց ես մեղադրում հովիվին։ Եթե անցած լիներ սահմանը, մեղադրի, բայց չի անցել։ 

Տեղի գյուղապետը գտնում է, որ հովիվը մեղավոր չէ, որ անասունն անցնում է թուրքի կողմը։ Մեղավորը միջգերատեսչական հանձնաժողովն է։ «Եկել է այստեղ, մենք պայմանավորվել ենք, որ բերեն այստեղ փշալար քաշեն։ Թող բերեին, քաշեին»։ 

Կոռնիձորի վարչական շրջանի ղեկավար Արայիկ Պետրոսյանը հայտնեց, որ մի շաբաթ առաջ գյուղից 6 ձի է գնացել թուրքի կողմը։ Մեկը հետ է վերադարձել։ Ռուսներին էլ են խառնել, բայց մինչեւ հիմա հետ չեն եկել այդ ձիերը։ Տարե՞լ են։ «Որ չեն տարել, ո՞ւր են»,- պատասխանում է գյուղապետը։ 

- Պաշտպանության նախարարն ասում է, որ սահմանները շատ լավ պահվում են, անվտանգությունը ապահովված է։ Դուք ի՞նչ կասեք։  

- Կոռնիձորը 23 կմ սահման ունի Ադրբեջանի հետ։ Ճիշտ կլինի, եթե բանակը բերեն կանգնեցնեն, սահմանը պահեն։ Բա գյուղացին հոգնած, արեւի տակ աշխատելուց հետո գնում է, էդ վիճակում պոստ է պահում, քանի՞ օր կարա պահի։ Մի օր էլ կմեռնի։ Եթե ղեկավարն ասում է՝ Սյունիքի անվտանգությունն ապահովված է, կակռազ ամառ է, թող առանց թիկնապահների ընտանիքը վերցնի, մենք տեղ կտանք, գա մի ամիս ընտանիքով մնա, հանգստանա, որ սահման պահողի ղադրը իմանա։ Թող գան, ընտանիքով ստեղ ապրեն, տեսնենք՝ կարա՞ն ապրեն, նոր խոսան մեծ-մեծ։ 

- Գա անասո՞ւն պահի, որ հովիվների հալը հասկանա։ 

- Չէ, թող չպահի, ինքը թող գա, հանգիստ, ընտանիքով քշերը կարողանա քնի, եթե ապահով է… Թող մտածեն անվտանգության համար, ժողովուրդն էլ իր տներում ապրի։